ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանից շորթում կատարելու մեջ մեղադրվող՝ analitik.am կայքի տնօրեն Անի Հովհաննիսյանը հրաժարվել է առերեսումից: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Անի Հովհաննիսյանի պաշտպաններից Սուսաննա Սարգսյանը:
«Անի Հովհաննիսյանն էլ, մենք էլ՝ իր պաշտպանները, հրաժարվել ենք մասնակցել որեւէ գործողության, քանի որ Անի Հովհաննիսյանին առաջադրված մեղադրանքը անհիմն է, նա հրաժարվել է այդ մեղադրանքի շուրջ որեւէ գործողության մասնկացել»,- ասաց պաշտպանը:
Հիշեցնենք, որ ըստ ոստիկանության տարածած հաղորդագրության՝ մայիսի 2-ին ՀՀ ԱԺ պատգամավորներից մեկը ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ-ում հաղորդում է տվել, որ «analitik.am» լրատվական կայքի տնօրենը կայքում պարբերաբար իր անձի, ընտանիքի անդամների, ինչպես նաեւ իր` որպես ԱԺ պատգամավորի գործունեությանը վերաբերող սուտ տեղեկատվություններ, զրպարտություններ եւ վարկաբեկիչ այլ նյութեր հրապարակելու կապակցությամբ հանդիպումներ է ունեցել իր հետ, որոնց ընթացքում, անդրադառնալով կայքի նախկին հրապարակումներին, դրանք չդադարեցնելու եւ հետագայում նմանատիպ հոդվածներ հրապարակելու սպառնալիքով իրենից պահանջել է յուրաքանչյուր ամիս վճարել 300.000 դրամ:
Այնուհետեւ, կայքի տնօրենի ներկայացրած պահանջի կապակցությամբ պատգամավորի անունից բանակցություններ է վարել նրա ներկայացուցիչը: Բանակցությունների ընթացքում նրանց միջեւ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ պահանջվող 300.000-ական դրամը, նախապես պայմանավորված որեւէ վայրում, մինչեւ յուրաքանչյուր ամսվա 5-ը պետք է վճարվի կամ կայքի տնօրենին, կամ նրա օգնականին:
Մայիսի 3-ին ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ կոռուպցիայի եւ տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, ըստ նախնական պայմանավորվածության, ժամը 15-ի սահմանում, Երեւանի Նալբանդյան փողոցում գործող սրճարաններից մեկում, շորթման առարկա հանդիսացող 300.000 դրամ գումարը վերցնելուց հետո փաստով կայքի տնօրենի օգնական, ինքը եւ մամուլի ակումբի ղեկավարը բռնվել եւ բերման է ենթարկվել ԿՀԴՊ ԳՎ:
Անի Հովհաննիսյանին ու նրա օգնական Վարդիթեր Գիշյանին մեղադրանք է առաջադրվել շորթման հատկանիշներով:
Անի Հովհաննիսյանը կալանավորված է, Վարդիթեր Գիշյանը ազատության մեջ է:





























