Քառօրյա պատերազմի ժամանակ Արցախում վիրավորված Ռուբեն Առաքելյանի բուժման համար վճարում են ՊՆ արտաբյուջետային միջոցներից: Այդ միջոցներից Բոննի համալսարանական կլինիկային են փոխանցել 43 հազար եվրո: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Երեւանի ավագանու անդամ Անահիտ Բախշյանը:
Նրա խոսքով՝ այդ կլինիկայում Ռուբենի համար մեծ զեղչ են արել: «Այնտեղ բուժումն իրոք շատ թանկ է, սակայն ի՞նչը կարող է ավելի թանկ լինել, քան զինվորի կյանքը»,- հարցրել է նա:
Հիշեցնենք, որ մոտ ապագայում 19-ամյա Ռուբենը, որը ծանր վիրավորում է ստացել ողնաշարի հատվածում, արդեն կտեղափոխվի Գերմանիա, որտեղ կկազմակերպվի նրա վերականգնողական բուժումը:
Ռուբենի մայրը՝ Անահիտ Մկրտչյանը, իր հերթին նշեց, որ Ռուբենը Գերմանիայի հետ մեծ հույսեր է կապում եւ անհամբերությամբ սպասում է այն օրվան, երբ այնտեղ կսկսի իր բուժումը: Իհարկե, հիմա նա ժամանակ չի կորցնում, եւ փորձում է իր հնարավորությունների սահմաններում աշխատել իր վրա:
«Իմ տղան լավ է տրամադրված, նա շատ է աշխատում եւ մեծ հույսեր ունի, որ կարող է վերականգնվել»,- նշեց վիրավոր զինվորի մայրը:
Նրա խոսքով՝ գերմանացի բժիշկները, ծանոթանալով Ռուբենի փաստաթղթերին, ասել են, որ բացառված չէ ընդհուպ մինչեւ 70 տոկոս վերականգնումը: Ռուբենին մերսող հայ բժիշկը նույնպես ասում է, որ հույս կա. նա վստահ չէ, որ Ռուբենի ողնուղեղն ամբողջությամբ է կտրված, քանի որ պրոցեդուրաների ժամանակ նյարդային համակարգից ազդակներ է զգում: Անգամ եթե Գերմանիայում բուժումը 100 տոկոսով չվերականգնի Ռուբենին, նա առնվազն կարող է ավելի ինքնուրույն կյանք վարել, քան հիմա:




























