Ազատության հրապարակում ընթանում է հանրահավաք՝ ի աջակցություն «Սասնա ծռեր» խմբի։
NEWS.am-ի թղթակիցը հայտնում է, որ հրապարակում մեծ բազմություն է հավաքվել։ Հանրահավաքը վարում է կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը։ Նա նախ ամբիոնի մոտ կանչեց «Հակաճգնաժամային համակարգող խորհրդի» անդամներին, սակայն ապարդյուն։ Նշենք, որ խորհուրդը այսօր ավելի վաղ հայտարարել էր, թե վայր է դնում լիազորությունները։
Խզմալյանը նախ նշեց, թե տեղեկություն են ստացել, որ տղաների մի մասը որոշել է հանձնվել։ Ակնհայտ էր, որ այդ պահին նա տեղեկատվությանը լիակատար չէր տիրապետում։ Իսկ իմանալուց հետո հայտնեց հանրահավաքի մասնակիցներից։
«Վարուժան Ավետիսյանի հայտարարությունը նշանակում է, որ նրանք Հայաստանը փրկում են ամենամեծ սարսափից՝ քաղաքացիական պատերազմից»,- հայտարարել է Խզմալյանը։
Շատերը զայրացել են, չեն հավատացել Խզմալյանի հայտարարությանը, եւ պահանջում են, որ դադարեցնեն ելույթները եւ հստակ գործողություններ անեն։
Նշենք, որ ավելի վաղ հայտարարություն էր տարածել «Վարդաշեն» ՔԿՀ-ում գտնվող Ժիրայր Սեֆիլյանը, իսկ դրանից հետո էլ Վարուժան Ավետիսյանը հայտնել էր «Սասնա ծռերի» հանձնվելու մասին։





























