Նիկուլինի շրջանային դատարանը մեղադրական վճիռ է կայացրել «օրենքով գող» Սերգեյ Ասատրյանի (հայտնի է «Սերյոգա Բենթլի» եւ «Օսետրինա կրտսեր» մականուններով) եւ դրամաշորթության գործով նրա հանցակցի վերաբերյալ։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ նովոստին»-ն՝ վկայակոչելով կայանի մամուլի քարտուղար Ալյոնա Սամոխոդկինային։
«Դատարանը Սերգեյ Ասատրյանին դատապարտել է 9 տարվա ազատազրկման հատուկ ռեժիմի գաղութում, իսկ նրա հանցակից Արթուր Բաղդասարյանին՝ 8 տարվա ազատազրկման խիստ ռեժիմի գաղութում», - հայտնել է նա։
Ասատրյանը ձերբակալվել է 2015-ի նոյմբերին՝ Մոսկվայում հայկական ծագում ունեցող ձեռնարկատիրոջից 1,2 մլն դոլար շորթելու համար։ Պարզվել է, որ սարսափ տարածելու համար նրա հանցակիցները հրդեհել են գործարարի՝ քաղաքից դուրս գտնվող տունը, ինչից հետո տուժածն անհրաժեշտ գումարը փոխանցել է հանցագործներին։ Հանցագործության մեջ Ասատրյանի հանցակիցն է դարձել վերջինիս քեռին՝ Բաղդասարյանը։
Սերգեյ Ասատրյանը համարվում է ամենաերիտասարդ «օրենքով գողը»։ Նա «թագադրվել է» 2008-ին՝ հայտնի քրեական հեղինակություններ Դեդ Հասանի (Ասլան Ուսոյան) եւ Յապոնչիկի (Վյաչեսլավ Իվանկով) կողմից։ Նրա հայրը՝ Էդուարդ Ասատրյանը, եւս «օրենքով գող է»։