News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը


Արցախի զորամասերից մեկում պայմանագրային զինծառայող է զոհվել: Քննչական կոմիտեի տեղեկացմամբ՝ 26-ամյա Գոռ Ֆրունզիկի Խուդինյանը զոհվել է հակառակորդի կրակը ճնշելու նպատակով գնդացրով պատասխան կրակ վարելու ժամանակ: Նախնական տվյալներով՝ փամփուշտը պայթել է փողում եւ մահացու բեկորային վիրավորում հասցրել Խուդինյանին: Գոռ Խուդինյանը Վանաձորից է: Ամուսնացած էր, մանկահասակ երեխա ունի:

Իսկ գիշերը հրադադարի ռեժիմն ակտիվորեն խախտած ադրբեջանական կողմը հայ դիրքապահների ուղղությամբ ավելի քան 1600 կրակոց է արձակել: Հայկական կողմի պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդն առնվազն մեկ զոհ ունի:

Ալեքսանդր Լապշինի արտահանձնումից ոգեւորված Բաքուն ավելի առաջ է գնացել եւ հիմա էլ Ինտերպոլի միջազգային հետախուզում է հայտարարել Եվրախորհրդարանի երեք պատգամավորների նկատմամբ: Լյուքսեմբուրգից Ֆրանկ Էնգելը, Չեխիայից Յարոմիր Շտետինան եւ Կիպրոսից Էլենի Թեոխարուսը նույն «հանցանքն» են գործել. առանց Բաքվի համաձայնության Լեռնային Ղարաբաղ են այցելել՝ հանրաքվեն դիտարկելու համար:

Հայաստանի ոստիկանությունը, սակայն, հայտնել է, որ նշված տվյալներով անձինք Ինտերպոլի միջոցով չեն հետախուզվում: Իսկ պաշտոնական Երեւանը Բաքվի հայտարարությանն արձագանքել է՝ նշելով, որ Ադրբեջանի իշխանություններն ամեն ինչ զավեշտի են վերածում՝ թե՛ միջազգային իրավունքը, թե՛ նույնիսկ իրենց ներքին կյանքը:

Հայաստանում Չեխիայի դեսպանն էլ հայտարարել է, որ Պրահան չի պատրաստվում արտահանձնել իր քաղաքացիներին, իսկ Եվրախորհրդարանի ներկայացուցիչներն ընդհանրապես պատգամավորական անձեռնմխելիություն ունեն:

Ղազախստանի մահմեդականներն էլ ծաղրում են Իլհամ Ալիեւին՝ կնոջն Ադրբեջանի առաջին փոխնախագահ նշանակելու առիթով: Նրանք Ադրբեջանի նախագահին առաջարկել են երկրի պաշտպանության նախարար էլ իր զոքանչին նշանակել: Բացի այդ, Ղազախստանի մահմեդականները պատրաստակամություն են հայտնել Ալիեւին օգնել հուսալի կադրերի ընտրության հարցում: Առաջարկել են նրան երեք նոր կին նվիրել, որոնց նույնպես կկարողանա պետության մեջ պատասխանատու պաշտոններ վստահել. «որպես իսկական մահմեդական»՝ Ալիեւը չորս կին ունենալու լիարժեք իրավունք ունի:

Պաշտպանության նախարարությունը շփման գծում լարվածության աճ է արձանագրում, բայց, Վիգեն Սարգսյանն ընդգծում է, օգտագործվող զինատեսակների առումով: Այս գիշեր, օրինակ, ականանետեր եւ թեթեւ հրետանի է կիրառվել: Հայկական կողմը պարզապես պետք է միշտ զգոն լինի:

Նախարարը գոհ է նաեւ «1000 դրամների» օրենքից: Վիգեն Սարգսյանը հիշեցրել է, որ օրենքը տարածվում է այս տարեսկզբից միջադեպերի հետեւանքով զոհված եւ հաշմանդամություն ստացած զինծառայողներին եւ նրանց ընտանիքներին: Բայց կարող է քննարկվել նաեւ այլ դեպքերի վրա նույնպես օրենքը տարածելու հարցը:

Մամուլում հրապարակումներ կան, որ նախկին նախարար Սեյրան Օհանյանի նկատմամբ չարաշահումների համար քրեական գործ կարող են հարուցել: Վիգեն Սարգսյանը խուսափում է այս պահին մեկնաբանել, արդյո՞ք գործ հարուցելու հիմք կա: Բայց քայլ առ քայլ, հետեւողականորեն լուծում են խնդիրները, եւ հանրային միջոցների օգտագործման արդյունավետության մասին անպայման կխոսեն:

Ինչ վերաբերում է խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ-ի համապետական ընտրացուցակը գլխավորելու եւ պաշտպանության նախարարի պաշտոնի համատեղելիությանը. Վիգեն Սարգսյանը համոզված է, որ կկարողանա համատեղել աշխատանքն ու նախընտրական քարոզչությունը: Բայց բանակում կուսակցական գործունեությունը բացառում է:

ՀՀԿ-ի նախընտրական քարոզչությանը չի մասնակցելու նորաթուխ հանրապետական Վարդան Արամյանը: Ասում է՝ իրեն չեն հանձնարարել քարոզել, հանձնարարել են աշխատել:

Սուրեն Կարայանը նույնպես նախընտրական գործընթացներին չի մասնակցում, հօգուտ երկրի է աշխատում: Նախարարը նաեւ վստահեցնում է, որ նախընտրական քարոզչությունը չի խանգարում Հայաստանի տնտեսությունում ներդրումներ անողներին:

Ներդրումների հարցը եղել է նաեւ աշխատանքային այցով Վրաստանում գտնվող վարչապետ Կարեն Կարապետյանի հանդիպումների օրակարգում: Վրաստանի գործընկերոջ հետ զրույցում քննարկել են տարածաշրջանային համագործակցությունը խորաացնելու, առեւտրաշրջանառությունն ակտիվացնելու եւ առկա ամբողջ ներուժն օգտագործելու հարցերը:

Պաշտպանության նախարարության տարածքում արտակարգ դեպք է տեղի ունեցել: Կեսգիշերն անց Երեւանի բնակիչ Եփրեմյանն անսթափ վիճակում իր «Օպել» մակնիշի մեքենայով նախարարության մուտքի դարպասներին է հարվածել եւ տարածք ներխուժել: Հսկիչ անցակետի հերթապահն իրեն ամրակցված ատրճանակից ութ կրակոց է արձակել ավտոմեքենայի ուղղությամբ: Եփրեմյանը չի տուժել: Նա ձերբակալված է:

Պոլսո հայոց պատրիարքական ընդհանուր փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանն ու պատրիարքարանի հոգեւոր խորհրդի առաջնորդ Սահակ եպիսկոպոս Մաշալյանը Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրավերով Հայաստան են եկել: Նրանք Էջմիածնում այսօր մասնակցել են Վարդանանց տոնին նվիրված պատարագին, բայց Հայաստան այցի պատճառը վերջին օրերին Պոլսո Հայոց պատրիարքի ընտրության հետ կապված ճգնաժամն է:

Եպիսկոպոս Մաշալյանը հայտարարել էր, որ Արամ արքեպիսկոպոսի պահվածքի պատճառով հրաժարական է տալիս՝ պնդելով, որ նա ամեն կերպ խոչընդոտում է պատրիարքի ընտրությունների կազմակերպմանը: Այնուհետ ստամբուլահայ համայնքի ազդեցիկ ներկայացուցիչները հավաքվել ու Աթեշյանի եւ Մաշալյանի ստորագրությամբ արձանագրություն են կազմել, ըստ որի՝ պատրիարքի ընտրությունները տեղի են ունենալու մայիսի 28-ին, ընտրվելու է տեղապահ, իսկ Արամ արքեպիսկոպոսը չի խառնվելու ընտրական գործընթացին։ Այս որոշմանն էլ դեմ է դուրս եկել ստամբուլահայերի մի մասը: Արդյունքում Գարեգին երկրորդը ճգնաժամը հաղթահարելու համար բարձրաստիճան հոգեւորականներին Էջմիածին է հրավիրել:

NASA-ի գիտնականները պատմական բացահայտում են արել. TRAPPIST-1 աստղի մոտ յոթ մոլորակ է հայտնաբերվել, որոնցից երեքը բնակելի գոտում են եւ կարող են ջուր ունենալ:

Շուրջ երկու տասնամյակ անց, թերեւս, հնարավոր կլինի պատասխանել շատերին հետաքրքրող հարցին. արդյո՞ք մենակ ենք Տիեզերքում: TRAPPIST-1 աստղը գտնվում է Երկրից 40 լուսային տարվա հեռավորությամբ՝ Ջրհոսի համաստեղությունում: Հայտնաբերված մոլորակներից 6-ը չափավոր կլիմայի գոտում են, որտեղ ջերմաստիճանը Ցելսիուսի 0-ից 100 աստիճանի միջակայքում է: Դրանցից առնվազն 3-ում ջուր կա: Մեզ հայտնի աստղային համակարգերից ոչ մեկն այսքան համադրելի չէ Երկրի չափերին: Մոլորակային համակարգը մոտավորապես 1.5 մլրդ տարեկան է:

Տեւական վերելքից հետո դոլարի փոխարժեքը փոքր-ինչ նվազել է, իսկ եվրոն թանկացել է: Արդյունքում դոլարի փոխարժեքն այսօր կազմել է 486 դրամ, եվրոյինը՝ 513, ռուբլունը՝ 8 դրամ 40 լումա, ֆունտինը՝ 607 դրամ:

«Հայպետհիդրոմետ»-ի կանխատեսումներում արդեն «պլյուս» նշանն է հայտնվում: Երեւանում փետրվարի 24-ին առանց տեղումների եղանակ կլինի: Գիշերը կդիտվի -8-10 աստիճան ցուրտ, իսկ ցերեկը՝ +2+4 աստիճան տաքություն: Հանրապետության տարածքում, ընդհանուր առմամբ, վաղը տեղումներ չեն սպասվում:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ