News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը


Ադրբեջանական զինուժը երեկ ուշ երեկոյան կրկին կրակ է բացել Տավուշի մարզի սահմանամերձ Բաղանիս գյուղի ուղղությամբ: Բաղանիսի գյուղապետ Նարեկ Սահակյանը տեղեկացրել է, որ զոհեր, բարեբախտաբար, չկան: Բաղանիսի ուղղությամբ հակառակորդը կրակ է բացել նաեւ փետրվարի 25-ի առավոտյան:

Նույն օրը հակառակորդ հրադադարի ռեժիմն ակտիվորեն խախտել է նաեւ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում՝ Մարտունի եւ Ակնայի՝ նախկին Աղդամի ուղղություններով: Հայկական կողմի պատասխան գործողությունների հետեւանքով հակառակորդը զոհեր եւ վիրավորներ է ունեցել, մի քանի դիակ չեզոք գոտում է մնացել: Ադրբեջանական կողմի 5 զոհերի թվում են հետախուզության պետ, հետախույզ, վաշտի հրամանատար եւ երկու այլ զինծառայող:

Արցախի պաշտպանության նախարարությունը հակառակորդի ճամբարում տեղի ունեցած հեռախոսազրույցի ձայնագրություն է հրապարակել, որտեղ կանացի ձայնը նկարագրում է ադրբեջանական կողմում տիրող իրավիճակը:

Ադրբեջանական կողմը երկու օր շարունակ չի կարողացել դիերը դուրս բերել չեզոք գոտուց: Հակառակորդը խախտել է պայմանավորվածությունն ու ձախողել դիերի դուրսբերումը: Դա հաջողվել է անել միայն այսօր, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի օգնականների մասնակցությամբ:

Պաշտոնական այցով Բրյուսելում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանը Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի հետ հանդիպմանը քննարկել է ղարաբաղյան հիմնախնդիրը, իսկ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել, որ համակարտությունը ռազմական լուծում չունի: Խնդրի լուծման հարցում էլ, ըստ Սարգսյանի, կարեւորը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կամարտահայտությունն է:

Սերժ Սարգսյանի եւ Դոնալդ Տուսկի հանդիպման կենտրոնական թեման Հայաստան-Եվրամիություն նոր շրջանակային համաձայնագիրն է եղել: Նախագահը գոհունակությամբ արձանագրել է, որ կողմերն ավարտել են բանակցությունները։ 

Իսկ ղարաբաղյան հակամարտության թեմային անդրադարձ է եղել նաեւ Սերժ Սարգսյանի եւ Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) նախագահ Ժոզեֆ Դոլի հանդիպման ժամանակ: Սերժ Սարգսյանը վստահեցրել է, որ Հայաստանը, ի տարբերություն Ադրբեջանի, բնավ չի ցանկանում, որպեսզի տարածաշրջանը եւս մեկ անգամ ընկղմվի պատերազմի մղձավանջի մեջ:

Բրյուսելում Սերժ Սարգյանը հանդիպելու է նաեւ եվրոպացի այլ բարձրաստիճան պաշտոնյաների, հայ համայնքի գործարար շրջանակների հետ, ինչպես նաեւ ելույթ կունենա «Քարնեգի» հետազոտական կենտրոնում:

Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի հրաժարականի դիմումի 15-օրյա ժամկետը լրացել է եւ Ազգային ժողովի արձանագրությամբ նրա լիազորությունները դադարեցվել են: Գալուստ Սահակյանը հայտարարել է, որ նախագահն առաջարկել է այդ պաշտոնում նշանակել Լեւոն Յոլյանին: Վերահսկիչ պալատի նախագահի ընտրությունը կկայանա վաղը:

Իսկ այսօր խորհրդարանի դահլիճում բավական լարված է եղել: Խոսրով Հարությունյանը խոսել է նոր Ընտրական օրենսգրքի առավելությունների մասին: Ասել է, որ ապրիլի 2-ի քվեարկության ժամանակ այն բացառում է կարուսելը, հետեւաբար՝ ընտրակաշառք բաժանելու որեւէ շարժառիթ: Հարությունյանին զարմանում է, որ դահլիճում նստած քաղաքական ուժերն ընտրակաշառք բաժանելու համար միայն իշխող կուսակցությանն են մեղադրում: Խոսրով Հարությունյանի հայտարարությունը զայրացրել է Նիկոլ Փաշինյանին: Նրանք միմյանց վրա շարունակել են գոռգոռալ նաեւ խոսափողներն անջատելուց հետո, իսկ Հերմինե Նաղդայանին երկար ժամանակ չէր հաջողվում կարգի հրավիրել պատգամավորներին:

Բարձր տոնի են անցել նաեւ Նաիրա Զոհրաբյանն ու Հերմինե Նաղդալյանը: «Ծառուկյան» դաշինքի նախընտրական ծրագրի դրույթների մասին Զոհրաբյանը ոգեւորված է խոսել, Նաղդալյանն էլ՝ հանգստության կոչ արել:

Խորհրդարանի միջանցքներում էլ լրագրողները «շրջապատել» են մի քանի պատգամավորի: Սամվել Ալեքսանյանից հարցրել են, եթե այս ընտրություններում քաղաքացիներն իրեն բավարար քանակությամբ ձայն չտան, կշարունակի՞ բարեգործություն անել: Նոր խորհրդարանում Սամվել Ալեքսանյանն ուզում է հայտնվել: Ասում է՝ դեռ շատ բան ունի անելու: Ալեքսանյանին պաշտպանության է շտապել Առաքել Մովսիսյանը: Սամվել Ալեքսանյանը շտապել է հանգստացնել ընկերոջը. իրեն հունից հանել չի ստացվի:

Մհեր Սեդրակյանն էլ հերքել է լուրերն այն մասին, որ իր եւ իր որդու նկատմամբ իշխանությունները ճնշումներ են գործադրել, երբ իրենք փորձել են լքել ՀՀԿ-ն ու Հովիկ Աբրահամյանի կողմն անցնել: Նա վստահեցրել է, որ ոչ ոքից նեղացած չէ, պարզապես դուրս է եկել քաղաքականությունից եւ բիզնեսով է զբաղվելու:

Գալուստ Սահակյանից լրագրողները հետաքրքրվել են, թե ինչպես է վերաբերվում հրապարակումներին, որ իր հարսը՝ Երեւանի մանկապարտեզներից մեկի տնօրեն Սեդա Հակոբյանը, օգտագործել է վարչական ռեսուրսները, մարդկանց հրահանգել է հաշվառվել Արաբկիր վարչական շրջանում, որտեղ ՀՀԿ-ից թեկնածու է առաջադրվել իր ամուսինը՝ Արման Սահակյանը: Նույնիսկ Սեդա Հակոբյանի հետ լրագրողի հեռախոսազրույցի ձայնագրություն է տարածվել: Գալուստ Սահակյանը դրանում ոչ մի խնդիր չի տեսնում, ձայնագրությունը տարածողին էլ բանի տեղ չի դնում:

Արագածոտնի մարզում դաժան սպանություն է տեղի ունեցել: Երեւան-Գյումրի ավտոճանապարհին՝ Թլիկ գյուղի տարածքում, ձնակույտի մեջ Mercedes մակնիշի մեքենա են գտել, քիչ այն կողմ՝ երիտասարդի դի: Նրա պարանոցը կտրած է եղել: Նախնական եզրակացության համաձայն՝ երիտասարդը մահացել է դանակի մի քանի հարվածներից: Մահացածը Երեւանի 20-ամյա բնակիչ Կառլեն Գրիգորյանն է: Նա առաքիչ էր, ազատ ժամանակ էլ անձնական մեքենայով «Յանդեքս»-ում էր աշխատում:

Սպանության կասկածանքով ձերբակալվել է Գյումրիի բնակիչ, ժամանակավոր Երեւանում ապրող 25-ամյա Վարդան Հովսեփյանը: Նախնական տեղեկություններով՝ կասկածյալը Լենինգրադյան փողոցում նստել է Կառլենի մեքենան ու պատվիրել մեկնել Գյումրի: Արդեն Թլիկում նա դանակի մի քանի հարվածով կտրել է երիտասարդի պարանոցը, դին դուրս հանել ու փորձել այդ ավտոմեքենայով սպանության վայրից դիմել փախուստի, բայց հայտնվել է ձնակույտի մեջ: Նա հրաժարվել է ցուցմունք տալ:

Իսկ մերձմոսկովյան Դոլգոպրուդնիում հրազենային վնասվածքից Հայաստանի 34-ամյա քաղաքացի է մահացել: Գիշերը տղամարդու մարմինը գտել են շրջանի «Վոդնիկ» սրճարանի մերձակայքում: Մերձմոսկվայում առանց գրանցման բնակվող Էդգար Հակոբյանը մահացել է Շտապօգնության մեքենայում, կրծքավանդակի շրջանում հրազենային վնասվածքից: Դեպքի վայրում ատրճանակի պարկուճ են գտել: Էդգար Հովսեփյանը Հրազդանից էր, երեք մանկահասակ երեխաների հայր:

Կայացել է «Օսկար» մրցանակաբաշխության 89-րդ արարողությունը: Ավադույթի համաձայն՝ այն անցել է ոգեւորիչ հաղթանակների, պարտության հիասթափության մթնոլորտում, աստղերն էլ ցուցադրել են հայտնի դիզայներներից ձեռք բերած վառ ու նորաձեւ զգեստները: Այս տարի «Լավագույն ֆիլմ» է ճանաչվել Բերի Ջենքինսի «Լուսնի լույսը» ժապավենը, «Լավագույն ռեժիսոր»՝ Դեմիեն Շազելը՝ «Լա Լա Լենդ» ֆիլմի համար: «Լավագույն դերասան» է ճանաչվել Քեյսի Աֆլեքը, «Լավագույն դերասանուհի» անվանակարգում հաղթել է Էմմա Սթոունը: Ի դեպ՝ «Օսկար»-ի պատմության մեջ առաջին անգամ բաղձալի արձանիկ է ստացել մահմեդական դերասան՝ Մահերշալա Ալին. նա հաղթող է ճանաչվել «Երկրորդ պլանի լավագույն դերասան» անվանակարգում:

Մրցանակաբաշխության արարողության ժամանակ չի հաջողվել խուսափել նաեւ զավեշտալի իրավիճակներից: Մասնավորապես, «Լավագույն ֆիլմ» անվանակարգում հաղթողին հայտնելիս «Լուսնի լույսը» ֆիլմի փոխարեն նշել են «Լա Լա Լենդ»-ը, բայց արձանիկը ռեժիսորին հանձնելուց հետո պարզվել է, որ սխալմունք է տեղի ունեցել. պարզապես բացել են «Լավագույն դերասանուհի» անվանակարգում հաղթողի ծրարը՝ «Լա Լա Լենդից» գլխավոր դերակատար Էմմա Սթոունի անունով:

Բացի այդ, համացանցում սկսել են ծաղրել նաեւ Նիկոլ Քիդմանին՝ տարօրինակ ձեւով ծափահարելու համար: Սոցցանցերն արդեն հեղեղվել են ծաղրալի մեկնաբանություններով:

Դոլարն ու եվրոն կրկին զիջում են դիրքերը: Փետրվարի 27-ին դոլարի փոխարժեքը կազմել է 486 դրամ, եվրոյինը՝ 515, ռուբլունը՝ 8 դրամ 43 լումա, ֆունտինը՝ 604 դրամ:

Փետրվարի 28-ին հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Երեւանում նույնպես վաղը տեղոմներ չեն սպասվում: Գիշերը մայրաքաղաքում կդիտվի -7-9 աստիճան ցուրտ, ցերեկը՝ մինչեւ +1 աստիճան տաքություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ