News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Իմ մասնագիտական գործունեությունը եւ ստեղծագործության տարածման իրավունքը խոչընդոտվում են ՀՀ-ում։ Այդ մասին հայտարարություն է տարածել երգահան Վահան Արծրունին՝ անդրադառնալով սեպտեմբերի 29-ին Զվարթնոցում չեղարկված «Մաշտոց Կոմիտաս» համերգային նախագծին, մշակույթի նախարարության վարած քաղաքականությանը եւ ՀՀ-ում մարդու եւ ստեղծագործողի հիմնարար իրավունքների ոտնահարման դեպքերին։

«Երեսուն տարուց ավելի զբաղվում եմ բեմական գործունեությամբ։ Ստեղծագործում եմ մի շարք երաժշտական ժանրերում եւ ուղղություններում՝ կամերային, սիմֆոնիկ երաժշտության ձեւերից մինչեւ ռոք, ֆյուժն եւ երգարվեստ։ Նաեւ գրում եմ երաժշտություն թատրոնի, կինոյի եւ ակտուալ արվեստի ցուցադրությունների համար։ Հեղինակել եմ երաժշտություն 5 թատերական ներկայացումների, 17 վավերագրական, 2 գեղարվեստական եւ 6 անիմացիոն ֆիլմերի, մնջախաղային ներկայացման, բալետի եւ կերպարվեստի բազմաթիվ միջոցառումների համար։ Բազմաբնույթ համերգային ծրագրերով մշտական ելույթներ եմ ունենում Հայաստանի եւ արտերկրի բեմերում։

Հրատարակել եմ 14 ալբոմ-ձայնասկավառակ, DVD (տեսաերիզ):

Ունեմ երկու երգաշար` գրված Ռ.Դավոյանի եւ Կոմիտասի բանաստեղծությունների հիման վրա (վերջինն ամբողջովին ներառվել է հանրակրթական դպրոցի «Երաժշտություն» առարկայի չափորոշիչ պետական ծրագրում եւ դպրոցական դասագրքերում)։

Հոգեւոր երաժշտության ոլորտում՝ Ասորական Արեւելքի եկեղեցու, Մարոնիտական եւ Արամեական հնագույն հոգեւոր քրիստոնեական երաժշտության մշակումներ եմ արել, իսկ մաշտոցյան շարականների իմ մեկնության պաշտոնական պրեմիերային եկել եմ երկար տարիների աշխատանքով։ Զվարթնոցում կայանալիք համերգն այդ ստեղծագործական ուղու սպասված, բաղձալի բարձրակետը պիտի լիներ։

Համերգը չեղարկվեց ՀՀ մշակույթի նախարարության կոպիտ միջամտությամբ։

Որպես արվեստագետի՝ ինձ համար առաջին հերթին անհասկանալի է համերգի բուն նյութի՝ բովանդակային եւ հոգեւոր արժեքի նկատմամբ կատարյալ անտարբերություն եւ մերժողականություն դրսեւորող մշակույթի նախարարության կեցվածքը:

Հիմա արդեն պարզ եւ բացատրելի է, որ այն ծրագրված բնույթ է կրում եւ «օրինաչափ» է բոլոր առումներով։

2017թ. մայիսի 4-ին գրավոր դիմում էի ներկայացրել մշակույթի նախարարին, որպեսզի իր կողմից հաստատված դահլիճների նոր վարձակալման գնացուցակի նվազագույնի չափով ինձ տրամադրվի Արամ Խաչատրյանի անվան համերգասրահը՝ հուլիսի 11-ին «Ջազ եւ ֆյուժն» ժանրի համերգ անցկացնելու համար: Համաձայն կարգի՝ միայն դրական եւ գրավոր պատասխանի հիման վրա ես կարող էի շարունակել գործընթացը դահլիճի տնօրինության հետ: Այն նամակ-պատասխանի տեսքով պետք է ուղարկվեր ինձ նախարարությունից փոստային ծառայության միջոցով։

Նամակը ես այդպես էլ չստացա։

Փաստաթղթի բովանդակությանը ծանոթացա հուլիսի 18-ին, երբ հրավիրվեցի մշակույթի նախարարություն` մեկ այլ համերգի առաջարկություն ստանալով։ Այդ առիթից օգտվելով վճռեցի հետաքրքրվել այդպես էլ չստացած նամակի ճակատագրով՝ դիմելով նախարարության ընդհանուր բաժին, որտեղից ինձ տրամադրեցին պատասխանի պատճենը։ Փաստացի ստանալով նախնական դրական պատասխան (հունիսի 2-ի թվագրմամբ), գործնականում` համերգը որեւէ կերպ չէր կարող կայանալ, որովհետեւ այն իրականացնելու գրավոր թույլտվությունն ինձ տրամադրվեց միայն հուլիսի 18-ին` համերգի նշանակված օրվանից (հուլիսի 11-ը) յոթ օր ուշ։

Հուլիսի 18-ին փոխնախարար Արեւ Սամուելյանի աշխատասենյակում, իր ենթակա մի շարք աշխատակիցների ներկայությամբ, ինձ առաջարկվեց Զվարթնոցում կազմակերպել համերգ: Առաջարկն ընդունեցի` ներկայացնելով իմ «Մաշտոց-Կոմիտաս» համերգային նախագիծը։ Տրվեցին հանձնարարականներ, եւ մենք պայմանավորվեցինք հանդիպել նախարարությունում հուլիսի 28-ին: Այդ ընթացքում ունեցել եմ գործնական հանդիպում «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայության» ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանի հետ, մանրամասն քննարկել էինք համերգի կազմակերպչական եւ տեխնիկական պայմանները, հաշվարկել միջոցառման բյուջեն, եւ որոշել հնարավոր երաժիշտ-մասնակիցների կազմը:

Այնուհետեւ, ըստ պայմանավորվածության, հուլիսի 28-ին ես այցելում եմ մշակույթի նախարարություն եւ պարզում, որ հանդիպումը տեղի չի ունենա փոխնարարի երկրից բացակայելու պատճառով, եւ որեւէ այլ աշխատակցի հանձնարարված չէ ինձ հետ շարունակել բանակցային գործընթացը:

Երեք շաբաթ սպասելուց հետո նախաձեռնում եմ հանդիպում «Շարմ» հոլդինգի տնօրեն Կարեն Ղազարյանի հետ եւ առաջարկում իրականացնել նույն «Մաշտոց-Կոմիտաս» համերգը։ Գործնական քննարկումից հետո գալիս ենք փոխադարձ համաձայնության՝ այն անցկացնել Զվարթնոցի տաճարի տարածքում: Համերգը նշանակվում է սեպտեմբերի 29-ին, ձեռք են բերվում պայմանավորվածություններ մենակատարների, դիրիժորի եւ Հայաստանի պետական կամերային նվագախմբի տնօրինության հետ, նշանակվում են փորձերի օրերը, գովազդի մեդիա պլանը: Ըստ մեր պայմանավորվածության, ես զբաղվում եմ միայն ստեղծագործական խնդիրներով՝ ապահովելով պատշաճ փորձաշրջան եւ կատարողական բարձր մակարդակ: «Շարմը» զբաղվում է տեխնիկական, կազմակերպչական եւ ֆինանսական խնդիրներով: Սեպտեմբերի 19-ից սկսվում է տոմսերի իրացումը (միայն առաջին հինգ օրում վաճառվում է նստատեղերի գրեթե կեսը)։

Սեպտեմբերի 26-ին զանգ եմ ստանում մշակույթի նախարարության ՊՈԱԿ-ի աշխատակցուհու կողմից, եւ ինձ տրվում են մի շարք հարցեր, որոնք իմ իրավասությունից դուրս են: Նրան ուղղորդում եմ դեպի կազմակերպիչը եւ հաջորդ օրը «Շարմի» ֆինանսական տնօրենից տեղեկանում, որ համերգը տեղի չի ունենա:

Նախարարության եւ «Շարմ» հոլդինգի հրապարակած չեղարկման վարկածները` նախարարության կողմից՝ Զվարթնոց թանգարանի տարածքում առանց պայմանագրի համերգի անցկացման անկարելիությունը եւ «Շարմի» կողմից՝ տոմսերի անբավարար վաճառքի եւ օդերեւութաբանական կանխատեսումների անբարենպաստ լինելու մասին հայտարարությունը, չեն համընկնում եւ առիթ են տալիս իմ երկու չկայացած համերգների խափանման փաստերի միջեւ հստակ կապ տեսնել եւ այն մեկնաբանել որպես «օրինաչափ» եւ մերժողական քաղաքականության դրսեւորում:

Բանն այն է, որ վերջին 15 տարիների ընթացքում ես բազմիցս հրապարակավ խիստ քննադատել եմ մշակույթի նախարարության որդեգրած՝ ոլորտը «ղեկավարելու» մեթոդաբանությունը, կողմնակալությունը, պրոտեկցիոնիզմը, արվեստագետներին երկրից դուրս ուղղորդումը (առավել ցայտուն օրինակները՝ Լ.Ճգնավորյան, Օ.Դուրյան, Ա.Ղարաբեկյան, Կ.Դուրգարյան), մշակույթի ազգային զարգացման դոկտրինի եւ ծրագրի բացակայությունը, արվեստի դաշտի արհեստական բաժանումը յուրայինների եւ ոչ յուրայինների, հաստիքայինների եւ արտոնյալների, ստեղծագործական ինքնադրսեւորման անհավասար պայմանների իրողությունը, եղած միակ օրենքի հիմնային դրույթների շրջանցումը` անպատժելիության մթնոլորտում: Ընդհանուր մշակութային դաշտի քայքայման, մշակութային գործիչների Հայաստանից դուրս ուղղորդման, ազատ արվեստի դաշտը ներկայացնող արվեստագետների խնդիրների անտեսման գլխավոր մեղավոր եմ համարել հենց մշակույթի նախարարության առկա քաղաքականությունը:

Իմ սկզբունքային քննադատական դիրքորոշումը, խիստ դիտարկումները, օբյեկտիվ բնութագրությունները եւ երկու համերգային նախաձեռնությունների փաստացի տապալումը սերտորեն կապված են, մեկը մյուսի հետեւանք են եւ վկայում են իմ հանդեպ մշակույթի նախարարության որոշակի քաղաքականության եւ հատուկ վերաբերմունքի «հետեւողական եւ ծրագրային» բնույթի մասին։ Այս բոլոր հանգամանքները դրդում են ինձ անել սույն հետեւությունները եւ հայտարարությունը՝

1. Իմ ստեղծագործական ազատությունն ու ինքնադրսեւորումը սահմանափակվում են ՀՀ-ում՝ պետական ատյանի կողմից։

2. Իմ մասնագիտական գործունեությունը եւ ստեղծագործության տարածման իրավունքը խոչընդոտվում են ՀՀ-ում՝ պետական ատյանի կողմից։

Երկուսն էլ Մարդու Իրավունքի, Խոսքի, Մտքի եւ Ստեղծագործության ազատության օրենքների դրույթների կոպիտ խախտումներ են եւ պետք է մեկնաբանվեն որպես քաղաքական հետապնդում եւ ուղղորդում մշակութային դաշտից եւ երկրից դուրս։

Ես իմ երկրի ազատ քաղաքացին եմ, ստեղծագործող արվեստագետ։

Իմ ազատ գործունեությունը որեւէ մեկը չի կարող խանգարել, խոչընդոտել, էլ չեմ ասում՝ արգելել»,- գրել է նա։

 

Տպել
Ամենաշատ