Այսօր` դեկտեմբերի 19-ին, ժամը 18.15-ի սահմաններում Երեւանի Դավիթ Անհաղթի փողոցում`«Կերամա Մարացի» խանութի դիմաց «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել հետիոտն,  40-ամյա Լիլիթ Նազարյանին: «Լեքսուսի» վարորդը հետիոտնին թողել է անօգնական եւ դիմել փախուստի:

Ինչպես NEWS.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ականատեսները հասցրել են տեսնել «Լեքսուսի» համարանիշը` 11 ՍՏ 099: Մինչ վրաերթի ենթարկվածը «Շտապ օգնության» մեքենայով կտեղափոխվեր «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, Երեւանի ճանապարհային ոստիկանության աշխատակիցներին հաջողվեց Ուլնեցի փողոցում հայտնաբերել փախուստի դիմած վարորդին`«Լեքսուսով» հանդերձ:

Ավտոմեքենան ՃՈ աշխատակիցները տեղափոխել են ՃՈ տուգանային հրապարակ: Արդեն հիվանդանոց են այցելել ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երեւանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչը: ՃՏՀ քննության բաժնում նյութեր են նախապատրաստվում:

Լուսանկարները` Գագիկ Շամշյանի