Ֆրանսիայում ավելի քան 160 հազար դպրոցական, ուսանող և արհմիութենական ակտիվիստ դուրս են եկել բողոքի ցույցերի՝ կրթական համակարգի ճգնաժամի դեմ, գրում է The Guardian-ը։
Ցույցերը շարունակվում են արդեն երրորդ շաբաթը. մասնակիցները պահանջում են ավելացնել դպրոցների ֆինանսավորումը, լուծել ուսուցիչների պակասի և գերծանրաբեռնված դասարանների խնդիրը, ինչպես նաև վերանորոգել քայքայվող դպրոցական շենքերը։ Ցուցարարներին միացել է նաև շվեդուհի էկոակտիվիստ Գրետա Թունբերգը։
Ֆրանսիայի ՆԳՆ տվյալներով՝ երեքշաբթի՝ հոկտեմբերի 13-ին, ամբողջ երկրում անցկացված ցույցերին մոտ 161,5 հազար մարդ է մասնակցել։ Մեկ շաբաթ առաջ փողոցներ էր դուրս եկել ավելի քան 260 հազար մարդ, իսկ հինգշաբթի՝ մոտ 75 հազար։ Երեքշաբթի ակցիաների մեծ մասը խաղաղ է անցել, ներառյալ՝ Լիոնում, Լիլում և Մարսելում։ Սակայն Նանտում և Փարիզի Մոնպառնաս թաղամասում ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել, իսկ մայրաքաղաքում ցուցարարներին ցրելու համար ջրցան մեքենաներ են օգտագործվել։
Թունբերգը մասնակցել է առավոտյան ակցիային՝ Փարիզի արվարձան Սեն-Դենիում՝ Պոլ Էլյուարի լիցեյի մոտ։ Նա հայտարարել է, որ երիտասարդությունը հնարավորություն չի ստանում ազդելու որոշումների վրա, որոնք կանխորոշում են իր ապագան, և ընդգծել է, որ դպրոցները չեն ստանում անհրաժեշտ ֆինանսավորում։ Սովորողների պատմելով՝ ակտիվիստի ներկայությունը ոգեշնչել է նրանց շարունակելու խաղաղ բողոքները։
Շարժմանը միացել են արհմիությունները, դասախոսների մի մասը և ձախ ընդդիմության ներկայացուցիչներ։ UE ուսանողական միությունը հայտնել է, որ ակցիաները խաթարել են Ֆրանսիայի համալսարանների մոտ 90 տոկոսի աշխատանքը։ Փարիզում, Մարսելում և այլ քաղաքներում սովորողները կրկին արգելափակել են լիցեյների մուտքերը։
Կառավարությունը հույս ունի, որ բողոքները կթուլանան երկշաբաթյա աշնանային դպրոցական արձակուրդի ընթացքում, որը սկսվում է մոտակա հանգստյան օրերին։ Սակայն ուսանողական կազմակերպությունների ներկայացուցիչները զգուշացնում են, որ դժգոհությունը չի վերանա։ Ըստ նրանց՝ շարժումը ծնվել է անապահով արվարձաններում, որտեղ շատ ընտանիքներ չեն կարող իրենց թույլ տալ հանգստի մեկնել։
Շաբաթ օրը նախատեսված են նոր համազգային ցույցեր։ Դրանց կարող են միանալ նաև քաղաքացիներ, որոնք դժգոհ են վառելիքի, էներգիայի գների աճից և կյանքի ընդհանուր թանկացումից։ Փարիզում անցկացված ցույցին արդեն հայտնվել է Ժերոմ Ռոդրիգեսը՝ «դեղին ժիլետների» շարժման աչքի ընկնող մասնակիցներից մեկը, որը 2018–2019 թվականներին հանդես էր գալիս կյանքի թանկացման դեմ։
CGT արհմիության ղեկավար Սոֆի Բինեն հայտարարել է, որ երիտասարդությունը վճռական է տրամադրված, և մոբիլիզացիան կշարունակվի, մինչև որ իշխանություններն արձագանքեն ցուցարարների պահանջներին։ Կրթության նախարար Էդուար Ժեֆրեն հայտնել է, որ կադրերի ամենասուր պակաս ունեցող դպրոցներ ուղարկվում են երեք հազար փոխարինող ուսուցիչներ։ Նրա տվյալներով՝ երեքշաբթի ամբողջությամբ փակվել է մոտ 3700 լիցեյից 214-ը։ Միևնույն ժամանակ ֆրանսիական ԶԼՄ-ները հաղորդում էին դասերի չեղարկման և հեռավար ուսուցման անցնելու մասին նաև այլ ուսումնական հաստատություններում։
Նախագահ Էմանուել Մակրոնը զսպվածության կոչ է արել և հայտարարել, որ կրթության խնդիրները պահանջում են խորհրդակցություններ և հարգալից երկխոսություն։ Միևնույն ժամանակ բողոքների մեծածավալ ընթացքը ուղեկցվում է բախումներով և ուժի չափազանց կիրառման վերաբերյալ մեղադրանքներով։ Իշխանությունների տվյալներով՝ ակցիաների ընթացքում ձերբակալվել է ավելի քան 6800 մարդ, հիմնականում անչափահասներ։ Եվս մոտ 1500 մարդու վերաբերյալ գործեր ուղարկվել են դատախազություն։ Քննվում է ոստիկանության բռնության վերաբերյալ 24 դիմում։ Առկա տվյալներով՝ վնասվածքներ են ստացել ավելի քան 200 դեռահաս, մոտ 100 դպրոցական աշխատակից և 700 ոստիկան։
Առանձնակի վրդովմունք են առաջացրել ցուցարարների ծանր վնասվածքները. մի երիտասարդ կորցրել է ձեռքի դաստակը՝ ոստիկանության լուսաձայնային նռնակի հարվածից հետո, մյուսը մի աչքի տեսողությունից է զրկվել, իսկ երրորդը կորցրել է մի քանի ատամ՝ մոտ տարածությունից արձակված գազային նռնակի հարվածից հետո։ Առաջին դեպքից հետո իշխանություններըն արգելել են բողոքի ակցիաների ժամանակ օգտագործել լուսաձայնային նռնակներ։ Իրավապաշտպաններն ու սովորողները ոստիկանությանը մեղադրում են ուժի անհամաչափ կիրառման մեջ, մինչդեռ ներքին գործերի նախարար Լորան Նյունյեսը պնդում է, որ ցույցերի խաղաղ անցկացման դեպքում ոստիկանությունը չի միջամտում։
Բողոքների ֆոնին, նախագահական ընտրություններից կես տարի առաջ, քաղաքական ուժերը փորձում են իրենց կողմը գրավել դժգոհներին։ Ծայրահեղ աջերի առաջնորդ Մարին Լը Պենը ուշադրություն է հրավիրում դպրոցական շենքերի վիճակի վրա և առաջարկում դրանց վերանորոգման ծախսերը դնել ծնողների վրա։ Արմատական ձախերի առաջնորդ Ժան-Լյուկ Մելանշոնը, ընդհակառակը, աջակցել է բողոքավորներին և դատապարտել ոստիկանության գործողությունները։




























