News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դեկտեմբերի 15-ին, շարունակվել է ԵՊՀ-ի 18-ամյա ուսանողի աղմկահարույց սպանության գործով վկաների հարցաքննությունը:

Հարցաքննված առաջին վկան սպանված Վահե Մուրադյանի եւ վիրավորված Րաֆֆի Մարտիրոսյանի դասընկերուհի Հասմիկ Պետրոսյանն էր, որ նաեւ ամբաստանյալ Կարեն Չատիկյանի համակուրսեցին էր: Նա պատմեց, որ 2016թ. դեկտեմբերի 28-ին համալսարանում հանդիպել են Վահե Մուրադյանի եւ Րաֆֆի Մարտիրոսյանի հետ, վերջինն էլ հայտնել է, թե նվեր քարտ ունի, ցանկանում է վաճառել:

«Րաֆֆին հարցրեց, թե ծանոթներիցս ո՞վ կուզի նվեր քարտն առնել, հետո դիմեց ինձ ու Լիլիթին, թե կարող է ձեր կուրսի «դոդիկներից» մեկն առնի, մենք բոլորս ծիծաղեցինք: Ես Լեւոնին էլ ասացի, որ հումոր ենք անում, լուրջ բան չկա: Դրանից հետո հունվարի 11-ին ինձ ու Լիլիթ Կետիկյանին մոտեցավ Կարեն Չատիկյանն ու ասաց, որ տանք «դոդիկ» ասածի հեռախոսի համարը: Բայց մենք ոչ մի համար չտվեցինք, Կարենն էլ չասաց, թե ում նկատի ուներ, Կարենը մեզ ասաց՝ լավ, կզանգեմ Վահեին ու մեր մոտից հեռացավ»,- պատմեց Հասմիկ Պետրոսյանը:

Վկան պատմեց, որ այդ խոսակցությունից հետո ինքը զանգահարել է Դավիթ Մանձիկյանին, պատմել, թե ինչ են խոսել Կարեն Չատիկյանի եւ Գեւորգ Տերտերյանի հետ: Հասմիկ Պետրոսյանի խոսքով, ավելի ուշ իրեն զանգահարել է Գեւորգ Տերտերյանը, խնդրել նորություն իմանալ Վահե Մուրադյանի մասին. «Հարցրի Գեւորգին, թե ինչի է հարցնում Վահեից, բայց բան չասաց, ես էլ անընդհատ զանգում էի Վահեին, մյուս տղաներին, բայց ոչ մեկը չէր պատասխանում: Երեկոյան լուրերից եմ իմացել դեպքի մասին»:

Դատարանում հարցաքննված Դավիթ Մանձիկյանը նույնպես Վահե Մուրադյանի եւ Րաֆֆի Մարտիրոսյանի դասընկերներից էր, նա դեպքի օրը մասնակցել է տաղավարում տեղի ունեցած վիճաբանությանը: Դավիթ Մանձիկյանը նույնպես պատմեց, որ վիճաբանության պատճառը «դոդիկ» բառն է եղել, որը կատակով ասել է Րաֆֆի Մարտիրոսյանը:

«Հունվարի 11-ին Հասմիկ Պետրոսյանն ու Լիլիթ Կետիկյանը պատմեցին Կարեն Չատիկյանի ու Գեւորգ Տերտերյանի հետ ունեցած խոսակցության մասին: Խոսեցի Վահեի հետ, ասաց, որ գնում են հանդիպելու, կխոսեն, կանցնի, կգնա: Րաֆֆիին զանգեցի, տաղավարի տեղն իմացա ու գնացի այնտեղ: Երբ հասա այնտեղ, արդեն խոսակցությունը սկսվել էր: Րաֆֆիին հարցնում էին, թե ինչի է նման բառ ասել, երբ նրանցից եւ ոչ մեկին չի ճանաչում, Րաֆֆին էլ կրկնում էր, թե կատակ է արել: Կարենն այդ պահին ինչ-որ բան ասաց, մեր տղաներից Անրին էլ պատասխանեց, թե սխալ բան ես ասում, Կարենը հարվածեց Անրիին, քաշքշուկ սկսվեց: Կարենի հետ եկած տղաներից մեկը եկավ դեպի ինձ, ես նրան երկու անգամ հարվածեցի, էդ տղան ձեռքով ցույց տվեց, որ չի ուզում կռվել, ես էլ չշարունակեցի: Շրջվեցի ու տեսա, որ Վահեն ու Րաֆֆին փորձում էին Կարենի ձեռքից դանակը վերցնել, էդ պահին շենքից մարդիկ դուրս եկան, ասացին՝ էդ ինչ եք անում, մեկ էլ տեսա՝ Կարենը գոռաց՝ թռանք ու փախան: Դրանից հետո Վահեն ու Րաֆֆին դուրս եկան տաղավարից, Վահեի ձախ մասում արյուն տեսա, Վահեն գիտակցությունը կորցրեց, բայց աչքերը բաց էր, շնչում էր… մոտակա դեղատան աշխատողը եկավ, փորձեց օգնել, ասաց, որ սրտին էլ խփել: «Շտապօգնությունը» եկավ, բժիշկն ասաց, որ Վահեն մահացած է… մենք էլ գնացինք տուն, մնայինք՝ տնեցիներին ինչ ասեինք…»,- դեպքի մանրամասները պատմեց Վահե Մուրադյանի դասընկերը:

Դավիթ Մանձիկյանը նշեց, որ Կարեն Չատիկյանի եւ վերջինիս ընկերների հետեւից չի վազել, քանի որ չի պատկերացրել, որ դանակահարություն տեղի ունեցած լիներ: Չնայած վկան վստահեցնում էր, որ Կարեն Չատիկյանը, Վահե Մուրադյանը եւ Րաֆֆի Մարտիրոսյանն ամբողջ ընթացքում իր տեսադաշտում է եղել, դանակահարության պահը չի տեսել. «Վահեն ու Րաֆֆին Կարենի մեջքի հետեւում էին, փորձում էին դանակը վերցնել, Կարենը կողքի վրա էր հենված, Կարենի ձեռքն էին բռնել, որ չշարժի, հարվածի փորձ էլ չեմ տեսել ես»:

Ամբաստանյալի պաշտպան Երեմ Սարգսյանը միջնորդեց հրապարակել նախաքննական ցուցմունքը, քանի որ առկա են էական հակասություններ: Դատարանը բավարարեց միջնորդությունն ու հրապարակեց վկայի նախաքննական ցուցմունքը: Հետաքրքիր է, որ նախաքննության ընթացքում Դավիթ Մանձիկյանը պատմել էր, որ Կարեն Չատիկյանը, Վահե Մուրադյանն ու Րաֆֆի Մարտիրոսյանը փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց: Մինչդեռ դատարանում վստահեցրել էր, որ հարվածներ չեն եղել:

«Նախաքննական ցուցմունքս է ճիշտ, էն ժամանակ թարմ էր դեպք, հիմա երկար ժամանակ է անցել, չեմ հիշում շատ բաներ ուղղակի»,- դատարանում հայտարարեց վկան:

Ըստ նախաքննական ցուցմունքի՝ Դավիթ Մանձիկյանը նույնպես փորձել է Կարեն Չատիկյանից խլել դանակը:

Դատարանում, սակայն, վկան վստահեցրեց, որ ինքը մտքերը սխալ է ձեւակերպել. ընդամենը փորձել է մոտենալ, բայց մարդկանց ձայներ է լսել եւ հենց այդ պահին Կարեն Չատիկյանն ընկերների հետ դիմել է փախուստի:

Դատարանում հարցաքննվեց նաեւ Վահե Մուրադյանի մանկության ընկեր Անրի Ալեքսանյանը: Նա պատմեց, որ դեպքի օրը իրեն զանգահարել է Վահե Մուրադյանը, պատմել եղելությունը, որից հետո ինքն առաջարկել է հանդիպել հենց իրենց շենքի տաղավարում. «Գնացինք այնտեղ, ես եմ խոսել Կարեն Չատիկյանի հետ, ասել եմ, որ այդ արտահայտությունն իրենց չի վերաբերվում, բայց Կարենը մի քանի անգամ տոնը բարձրացրեց, ես էլ ասացի, որ մեր շենքի մոտ ենք, կամաց խոսի: Կարենը, սակայն, ինձ ասաց, որ Րաֆֆին իրեն ճիշտ չի պահել, ես էլ ասացի, որ սխալ բան է ասում, դրանից հետո Կարենը փորձեց ինձ հարվածել, բայց չկպավ, դրանից հետո Վահեն գնաց դեպի Կարենը, Րաֆֆին էլ գնաց էդ կողմ: Ամբողջը տեւեց երեւի մի 30 վայրկյան, ես էդ ընթացքում Կարենի հետ եկածներին էին պահում, Վահեն ու Կարենն էլ գրկախառնված էին… հետո Կարենը գոռաց՝ փախանք ու գնացին, մեկ էլ տեսա՝ Վահեն ընկավ»:

Նշենք, որ դատարանում դեռ պետք է հարցաքննվեն Սերգեյ Գրիգորյանը, որը Վահե Մուրադյանի եւ Րաֆֆի Մարտիրոսյանի ընկերն էր, եւ Գեւորգ Տերտերյանը, որը Կարեն Չատիկյանի ընկերն է: Երկուսն էլ տաղավարում են եղել եւ ականատես եղել դեպքին:

Ըստ մեղադրական եզրակացության՝ Կարեն Չատիկյանը 2017թ. հունվարի 11-ին Վարդանանց փողոցի շենքերից մեկի բակում գտնվող բացօթյա տաղավարում տեղի ունեցած վիճաբանության ընթացքում իր մոտ եղած դանակով հարվածել է Ռաֆֆի Մարտիրոսյանին և Վահե Մուրադյանին, ինչի հետևանքով Ռ. Մարտիրոսյանի առողջությանը դիտավորությամբ պատճառել է միջին ծանրության վնաս, իսկ Վ. Մուրադյանին ապօրինաբար դիտավորությամբ զրկել կյանքից:

Կարեն Չատիկյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 104-րդ եւ 113-րդ հոդվածների 1-ին մասերով: Նա կալանավորված է:

Նշենք, որ եւ Կարենը, եւ Վահեն Երեւանի պետական համալսարանի ուսանողներ էին:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սալջարդ, ճակատի ուռած հատված, քերծվածքներ. Սամվելի խոշտանգման հետևում իշխանությունն է. Վարազդատ Հարությունյան
Սամվել Վարդանյանի խոշտանգումը տեղի է ունեցել իշխանությունների…
Բացահայտվել է ընդհանուր ավելի քան 13 կգ թմրամիջոցների մաքսանենգության դեպք. հանցավոր խմբի ևս 2 անդամ կալանավորված է
2024 թվականի ապրիլի 17-ին վերջինս հայտնաբերվել է և ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին։ Նրան մեղադրանք է առաջադրվել և միջնորդություն է...
Վայոց ձորի մարզում իրանական համարանիշերով բեռնատար «Mercedes»-ը կողաշրջվել է. ճանապարհի մի հատված փակվել է
Վթարի փաստով ՊԾ Վայոց ձորի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է վարորդի ինքնությունը...
Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ. դատարանը մերժել է միջնորդությունը
Հակակոռուպցիոն դատարանը մերժել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար…
RTL. Միլիարդատեր Կառլ-Էրիվան Հաուբը բեմադրել է իր մահը և փախել Մոսկվա
Հաուբն անհետացել էր Ալպերում դահուկներով սահելիս, սկսվել էին որոնողական աշխատանքներ, որոնք տևել էին վեց օր, սակայն 58-ամյա գործարարի մարմինը չէր գտնվել
ՔԿ․ Ադրբեջանի քաղաքացին սպանել է մոսկվացուն՝ կայանելու առիթով նկատողության պատճառով
Հետաքննության տվյալներով, չորեքշաբթի օրը Ադրբեջանի 21-ամյա քաղաքացին․․․
Ամենաշատ