News
Լրահոս
News
Շաբաթ
Հունվար 20
Տեսնել լրահոսը

2017 թվականին մի շարք ահաբեկչական գործողություններ  ցնցեցին ողջ աշխարհը։ Չարագործները ոչ միայն խնամքով ընտրում էին արյունալի «դատաստանի» վայրը, այլ նաեւ իրենց մտադրությունները իրականացնում սպանության նոր մեթոդների կիրառմամբ։

Ամեն տարի հարձակումների թիվը ավելանում է, եւ ահաբեկիչների նորարությունը ստիպում է իրավապահներին եւ հակահետախուզության մարմիններին միայն արձանագրել ահաբեկչական գործողությունների փաստը:

Թուրքիա

2017 թվականը սկսվեց Ստամբուլի հայտնի գիշերային ակումբի վրա ահաբեկչական հարձակումով: Հունվարի 1-ին՝ Նոր տարվա տոնակատարությունների ժամանակ, չարագործը կրակ էր բացել ակումբում գտնվող ամբոխի վրա: Զվարճանքի կենտրոնի տարածքում ողբերգության ժամանակ  գտնվում էր ավելի քան 700 մարդ: Առաջին կրակոցներից հետո ակումբի այցելուները  խուճապի մատնվելով ցատկել էին Բոսֆորի ջրերը՝  փորձելով փրկվել։

Անողոք հարձակման արդյունքում 39 մարդու համար դա դարձավ վերջին Նոր տարին, մոտ 70-ն էլ ստացան բազմաթիվ վնասվածքներ: Մահացածների թվում էին 16 զբոսաշրջիկներ, որոնք Թուրքիա էին եկել հանգստանալու:

Ահաբեկիչը հայտարարել էր, որ հարձակում էր գործել բոլոր քրիստոնյաների հանցագործությունների համար  վրեժ լուծելու նպատակով։

Արյունալի հարձակման պատասխանատվությունը ստանձնել էր ԻՊ-Ն:

Ռուսաստան

Ապրիլի 3-ին Սանկտ Պետերբուրգի կենտրոնում՝ «Սենայա Պլոշադ» եւ «Տեխնոլոգիական ինստիտուտ» մետրոյի կայանների միջեւ, տեղական ժամանակով  մոտ ժամը 15-ին պայթյուն էր որոտացել: Հարձակումը կատարվել էր ղրղզստանցի մահապարտ ահաբեկիչ Աքբարջոն Ջալիլովի կողմից, արդյոունքում՝ 16 մարդ զոհվել, 55-ը վիրավորվել էին:

Հետաքննության տվյալներով՝ Սանկտ-Պետերբուրգի մետրոյում տեղի ունեցած պայթյունը կազմակերպվել էր «Թաուհիդ վալ Ջիհադ» ահաբեկչական խմբի կողմից, որը ֆինանսավորվում է Թուրքիայից: Սակայն արյունալի սպանությունից անմիջապես հետո «Իսլամական պետությունը» ատանձնել էր դրա պատասխանատվությունը:

Մեծ Բրիտանիա

Մայիսի 22-ին Մեծ Բրիտանիայի Մանչեսթեր Արենայում, որտեղ տեղի էր ունենում ամերիկացի երգչուհի Արիանա Գրանդեի համերգը, տեղի ունեցավ ահաբեկչական հարձակում: Պայթյունը իրականացրել էր մահապարտ ահաբեկիչ Սալման Աբեդին: Զոհվեց 22 մարդ, այդ թվում `12 երեխա: Մոտ 120 մարդ վիրավորվել էր:

Հունիսի 4-ին Լոնդոնի Վեսթմինստերյան կամուրջում իսլամական ահաբեկիչները հերթական անգամ մարդկության դեմ օգտագործեցին «նոր զենք»՝ մեքենան: Ահաբեկիչները  սկզբում  ժողովրդին խոյահարել էին սպիտակ ֆուրգոնով, իսկ հետո մխրճվել ցանկապատի մեջ: Զինված տղամարդիկ դուրս էին թռել մեքենայից եւ վազել դեպի Բորո շուկա, որտեղ նրանք դանակով դաժանորեն հարձակվել են անցորդների վրա, 7 մարդ սպանվել էին, 20-ը`տուժել:

Իրավապահների տվյալներով՝  հարձակումը կատարել էին երեք ահաբեկիչներ: Նրանց երեքին էլ կրակելով սպանվել էին ողբերգության վայրում: Հետագայում Լոնդոնում հայտնաբերվել եւ ձերբակալվել էին հարձակման մեջ ներգրավված եւս 12 մարդ։

Իսպանիա

Հարձակման համար առաջին թիրախը Բարսելոնան էր: Օգոստոսի 17-ին բեռնատարը մեքենան զբոսաշրջիկների շրջանում ամենահայտնի փողոցներից մեկի`Ռամբլայի վրա վրաերթի էր ենթարկել հավաքվածներին: Նախքան հարձակումը  հանցագործը մեծացրել էր վարձակալված ավտոմեքենայի արագությունը եւ փորձել որքան հնարավոր է շատ մարդկանց վնասել:

Ահաբեկիչը մոտ 600 մետր վարում էր մեքենան զիգզագաձեւ՝ կարծես որսալով մարդկանց: Ողբերգության արդյունքում 13 մարդ էր զոհվել, այդ թվում` 5 երեխա, ավելի քան 100-ը վիրավորվել էր: Հայտնի է նաեւ, որ ահաբեկչական հարձակման արդյունքում տուժել է առնվազն 18 տարբեր երկրի քաղաքացի:

Սակայն այս հարձակումով վերջինը չէր: Մարդիկ դեռ չէին հասցրել ուշքի գալ պատահածից հետո, երբ մի քանի ժամ անց մեկ այլ վրաերթ տեղի ունեցավ Բարսելոնայից 120 կմ հեռավորության վրա գտնվող Կամբրիլս քաղաքում: Ահաբեկիչները ավտոմեքենան ուղղել էին ծովափին զբոսնող մարդկանց վրա: Այնուամենայնիվ, իրավապահներին հաջողվել էր ժամանակին կանխել ողբերգությունը եւ լիկվիդացնել հանցագործներին: Ահաբեկիչը անմիջապես սպանվել էր, սակայն մինչ այդ հասցրել էր վրաերթի ենթարկել 7 մարդու, որոնցից մեկը ստացված վնասվածքներից մահացել էր հիվանդանոցում:

Ահաբեկիչների  այս երկու սարսափելի հարձակումներից առաջ երկու պայթյուն էր տեղի ունեցել Ալկանար քաղաքի սեփական տներից մեկում. զոհվել էր մեկ մարդ: Իրավապահները կարծում են, որ հենց այս տունն էլ եղել է քրեական խմբավորման կենտրոնը, իսկ պայթյունները որոտացել էին հաջորդ պայթյունի համար նախատեսված ինքնաշեն ռումբի պատրաստման ժամանակ:

ԱՄՆ

ԱՄՆ ամենահայտնի քաղաքներից մեկում, որն ամեն տարի այցելում են հազարավոր զբոսաշրջիկներ, սարսափելի հրաձգություն էր տեղի ունեցել: Հոկտեմբերի 1-ին Լաս Վեգասում անհայտ անձը կրակ էր բացել Route 91 Harvest քանթրի փառատոնի եզրափակիչ ելույթի ժամանակ, որին ներկա էր շուրջ 40 հազար մարդ: Սպանության համար հարձակվողը ընտրել էր հյուրանոցի 32-րդ հարկը եւ հրացան: Ահաբեկչության հետեւանքով 59 մարդ էր զոհվել, 527-ը վիրավորվել էին:

Առաջին կրակոցներից հետո երաժշտասերները չէին հասկացել, որ տեղի ունեցողը ահաբեկչություն է, ուստի երաժշտությունը չէր դադարում: Սակայն մի քանի րոպե անց մարդիկ տեսան վիրավորներին եւ հասկացան, որ կտրուկ ձայները ամենեւին էլ հրավառություն չեն, այլ կրակոցներ են: Փառատոնի մասնակիցները զանգվածաբար փախչում էին ահաբեկչության վայրից:

Ահաբեկչության հեղինակը 64-ամյա ամերիկացի Սթիվեն Պեդոկն էր, ով մինչեւ թոշակի անցնելը աշխատում էր որպես հաշվապահ: Հանցագործը ինքնասպան էր եղել մինչեւ ոստիկանության վրա հասնելը: Հայտնի չէ, թե ինչն էր ստիպել ամերիկացի թոշակառուին զանգվածային սպանության գնալ:

 Եգիպտոս

Ապրիլի 9-ին մի Եգիպտոսի եկեղեցիներում  քանի ժամի տարբերությամբ երկու պայթյուն էր որոտացել: Եգիպտոսի Տանտա քաղաքի գլխավոր եկեղեցում առավոտյան տեղի ունեցած պայթյունի հետեւանքով  28 մարդ էր զոհվել, մոտ 80 մարդ վիրավորվել էր: Պայթյունը իրականացվել էր մահապարտ ահաբեկչի կողմից, ով եկեղեցի էր սողոսկել պատարագի ժամանակ: Ավելի ուշ երկրորդ մահապարտ ահաբեկիչը պայթեցրել էր իրեն Ալեքսանդրիա քաղաքի եկեղեցու մուտքի մոտ, որտեղ պայթյունի պահին գտնվում էր նաեւ Ղպտական եկեղեցու պատրիարք Թեոդոր (Տավադրոս) II: Այս ահաբեկչության հետեւանքով զոհվել էր 17 մարդ, այդ թվում` 4 ոստիկան, որոնք կանգնեցրել էին ահաբեկչին եւ կանխել էին նրա՝ եկեղեցի մտնելը, ինչի շնորհիվ հնարավոր եղավ խուսափել ավելի շատ զոհերից:

Մայիսի 26-ին Եգիպտոսի Էլ-Մինյա նահանգում ահաբեկիչները գնդակոծման էին ենթարկել մենաստան ուղեւորվող ավտոբուսը: Հարձակման հետեւանքով, ըստ տարբեր տվյալների, զոհվել էր 28-ից 35 մարդ, ավելի քան 20-ը վիրավորվել էին:

Նոյեմբերի 24-ին հզոր պայթյուն էր որոտացել Եգիպտոսի մզկիթում: Ողբերգությունը տեղի էր ունեցել Սինայ թերակղզու հյուսիսում՝ Բիր Ալ Աբեդ քաղաքում: ԶԼՄ-ների հաղորդումների համաձայն՝  ահաբեկիչները նախ պայթեցրել էին տաճարը, իսկ հետո, մեքենաներով արգելափակելով տարածքը, կրակ էին բացել նրանց փախչողների վրա: Եգիպտացի ահաբեկիչները իրենց դաժանությամբ գերազանցում էին 2017 թվականին Եվրոպայում իրականացված բոլոր ահաբեկչություններին. ոճրագործները գնդակոծել էին նաեւ բժիշկների կառքերը, որոնք եկել էին ողբերգության վայրից վիրավորներին տանելու համար: Հարձակման զոհ է դարձել 305 մարդ, 130 մարդ վիրավորվել էր:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջ
Մակրոնն առաջիկա շաբաթներին ԻՊ դեմ հաղթանակի մասին վստահություն է հայտնել
Նա խոսել է ընդհանուր տարածաշրջանի, մասնավորապես` Սիրիայի, Իրաքի, Լիբանանի եւ մի շարք այլ պետությունների մասին...
Աֆղանստանի հյուսիսը միջազգային ահաբեկչության հենակետի է վերածվում. Լավրով
Այս սպառնալիքը կանխելու համար անհրաժեշտ է շտապ միջոցներ ձեռնարկել...
Իրաքում եւ Սիրիայում «քիմիական» ահաբեկչության աճող սպառնալիքը լուրջ մտահոգություն է առաջացնում. Լավրով
Զինյալները ոչ միայն օգտագործում են թունավոր քիմիական նյութեր, այլեւ օգտագործում են իրենց տեխնոլոգիաները...
Բրիտանական «Ալլահի մահվան ավազակախումբը» ծրագրում էր պայթեցնել Բիգ-Բենը
Բիգ-Բենը, Հիթրոու օդանավակայանը, Westfield առեւտրի կենտրոնն ու հանրային տրանսպորտի մի քանի կայարաններ...
Թրամփը մեկ տարով երկարաձգել է Մերձավոր Արեւելքում ահաբեկիչների դեմ պատժամիջոցների ռեժիմը
Հրահանգը հանձնարարում էր ԱՄՆ ֆինանսական եւ իրավապահ մարմիններին գտնել եւ սառեցնել բոլոր հաշիվները...
Մոսկվան խստորեն դատապարտում է Բաղդադի ահաբեկչությունները. ՌԴ ԱԳՆ
Միեւնույն ժամանակ մենք նշում ենք ահաբեկիչների դեմ վճռական եւ անզիջում պայքարը շարունակելու կարեւորությունը...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ
Partner news