Պետերբուրգում ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնուն Ռուսաստանի նախագահական ընտրություններում առաջադրելու օգտին քվեարկել է 1802 ընտրող, «ՎԿոնտակտե»-ում հայտնել են «Նալնու թիմ: Սանկտ Պետերբուգ»-ից: Դեկտեմբերի 24-ին Նավալնու առաջադրման կողմնակիցները հավաքվել են եւս 19 քաղաքներում: Մոսկվայում քաղաքական գործչի առաջադմանն աջակցել է 742 մարդ:

Նավալնին պետք է նախաձեռնող խմբի 500 ստորագրություն հավաքի, այնուհետեւ ամբողջ երկրի ընտրողների եւս 300 հազար ստորագրություն: Միայն այդ ժամանակ կկարողանա հայտնվել քվեաթերթերում: Արդեն կիրակի նա ծրագրել է փաստաթղթերը ԿԸՀ հանձնել նախագահական ընտրություններին մասնակցելու համար: Գրանցումը մերժելու դեպքում նա խոստացել է բոյկոտի արշավ սկսել, քանի որ իշխանությունները ընտրողների մասնակցությունը մեծ խնդիր են համարում:

ԿԸՀ նախագահ Էլլա Պամֆիլովայի խոսքով՝ Նավալնին կարող է ընտրություններին մասնակցել միայն 2028 թվականին, օրենքով սահմանված ժամկետը լրանալուց հետո (ծանր հանցագործությունների կատարման համար ազատազրկման դատապարտված անձինք կարող են նախագահի պաշտոնի համար թեկնածու առաջադրվել դատապարտությունը մարված համարելուց 10 տարի հետո):