Տորոնտոյի բնակիչ երկու թուրքերը, որոնց մեղադրում են Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանի նստավայրի մոտ խաղաղ ցուցարարների մասնակիցների վրա հարձակման մեջ, դեռեւս չեն ձերբակալվել: Այս մասին հայտնում է Կանադայի Հայ Դատի հանձնախումբը՝ վկայակոչելով «Toronto Star»-ը:

Ծեծկռտուքի մասնակիցների մեծ մասի ձերբակալության թույլտվություն է ստացվել, բայց ոչ բոլորն են պատասխանատվության ենթարկվել: Նրանց թվում են նաեւ Ահմեթ Դերեչին եւ Մահմուդ Սամի Էլիալթին:

«Toronto Star»-ի տվյալներով՝ նրանք այլեւս Կանադայում չեն, տղամարդիկ թաքնվել են դատական հետապնդումից: Կանադայի Հայ դատի հանձնախմբի ատենապետ Շահեն Միրաքյանը երկրի կառավարությանը կոչ է արել սերտորեն համագործակցել ԱՄՆ-ի իրավապահների հետ եւ անհրաժեշտ քայլեր ձեռնարկել՝ նրանց պատասխանատվության ենթարկելու համար:

Հիշեցնենք, որ անցյալ տարվա մայիսի 16-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի թիկնապահները նրա Վաշինգտոն այցի ընթացքում ծեծկռտուք էին հրահրել ցուցարարների հետ: Արդյունքում առնվազն 9 մարդ է տուժել: 19 մարդ, այդ թվում՝ Թուրքիայի նախագահի անվտանգության ծառայության 15 աշխատակիցներ, մեղադրվում են ցուցարարների վրա հարձակման մեջ: