News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով նախատեսվում է, որ յուրաքանչյուր ազատազրկված անց կարող է դատական կարգով վիճարկել իր ապօրինի ազատազրկումը, իսկ դատարանը պարտավոր է պատշաճ ժամկետում հարցը քննի եւ ապօրինի ազատազրկված անձին ազատ արձակի: Այս մասին, այսօր՝ հունվարի 15-ին, հիշյալ օրինագծի երկրորդ ընթերցմամբ քննարկման ժամանակ նշել է Արդարադատության փոխնախարար Արթուր Հովհաննիսյանը:

Նրա խոսքով, մասնավորապես, խոսքը անձի ձերբակալման մասին է, որի վերաբերյալ նախկինում այս ընթացակարգը չի եղել:

«Բացի այդ, նախագծով համապատասխան դրույթներ են նախատեսվել, որոնք վերաբերում են դռնփակ դատաքննությանը, ինչպես նաեւ ցուցմունք տալու պարտականությունից ազատելուն: Սահմանադրության 65-րդ հոդվածը նախատեսում է, որ ոչ ոք պարտավոր չէ ցուցմունք տալ իր մերձավոր ազգականի կամ ամուսնու հետ կապված, եթե ողջամտորեն ենթադրելի , որ այդ ցուցմունքը կարող է հետագայում օգտագործվել նրանց դեմ: Մինչեւ նախագծի առաջին ընթերցումը, մտահոգություն էր առաջացել, թե ողջամտորեն ենթադրել ասելով, ով պետք է ենթադրի, որ դա կարող է օգտագործվել ցուցմունք տվողի ազգականի դեմ: Ես խոստացա, որ որոշակի շտկումներ կարվեն, ու հիմա հստակեցրել ենք, որ ենթադրողը հենց ցուցմունք տվող անձն է»,-ասաց փոխնախարարը:

Մյուս կարեւոր փոփոխությունը, որ արվել է, ըստ նրա, ձերբակալման գործերի քննության ողջամիտ ժամկետի սահմանումն է. «Մինչեւ առաջին ընթերցմամբ ընդունվելը, այստեղ խնդիր կար, որովհետեւ սահմանված էր, որ ձերբակալված անձի բողոքը դատարանը պետք է քննի 5-օրյա ժամկետում, բացառությամբ այն դեպքերի, երբ անձի կյանքին սպառնալիք կա, այդ դեպքում՝ անհապաղ էր քննվում, ինչպես նաեւ այն դեպքերում, երբ ձերբակալված անձի կողմից բողոք բերելուց հետո վարույթ իրականացնող մարմինը դատարան է ներկայացրել միջնորդություն կալանավորման մասին: Այդ դեպքում, ասվում էր, որ ձերբակալման դեմ բողոքը պետք է քննվի կալանավորման միջնորդության հետ միաժամանակ: Դուրս էր գալիս, որ եթե անձը բողոքում է իր կալանավորման դեմ, միաժամանակ չկա նրա կյանքի ու առողջությանը սպառնացող վտանգ, եւ վարույթ իրականացնող մարմինն էլ չի բերում կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդություն, ապա անձը ստիպված էր առավելագույն 72 ժամը նստեր, հետո գնար դատարան եւ վիճարկեր իր ազատազրկումը: Մենք նախատեսեցինք, որ գործերը պետք է քննվեն 15-օրյա ժամ,կետում, բայց եթե անձը բողոքը ներկայացնում է իր ձերբակալությունից հետո 60-ժամյա ժամկետում, ապա դատավորը պարտավոր է բողոքը քննել 24 ժամվա ընթացքում»,-ընդգծեց Արթուր Հովհաննիսյանը:

Երրորդ առաջարկն այն է եղել, որ ձերբակալված անձին տրվում է նաեւ ձերբակալման պատճառների ու հիմքերի մասին ծանուցագիր, նաեւ նշվում է ձերբակալման ոչ միայն ամսաթիվը, այլեւ ժամը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ