Ալավերդի քաղաքի բնակիչ Կամո Փիրուզյանի սպանության փաստի առթիվ հարուցված քրեական գործով իրականացվող նախաքննությանը չվնասելու նկատառումներից ելնելով ներկա պահին զերծ ենք մնում մանրամասն մեկնաբանություններից: Այս մասին հայտարարություն են տարածել գործով տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչներ Լուսինե Սահակյանն ու Երվանդ Վարոսյանը:
Հայտարարությունը ներկայացնում ենք ստորեւ. «Սակայն անհրաժեշտ ենք համարում փաստել, որ ՀՀ Քննչական կոմիտեի Լոռու քննչական վարչությունից քրեական գործը ՀՀ գլխավոր դատախազության միջամտությամբ ՀԿԳ քննության գլխավոր վարչություն տեղափոխվելուց հետո միայն սկսեց նշմարվել գործով օբյեկտիվ, լրիվ ու բազմակողմանի քննություն իրականացնելու միտում: Ցավոք հաճախ չեն լինում դեպքեր, երբ հնարավոր է գոհունակություն արտահայտել իրավապահ մարմինների աշխատանքի արդյունքից: Այս գործով ևս ի սկզբանե ակնհայտ անբավարար էր ոստիկանության կողմից իրականացվող աշխատանքի որակը, որի պարագայում ակնհայտ էր, որ հանցագործությունը այդպես էլ լիարժեք չէր բացահայտվելու, հանցակիցների հիմնական մասը, այդ թվում և կազմակերպիչը խուսափելու էին պատասխանատվությունից: Սույն գործով վերջին զարգացումները հիմք են տալիս կարծելու, որ Կամո Փիրուզյանի սպանությունը հնարավոր է լիարժեք բացահայտվի, և որ պատասխանատվությունից չեն խուսափի բոլոր հանցակիցները: Տիրապետելով քրեական գործի նյութերի զգալի մասին, դեպքին նախորդող ու հաջորդող ժամանակահատվածում Ալավերդի քաղաքում ծավալվող իրադարձություններին, կարող ենք փաստել, որ գործով նման զարգացումը հնարավոր էր միայն ՀՀ գլխավոր դատախազության, ՀՀ ԱԱԾ և Քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության համագործակցված արհեստավարժ աշխատանքի արդյունքում:
Համոզված ենք նաև, որ Կամո Փիրուզյանի սպանության լիարժեք քննությունը կհանգեցնի Ալավերդի քաղաքում տարիներ շարունակ իրականացվող բռնի հանցագործությունների, այդ թվում սպանությունների դադարեցմանը»:
Հիշեցնենք, որ այս գործի շրջանակում այսօր վերջապես ձերբակալվել է Վահագն Աբգարյանը՝ «Ալավերդցի Վահագնը»: Նա կասկածվում է սպանությունը պատվիրելու մեջ, նրա «թիմից» եւս երկու անձ ձերբակալված է:



























