Սան Դիեգոյի (Կալիֆորնիա) համալսարանի գիտնականները պարզել են, որ մոնիտորների առջեւ մեկ ժամ պակաս անցկացրած դեռահասները կյանքից ավելի մեծ գոհունակություն են զգում, քան համակարգչից կախվածություն ունեցող իրենց հասակակիցները:
Ուսումնասիրությունը հրապարակվել է ամերիկյան հոգեբանական ասոցիացիայի Emotion ամսագրում, հաղորդում է The Independent-ը:
Մասնագետները ուսումնասիրել են մինչեւ 18 տարեկան ամերիկացիների հոգեբանական առողջության մասին տեղեկությունները: Պարզվել է, որ համակարգչային խաղամոլները, հեռուստատեսային հաղորդումների եւ սոցցանցերի սիրահարները ավելի հաճախ են իրենց դժբախտ անվանում:
Նշվում է, որ այս գործոնը նվազեցնում է կյանքի բավարարվածության աստիճանը:
«Թեեւ հետազոտությունը չի արտացոլում պատճառահետեւանքային կապը, մի քանի այլ գործերում էլ ցույց է տրվել, որ սոցիալական ցանցերի ակտիվ օգտատերը դառնում է պակաս երջանիկ, իսկ դժբախտ մարդը չի սկսում ավելի ակտիվորեն օգտագործել սոցիալական ցանցերը», - ասել է հետազոտական խմբի ղեկավար Ջին Թվինժը:




























