Երեւանում 2017թ.-ի սեպտեմբերի 5-ին 11-ամյա աղջնակին մահացու վթարի ենթարկելու գործով այսօր՝ փետրվարի 21-ին, մեկնարկել է դատաքննությունը:

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավան եւ Նոր Նորք նստավայրում մեղադրող Արա Մնացականյանը հրապարակել է մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը: Ամբաստանյալներ Արթուր Հակոբյանն ու Լեւոն Հակոբյանը հայտարարել են, որ չեն ընդունում իրենց առաջադրված մեղադրանքները:

Դատարանում այսօր հարցաքննվել են մահացած աղջնակի ծնողները, որոնք վթարի ժամանակ եղել են մեքենայի մեջ: Ծնողները հայտարարել են, որ ամբաստանյալներից բողոք չունեն:

«Ինչ եղել, եղել է»,- ասել են նրանք:

Հարցաքննվել են նաեւ վթարված «OPEL» եւ «NISSAN» մակնիշի ավտոմեքենաների վարորդները:

Դատական հաջորդ նիստը կկայանա մարտի 22-ին:

Ըստ մեղադրանքի՝ Արթուր Հակոբյանը իր «HUMMER H2» մակնիշի ավտոմեքենայով եւ Լեւոն Հակոբյանն իր «HONDA ACCORD» մակնիշի մեքենայով թույլ է տվել ՃԵԿ-ի կանոնների խախտում, ինչի հետևանքով տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է անչափահաս աղջնակի մահը, վերջինիս մոր՝ Քնար Սարգսյանի առողջությանն անզգուշությամբ պատճառել է կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս, հոր՝ Կարեն Մկրտչյանի առողջությանը՝ միջին ծանրության վնաս:

Երկու վարորդներին էլ մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով: Երկու վարորդներն էլ կալանքի տակ են:

Ավելի վաղ Հատուկ քննչական ծառայության մամուլի ծառայությունը հայտնել էր, որ նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորվել է, որ սեպտեմբերի 5-ին Երեւանի Աճառյան փողոցում Լեւոն Հակոբյանը փորձել է իր վարած «HONDA» մակնիշի ավտոմեքենայով հետադարձ կատարել չթույլատրված վայրից, որով խոչընդոտել է հարեւան երթեւեկության գոտիներով համընթաց շարժվող տրանսպորտային միջոցների, մասնավորապես` Արթուր Հակոբյանի վարած «HUMMER» մակնիշի ավտոմեքենայի երթեւեկությանը: Արթուր Հակոբյանը, ով ավտոմեքենան վարել է սահմանված թույլատրելի արագության գերազանցմամբ, ստեղծված վտանգավոր իրավիճակի պատճառով անսպասելի փոխել է շարժման ուղղությունը եւ թույլ տալով ճանապարհատրանսպորտային կանոնների խախտում` ավտոմեքենան դուրս է բերել հանդիպակաց գոտի ու ընդհարվել նշված երթեւեկելի ուղեմասով ընթացող «OPEL» մակնիշի, այնուհետեւ` «NISSAN» մակնիշի ավտոմեքենաներին:

Պատահարի հետեւանքով «OPEL»-ի ուղեւոր, անչափահաս Լ. Մկրտչյանը տեղում մահացել է, իսկ նույն ավտոմեքենայի ուղեւորներից երկուսը, ինչպես վերն արդեն նշվել է, միջին ծանրության եւ կյանքին վտանգ սպառնացող ծանր վնասվածքներով տեղափոխվել են բժշկական կենտրոն: Վթարից հետո Լեւոն Հակոբյանը, թողնելով ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը, հեռացել է: