Իրենք տարածքն աղբավայրի են վերածել, գումարի դիմաց մեքենաներով շինարարական աղբ են ընդունել. Դա հանրային տարածք է և չէր կարող այդտեղ աղբավայր լինել, իրենք են վերածել աղբանոցի։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում նշեց Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռոմիկ Մխիթարյանը՝ անդրադառնալով նրան, որ այսօր թաղապետարանի աշխաըակիցները ոստիկանական ուժերի տրակտորների ուղեկցությամբ եկել են, որպեսզի քանդեմ տնակները, որտեղ մեծ թվով մարդիկ են ապրում։
«Ամբողջ խնդիրն այն է, որ մենք իրենց այդ, այսպես կոչված, բիզնես գործունեությունն ենք ուղում դադարեցնել։
Այս խնդիրը գալիս է 2022 թվականից, իրենք 2022 թվականից իրենք այդ տարածքը վերածել են աղբավայրի, այսինքն գումարի դիմաց աղբով լցված մեքենաներին թույլ են տվել, որ այդ տարածքում աղբը թափեն։
Բացի դրանից էլ, որ ասում են՝ 30 տարի ապրել են այդտեղ, այդ 30 տարվա ընթացքում ծավալվել են, արդեն 7–10 շինություն կա սարքած, որոնք նաև վարձով են տրամադրում։
Հաշվի առնելով, որ այդտեղ հաշմանդամ երեխաներ կան, կա երկու ամսական երեխա, մենք քանդման որոշումը այսօր կանգնեցրել ենք, վաղը իրենց հրավիրել ենք թաղապետարան, միասին կքննարկենք։ Այստեղ լինելու են նաև սոցապնախարարությունից, սոցվարչությունից, քաղաքապետարանի ներկայացուցիչներ։
Նախ իրենց պետք է նախազգուշացնենք, որ նման գործունեությունը դադարեցնեն, որովհետև հակառակ դեպքում այդ քանդումը լինելու է։ 2022–ից իրենց ասվել է, որ նման բան չանեն»,–ասաց նա՝ հավաստիացնելով, որ հենց դա է պատճառը, որ նման որոշում է կայացվել։
Հարցին՝ իրենց այլընտրանքներ առաջարկվելո՞ւ են, Ռոմիկ Մխիթարյանը պատասխանեց. «Դե դրա համար էլ ասում եմ, որ գալու են և սոցախ նախարարությունից, և սոցվարչությունից, որպեսզի բոլոր այդ խնդիրները քննարկվեն»։
Դիտարկմանը, որ այն, որ նրանք սեփականության վկայական չունեն, դա խնդիր չէ՞, պատճառը միայն աղբանոցի վերածե՞լն է, թաղապետը պատասխանեց. «Դա էլ է խնդիր, բայց այդ խնդրից առաջացել է այն մյուս խնդիրը։ Հիմա մենք ասում եմ՝ հաշվի առնելով, որ այդտեղ կան 13 երեխա, հաշմանդամ երեխա, երկու ամսական երեխա, քաղաքապետը որոշեց, որպեսզի մեկ անգամ ևս իրենց հնարավորություն տվի, որ այդ գործունեությունը չծավալեն, գոնե այդքանը չանեն»։
Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել էր, որ դեռևս ուրբաթ օրը՝ օգոստոսի 28–ին թաղապետարանից եկել են և այդ տնակների բնակիչներին անակնկալ հայտնել, որ պետք է քանդեն տնակները, իսկ բնակիչները պետք է հեռանան այդ տարածքից, թեև նրանք 30 տարուց ավելի ապրում են այդ տնակներում։
Տնակները սեփականաշնորհված չեն, բնակիչների խոսքով, դրանք նվեր են ստացել բարերարներից, իրենք բարեկարգել են տարածքը, որ ժամանակին աղբանոց է եղել։
Տանը 5 անչափահաս երեխա կա, որից 2–ը՝ մինչև մեկ տարեկան։
Բնակիչները NEWS.am–ի հետ զրույցում պատմեցին, որ իրենք հենց նույն օրը գնացել են Շենգավիթի թաղապետ Ռոմիկ Մխիթարյանի մոտ, վերջինս ասել է, որ հրահանգը վերևից է, ինքը ոչինչ չի կարող անել։
Արդեն այսօր Շենգավիթի թաղապետարանից եկել են, ոստիկանական մի մեծ խմբով։
Նշենք, որ այսօր հենց տրակտորն սկսել է աշխատել, բնակիչներից մի տարեց կին 2 ամսական թոռնուհուն վերցրել էր գիրկը և քարերով հարձակվել տրակտորի վրա։ Ոստիկանները հազիվ կարողացան նրան վնասազերծել, երեխային ձեռքից վերցնել և թույլ չտալ, որ վնաս հասցնի տեխնիկային, տեխնիկայի կողքը կանգնած մարդկանց, ինչպես նաև իր գրկին գտնվող երեխային։
Բնակիչները մանկասայլակներով փակել էին դեպի տնակներ տանող ճանապարհը ու չէին թողնում մոտենալ տներին։ Ամեն կողմից լսվում է երեխաների լացն ու գոչյունները։
Բնակիչներն ասում են, որ եթե նախապես՝ գոնե 2 ամիս առաջ պատշաճ իրենց տեղեկացրած լինեին, իրենք կփորձեին ինչ–որ բան անել, բայց մեկ օրվա ընթացքում հնարավորություն չեն ունեցել իրենց անչափահաս երեխաներին վերցնել, իրենց 30 տարվա իրերը հավաքել և այլ տեղ գտնել ապրելու։ Իրենց մի մասը հաշմանդամություն ունի, երեխաների մեջ էլ հաշմանդամություն ունեցողներ կան, ընտանիքում միայն մեկ հոգի է աշխատում։





























