News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հայաստանը բազմիցս հայտարարել է, որ Թուրքիայի ղեկավարությունը արձանագրությունները չի կարող առհավետ պատանդ պահել: Բայց Անկարան ականջալուր չեղավ ինչպես մեր, այնպես էլ միջազգային հանրության հետեւողական կոչերին: Այդ մասին հայտարարել է արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը Ազգային անվտանգության խորհրդի նիստում։

Նրա խոսքով, Անկախությունից ի վեր Հայաստանը փորձել է հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ։ «Սակայն, հայ-թուրքական հարաբերությունները շարունակում էին փակուղում մնալ, երբ Հանրապետության Նախագահը 2008թ.-ին նախաձեռնեց Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը: Դրա հիմքում ընկած էր առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորումը:

Թուրքական կողմի հետ հենց այս` առանց նախապայմանների կարգավորման, ընդհանուր փոխըմբռնմամբ մենք սկսեցինք, վարեցինք բանակցությունները, որոնց արդյունքում 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրվեցին «Հայաստանի Հանրապետության եւ Թուրքիայի Հանրապետության միջեւ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության եւ Թուրքիայի Հանրապետության միջեւ հարաբերությունների զարգացման մասին» արձանագրությունները»,- ասել է նախարարը:

Ըստ նրա, բանակցությունների ամբողջ ընթացքում մենք զգացել ենք միջազգային հանրության անվերապահ աջակցությունը, որը մեծ կարեւորություն տալով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը՝ դիտարկում էր Հայաստանի այս քայլը որպես իմաստուն նախաձեռնություն: «Ասվածի վկայությունն է արձանագրությունների ստորագրման արարողությանը Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Շվեյցարիայի արտաքին գերատեսչությունների ղեկավարների, ինչպես նաեւ Եվրոպական Միության Բարձր հանձնակատարի, Եվրոպայի Խորհրդի նախարարների կոմիտեի նախագահի ներկայությունը:

Հայաստանը մշտապես հետեւողական դիրքորոշում է ցուցաբերել արձանագրությունները կյանքի կոչելու հարցում: Ցավոք, հետագա զարգացումները եւս մեկ անգամ ցույց տվեցին, որ Անկարան պատրաստ չէ կարգավորմանը եւ որ թուրքական կողմի բարձրագոչ հայտարարությունները այսպես կոչված պատմական հաշտեցման պատրաստակամության մասին կապ չունեն իրականության հետ: Դեռեւս ստորագրման օրը թուրքական կողմը փորձ կատարեց կրկին հնչեցնել նախապայմաններ, որոնք նա օգտագործում էր մինչեւ գործընթացի մեկնարկը, ինչի պատճառով ստորագրման արարողությունը հետաձգվեց մի քանի ժամով։ Արարողությանը ներկա միջազգային հանրության բարձրաստիճան ներկայացուցիչները, թե' այն ժամանակ, թե' դրանից հետո հայտարարեցին, որ արձանագրությունները պետք է վավերացվեն ողջամիտ ժամկետներում եւ իրականացվեն առանց նախապայմանների»,- նշելէ  Նալբանդյանը:

Նա ասել է, թե ցյուրիխյան արձանագրությունների ստորագրումից հետո Թուրքիան կրկին վերադարձավ նախապայմանների լեզվին, որը ոչ միայն կապ չուներ արձանագրությունների տառի ու ոգու հետ, այլ` հակասում էր դրանց: «Թուրքիան արձանագրությունների վավերացումը պայմանավորեց Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը ադրբեջանական կողմի առավելապաշտական եւ անհիմն մոտեցումների համապատասխան կարգավորելու հետ եւ բացահայտ ողջունեց Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի սադրիչ հայտարարություններն ու գործողությունները:

Ոչ միայն Հայաստանը, այլեւ գործընթացին աջակից երկրներն ու միջազգային կառույցները հրապարակավ հայտարարեցին, որ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի հանգուցալուծումը չի կարող կապակցվել հայ-թուրքական կարգավորման գործընթացի հետ: Այդպիսի փորձերը կարող են վնասել երկու գործընթացներին էլ։

Մենք նաեւ շարունակաբար հստակ վերահաստատել ենք, ներառյալ հայ-թուրքական գործընթացի թե՛ մեկնարկին եւ թե՛ դրա ընթացքում, որ Հայաստանը երբեք հարցականի տակ չի դնի Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման կարեւորությունը:

Ինչպես բազմիցս շեշտել է նախագահ Սարգսյանը, Հայաստանը նախապայմանների լեզվով չի խոսում, բայց չի էլ ընդունի որեւէ մեկի կողմից նախապայմանների առաջադրումը»,- ասել է նա։

«Երբ թուրքական կողմը ողջ գործընթացը մղեց դեպի փակուղի, Հայաստանը ստիպված եղավ կասեցնել վավերացման ընթացակարգը` այնուամենայնիվ պատրաստ մնալով վավերացնել արձանագրությունները` Թուրքիայի համապատասխան քայլերի հետ զուգահեռ։ Հայաստանի այս մոտեցումը տարբեր երկրների ու միջազգային կառույցների կողմից ըմբռնումով ընկալվեց եւ ողջունվեց:

Այն, որ Թուրքիան պատրաստ չէ առաջ գնալ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ուղով եւս մեկ անգամ փաստվեց, երբ Անկարան մերժեց 2015թ. ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցին մասնակցելու նախագահ Սարգսյանի հրավերն, որը 2014թ. օգոստոսին Անկարայում ես փոխանցեցի Թուրքիայի նախագահ Էրդողանին։ Սա Թուրքիայի կողմից հերթական բաց թողնված հնարավորությունն էր:

Հայաստանը բազմիցս հայտարարել է, որ Թուրքիայի ղեկավարությունը արձանագրությունները չի կարող առհավետ պատանդ պահել: Բայց Անկարան ականջալուր չեղավ ինչպես մեր, այնպես էլ միջազգային հանրության հետեւողական կոչերին:

Իհարկե, մենք երբեւէ չենք ապավինել Թուրքիայի բարեհաճությանը, այլ փորձել ենք կառուցել իրավահավասար, ժամանակակից հարաբերություններ։ Գուցե նաեւ սա է արձանագրությունները վավերացնելու Թուրքիայի դժկամության պատճառը։ Վերջիվերջո, դրանք հայ-թուրքական հարաբերությունների առաջին փաստաթղթերն էին, որ մեզ չէին պարտադրվել, ավելին՝ նախաձեռնվել էին Հայաստանի կողմից եւ բանակցվել էին մեր առաջարկների հիման վրա։ Հայաստանը մնաց իր բարձունքի վրա եւ կարողացավ առաջ տանել իր կողմից նախաձեռնած այս գործընթացը` հավատարիմ լինելով ձեռք բերված համաձայնություններին, ի տարբերություն Թուրքիայի, որն իր մեջ ուժ չգտավ ձերբազատվելու իր կարծրատիպերից՝ խախտելով միջազգային հարաբերությունների անկյունաքարային սկզբունքը՝ pacta sunt servanda` համաձայնությունները պետք է հարգվեն:

Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը սկսելիս մենք լիովին պատկերացրել ենք հետագա զարգացումների հնարավոր տարբերակները: Մենք ձգտում էինք արձանագրությունների կնքման միջոցով հարաբերությունների կարգավորմանը, սակայն գիտակցում էինք նաեւ, որ Թուրքիան կարող է համապատասխան քաղաքական կամք չդրսեւորել եւ չհարգել իր ստանձնած պարտավորությունները:

Ժամանակը ցույց տվեց, որ մեր այս մտահոգությունն արդարացի էր: Մինչ օրս, թուրքական իշխանությունների կողմից արձանագրությունների վավերացմանն ուղղված որեւէ քայլի բացակայությունը, շարունակական փորձերը արձանագրությունների վավերացումը փոխկապակցել նախապայմաններով, Հայաստանի ու հայ ժողովրդի հասցեին Անկարայից հնչող սադրիչ հայտարարությունները, ակնառու կերպով վկայում են, որ Թուրքիան պատրաստ չէ գնալ արձանագրությունների վավերացմանը եւ կյանքի կոչմանը»,- ամփոփել է ԱԳ նախարարը:

Որեւէ մեկի նախապայմաններ առաջադրելու պրակտիկան ուղղակի մեզ մոտ չի անցնելու. Սերժ Սարգսյան

Հայ-թուրքական արձանագրությունների կնքման ընթացակարգը դադարեցվեց. Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ