Միջազգային ավիացիոն կոմիտեում Լեհաստանի լիազոր ներկայացուցիչ, գնդապետ Էդմունդ Կլիխը հայտարարել է, որ Լեհաստանի նախագահ Լեհ Կաչինսկիի օդանավի կործանման մեջ մեղավոր է լեհական կողմը։

«Ես վստահ եմ, որ Սմոլենսկի մերձակայքում  տեղի ունեցած ավիավթարի մեղքը մերն է։ Չի կարելի անգամ ասել, որ ռուսական կողմը ինչ-որ բացթողումներ է ունեցել»,- ասել է Կլիխը, հայտնում է «Ինտերֆաքսը»։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, համաձայն Միջպետական ավիացիոն կոմիտեի տեխնիկական հանձնաժողովի օդաչուները սխալվել էին բարձրաստիճան պաշտոնյաների՝ իրենց վրա գործադրված ճնշումների պատճառով, ինչն էլ բերել էր վայրէջք կատարելու սխալ որոշման եւ աղետի։

Աղետի մասին զեկույցի նախագիծը Լեհաստանին տրվել էր 2010 հոկտեմբերին։ Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը փաստաթուղթն անընդունելի էր համարել։

Նշենք, որ ՏՈՒ-154 օդանավը, որում գտնվում  էին Լեհաստանի նախագահ Լեհ Կաչինսկին, առաջին տիկինը եւ բարձրաստիճան պաշտոնյաներ, Ռուսաստանում՝ Սմոլենսկի մոտակայքում, վթարի էր ենթարկվել 2010 թվականի ապրիլի 10-ին։