Ես միշտ դեմ եմ եղել այդ էսքիզին եւ դեռ այն ժամանակ էլ հայտարարել եմ, որ ներկայացված գործերից ոչ մեկը չի արտահայտում Արամ Մանուկյանի կերպարը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց քանդակագործ Լեւոն Թոքմաջյանը՝ անդրադառնալով Արամ Մանուկյանի՝ աղմուկ հանած արձանի տեղադրմանը:

«Դա Դաշնակցության եւ քաղաքապետարանի հատուկ տրյուկն էր, որպեսզի էդ գործն անցկացվի: Այդտեղ ո՛չ Արամ Մանուկյան կա, ո՛չ գեղագիտական ինչ-որ ցիվիլ բան: Ի՞նչ կապ ունի էդ դրոշակը Արամ Մանուկյանի արձանի հետ: Դա բաղնիքի սրբիչ է, այնտեղ Արամ Մանուկյան չկա: Ես դեռ այն ժամանակ էլ հայտարարել եմ, որ ներկայացված գործերից ոչ մեկը չի արտահայտում Արամ Մանուկյանի կերպարը»,- ասաց քանդակագործը:

Նրա խոսքով՝ դեմ է ե՛ւ արձանին, ե՛ւ դրա տեղադրման վայրին:

«Մենք նաեւ տեղի համար ենք բողոքել: Ասել ենք, որ պետք է տեղը փոխել, բայց ինչի համար տեղը նույնը մնաց, մեզ համար անհասկանալի է: Մենք այդ էսքիզը չենք նայել եւ չենք քննարկել, դա ապօրինի եւ շինծու գործ է, դա Դաշնակցության նախաձեռնությունն է եղել: Իրենք ոչ մի մասնագետի կարծիք էլ բանի տեղ չդրեցին, նույնիսկ վերջում էլ ցույց չտվեցին: Ինչ ասեմ, ցավալի է»,- հավելեց քանդակագործը:

Թոքմաջյանի կարծիքով՝ արձանի ապամոնտաժման համար հանրային ճնշում պետք է լինի, քանի որ իրենք՝ հանձնաժողովի անդամները, իրենց կարծիքը վաղուց են հայտնել այս առնչությամբ:

Նշենք, որ Առաջին Հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի արձանը տեղադրվել է այսօր՝ Արամի եւ Նալբանդյան փողոցների խաչմերուկում՝ Երեւանի Մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայարանի մուտքի մոտ: