News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն իշխանության գործողություններում խտրականություն է նկատել: NEWS.am-ի հետ զրույցում նա սրտնեղեց, թե գործող իշխանությունը փորձում է բոլոր բացահայտումները կապել Հանրապետական կուսակցության հետ, մինչդեռ իրականում այդ ստուգումներն աղերս չունեն ՀՀԿ-ի հետ:

«Քաղաքական դաշտի կայացման համար դա չի կարող առաջընթաց ապահովել: Մենք ավելի լուրջ գործեր ունենք անելու»,- ասաց Վահրամ Բաղդասարյանը:

Անդրադառնալով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի տանն ԱԱԾ հատուկ գործողություններին, Բաղդասարյանն ասաց՝ տհաճ երեւույթ է:

«Տհաճ երեւույթ է, առայժմ չեմ ուզում գնահատականներ տալ, բայց իմ տեղեկատվությամբ՝ այնտեղ որեւէ բան չի հայտնաբերվել: Այդ գնահատականները կտան իրավապահները, միշտ ձեռնպահ եմ մնացել իրավապահների գործողություններին գնահատական տալ, բայց, համենայն դեպս, ինձ թվում է, որ մենք ավելի լուրջ գործեր ունենք անելու այս իրավիճակում: Հարկավոր է մի փոքր կանգ առնել: Տհաճ է, որ ցանկացած ստուգում կատարելու դեպքում կապում են Հանրապետականի հետ»,- ասաց Վահրամ Բաղդասարյանը:

Պատգամավորը շեշտեց, որ այդ լայնամասշտաբ ստուգումները պայմանավորված են առաջիկա ընտրությունների հետ եւ տպավորություն է, որ ՀՀԿ-ից վտանգ է սպառնում գործող իշխանությանը. «Հանրության մեջ տպավորություն է, որ Հանրապետականը մարել է, բայց այս գործողություններից հետո տպավորություն եմ ստանում, որ Հանրապետականն իրենից վտանգ է ներկայացնում, որ իրենք էսպիսի գործողություններ են կատարում: Դիմակավորված մարդկանցով այս գործողությունները մեծ արձագանք է ստանում: Գնահատականները թող տան իրավապահները, բայց քաղաքական դաշտի կայացման համար այս երեւույթներն առաջընթաց չեն կարող լինել, խտրականությունը շատանում է, եւ սիրո, համերաշխության մթնոլորտը փոխվում է այլ բանի»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ