News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը


Համացանցում տարածված ԱԱԾ տնօրենի եւ ՀՔԾ պետի խոսակցության ձայնագրությունը սկանդալ է առաջացրել: Դրանում Արթուր Վանեցյանն ու Սասուն Խաչատրյանը խոսում են Մարտի 1-ի գործի մասին: ԱԱԾ ղեկավարին հետաքրքրում է, մասնավորապես, առաջադրված մեղադրանքին Ռոբերտ Քոչարյանի արձագանքը: Ուշագրավ է նաեւ զրույցի՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին վերաբերող հատվածը:

Սկանդալային ձայնագրությունն արագորեն տարածվեց, եւ Արթուր Վանեցյանն ու Սասուն Խաչատրյանը ստիպված եղան ասուլիս հրավիրել. վարչապետն էր հանձնարարել: Լրագրողների հետ հանդիպման եկած պաշտոնյաներն ակնհայտորեն լարված էին: Ասուլիսի հենց սկզբում ԱԱԾ տնօրենը հաստատեց. ձայնագրությունն իրական է: Արթուր Վանեցյանը հաստատեց նաեւ. խոսել են Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք առաջադրելու օրը մասին: Սակայն պարզաբանել է, որ զուտ իրավաբանական քննարկում է եղել. փորձագիտական կարծիք է ստացել, որում հիմքերի հետ կապված պարզաբանման համար է դիմել իրավաբան Սասուն Խաչատրյանին: Իսկ գաղտնալսված խոսակցության ձայնագրությունը հրապարակելու նպատակը, ըստ Վանեցյանի եւ Խաչատրյանի, Մարտի 1-ի գործի բացահայտմանը խոչընդոտելն է:

Ըստ ձայնագրության՝ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու որոշում կայացնելու առաջ դատավորը զանգահարել է ԱԱԾ տնօրենին եւ խորհուրդ հարցրել: Արթուր Վանեցյանը, սակայն, հերքում է. դատավորի հետ չի խոսել, նույնիսկ չի էլ ճանաչում: Եվս մեկ «հարկադրանքի» մասին էլ վկայում է զրույցի մեկ այլ հատված. ըստ Արթուր Վանեցյանի՝ վարչապետն ասել է՝ Խաչատուրովին փակեք, բայց ԱԱԾ ղեկավարն այս դեպքում նույնպես մտավախություն է հայտնում ռուսական կողմի արձագանքի վերաբերյալ:

Զրույցից դատելով՝ ՀՔԾ պետն ամեն գնով ցանկացել է կալանավորել նաեւ Յուրի Խաչատուրովին. կարծել է՝ միայն այդ դեպքում նա ցուցմունք կտա: Հրապարակված ձայնագրությունում Յուրի Խաչատուրովի հասցեին հնչեցրած արտահայտությունների համար ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի փաստաբանը Սասուն Խաչատրյանից պահանջելու է ներողություն խնդրել, հակառակ դեպքում՝ անձին վիրավորելու փաստով քաղաքացիական հայց կներկայացնեն դատարան:

Ռոբերտ Քոչարյանին վերաբերող հատվածների առնչությամբ էլ հայտարարություն է տարածել նախկին նախագահի գրասենյակը՝ հայտարարելով, որ հրապարակված ձայնագրությունն ապացուցում է, որ Քոչարյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում, որն ուղղորդվում է անմիջականորեն վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից: Ի դեպ՝ Ռոբերտ Քոչարյանի դեմ օրերս եւս մեկ գործ է հարուցվել, այս մեկը՝ փողերի լվացման հատկանիշներով: Արթուր Վանեցյանի հավաստմամբ՝ երկրորդ նախագահի ընտանիքի ունեցվածքի մասին փաստաթղթեր ունեն, եւ խոսքը հարյուր միլիոնավոր դոլարների մասին է:

Ի վերջո, ո՞վ է գաղտնալսել ԱԱԾ եւ ՀՔԾ ղեկավարների հեռախոսազրույցն ու հրապարակել այս ձայնագրությունը: Արթուր Վանեցյանը հակված չէ կարծել, որ ԱԱԾ-ականների ձեռքի գործն է: Ձայնագրության հրապարակման դեպքի առիթով գլխավոր դատախազությունը երկու հոդվածով քրեական գործ է հարուցել:

Սկանդալային ձայնագրության հրապարակմանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադարձել է նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հետո այդ մասին խոսել քարոզարշավի ժամանակ: «Իմ քայլը» դաշինքի ընտրարշավի շրջանակում հրավիրված հանրահավաքի ժամանակ Փաշինյանն ասել է՝ ԱԱԾ-ին եւ ոստիկանությանը հանձնարարել է ամենակարճ ժամանակահատվածում հայտնաբերել դավադրությունը կազմակերպածներին եւ ամենախիստ պատասխանատվության ենթարկել:

Նրանց հրահանգվել է նաեւ «ռեյդեր» իրականացնել եւ «օլիգարխների, բարձրաստիճան պաշտոնյաների թիկնազորներին պառկեցնել ասֆալտներին եւ զինաթափել բոլորին»: Եթե իրավապահներին դա չհաջողվի, ժողովրդի հետ նրանց դեմ այլ կերպ կպայքարի:

Վերջին օրերի իրադարձությունները Նիկոլ Փաշինյանին ստիպել են եզրակացնել, որ քաղաքապետի իրենց թեկնածու Հայկ Մարությանի աղմկահարույց հայտարարությունը ճիշտ էր: Հանրահավաքի ժամանակ արդեն վարչապետն է հայտարարել. առաջիկա ընտրությունները «սեւի եւ սպիտակի» ընտրություններ են:

Քարոզարշավի մեկնարկի օրը Նիկոլ Փաշինյանը եւս մեկ հայտարարություն էր արել, որը քննարկումների ու ենթադրություններ առիթ էր տվել. ասել էր՝ կան քաղաքական ուժեր, որոնք, իր խոսքով, իրենց հեղափոխական են ներկայացնում, սակայն «քուչեքում բանակցում են ՀՀԿ-ի հետ»՝ փորձելով տապալել հեղափոխությունը: Կոնկրետ անուններ Փաշինյանը չէր ներկայացրել, եւ կարծիքներ հնչեցին, որ խոսքը Գագիկ Ծառուկյանի ԲՀԿ-ի մասին է: Վերջին հայտարարությունից հետո, սակայն, ենթադրություններն այլ են. վարչապետը, ամենայն հավանականությամբ, նկատի ունի ավագանու ընտրություններին մասնակցող «Լույս» դաշինքին, որում ներառված կուսակցությունների հետ Նիկոլ Փաշինյանի կուսակցությունը «Ելք» դաշինքն է կազմել:

Հայաստանն ու Ռուսաստանը Սիրիայում հումանիտար ծրագիր են իրականացնելու: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այդ մասին հայտարարել էր դեռեւս օգոստոսին, բայց մանրամասներ չէր հայտնել: Սեպտեմբերի 8-ին Մոսկվա կատարած այցից հետո որոշ փակագծեր բացվեցին. ծրագրի հիմնական նպատակը Հալեպի հայ համայնքին եւ Սիրիային օգնելն է: Հատկանշական է, որ Հայաստանի պաշտպանության նախարարության մարդասիրական առաքելության ներկայացուցիչները կգործեն Հայաստանի դրոշի ներքո:

Դավիթ Տոնոյանը հայտնել է, որ ծրագրում են Սիրիա ուղարկել պաշտպանության նախարարության մասնագետների խումբ՝ կազմված բժիշկներից, հումանիտար ականազերծման մասնագետներից եւ նրանց անվտանգությունն ապահովող անձնակազմից։ Սակայն հայաստանյան քաղաքական ուժերի ներկայացուցիչներն ու փորձագիտական շրջանակները սրա մեջ վտանգ են տեսնում:

Նախ՝ դեռեւս պատերազմական վիճակում գտնվող երկրում հայկական զինված ուժերի գտնվելու, ինչպես նաեւ դրան Արեւմուտքի՝ ԱՄՆ-ի եւ Եվրամիության արձագանքի առումով: Փորձագետները կարծում են, որ սա Հայաստանի կառավարության կողմից քայլ է՝ ուղղված հայ-ռուսական հարաբերություններում լարվածությունը թուլացնելուն: Սակայն դա չի վերացնում մարդասիրական առաքելությանը մասնակցության հետեւանքով վտանգները: Ոմանք ծրագիրը նույնիսկ Ռուսաստանի սիրիական ավանտյուրա են բնորոշում, որին Մոսկվան փորձում է ներքաշել նաեւ հայկական կողմին:

Սեպտեմբերի 11-ին դոլարն ու եվրոն թանկացել են: Դոլարի փոխարժեքը կազմել է արդեն 485 դրամ, եվրոյինը՝ 562, ռուբլունը՝ 6 դրամ 92 լումա, ֆունտինը՝ 632 դրամ:

Սեպտեմբերի 12-ին հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը 13-ից 3-4 աստիճանով կբարձրանա: Երեւանում վաղը տեղումներ չեն սպասվում: Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +16+18, ցերեկը՝ +31+33 աստիճան տաքություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ