News
Լրահոս
News
Շաբաթ
Հոկտեմբեր 19
USD
476.34
EUR
530.17
RUB
7.45
ME-USD
0.07
Տեսնել լրահոսը

Հայաստանի ԱԺ «Ելք» խմբացկության պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Սասուն Միքայելյանի որդին՝ Սեւակ Միքայելյանը, ինքնաառաջադրվեց Հրազդան համայնքի ղեկավարի  արտահերթ ընտրություններում:

Նշենք, որ հոկտեմբերի 21-ին Կոտայքի  մարզի մի շարք համայնքներում տեղի են ունենալու համայնքի ղեկավարի ընտրություններ: Թիվ 26 ընտրատարածքն ընդգրկող համայնքներում՝ Հրազդանում եւ Սոլակում, համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններ են տեղի ունենալու:

Հրազդան եւ Սոլակ համայնքներն ընդգրկող թիվ 26 տարածքային հանձնաժողովի նախագահ Արմեն Բադալյանը NEWS.am-ի հետ զրույցում նշեց, որ սեպտեմբերի 26-ից սկսվել է թեկնածուների առաջադրումը. «Սեպտեմբերի 27-ին առաջադրման փաստաթղթեր է ներկայացրել Սեւակ Սասունի Միքայելյանը՝ ինքնաառաջադրմամբ: Այլ թեկնածուներ դեռեւս չեն առաջադրվել: Սոլակ համայնքից  առաջադրվել են 3 թեկնածուներ՝ բոլորն էլ ինքնաառաջադրմամբ՝ Էդգար  Խաչատրյանը, ով ներկայումս Սոլակ համայնքի ղեկավարի պաշտոնակատարն է, Ռազմիկ Պետրոսյանը եւ Ռոման Դանիելյանը»,-հայտնեց հանձնաժողովի նախագահը:

Տարածքային հանձնաժողովից տեղեկացանք, որ թեկնածուների առաջադրումը նախատեսված է սեպտեմբերի 26-30-ը, որից հետո՝ սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 2-ը կլինի թեկնածուների գրանցումը: Քարոզարշավը մեկնարկելու է հոկտեմբերի 9-ից, ավարտվելու է հոկտեմբերի 19-ին: Հոկտեմբերի 20-ը լռության օր է, 21-ին էլ՝ համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ  Հրազդան համայնքի ղեկավարի ընտրություններում պատրաստվում է առաջադրվել նաեւ Հրազդանի Կոճոռ թաղամասի բնակիչ, 24 ամյա, անկուսակցական Լեւոն Ստեփանյանը: Վերջինս NEWS.am-ին հայտնել էր, որ որեւէ կուսակցության կամ իշխանության հովանավորչությունը չունի եւ իր թիկունքը՝ ժողովուրդն է:

Հավելենք նաեւ, որ ինքնաառաջադրված Սեւակ Միքայելյանը ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանի կրտսեր որդին է: Նա արդեն չորս տարի հանդիսանում է «Քաղաքացիական Պայմանագիր»  կուսակցության Հրազդանի տարածքային  կառույցի ղեկավար: ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանը NEWS.am-ի հարցազրույցներից մեկի ժամանակ հայտնել էր, որ եթե որդին առաջադրվի, ինքը միայն կողջունի որդու որոշումը:

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ