News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի հորեղբոր դուստրը՝ Աննա Սարգսյանը, պնդում է, որ Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը փորձում է ազատվել իրենից: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Աննա Սարգսյանը։

«Բժշկական համալսարանում արտասահմանցի ուսանողների ընդունելությունը տարիներ շարունակ իրականացվել է համալսարանի կողմից հաստատված կարգի խախտումներով, մասնավորապես, եղել են դեպքեր, երբ արտասահմանցի դիմորդները չեն հավաքել բավարար միավորներ, բայց ընդունվել են համալսարան, կամ առաջադրված հարցին ընդհանրապես չեն պատասխանել, սակայն ստացել են միավոր։ Եղել է նաև, որ դիմորդը պատասխանել է ընդամենը յոթ հարցի, բայց ստացել է ութ միավոր կամ առաջադրված հարցերին դիմորդի կողմից իրարամերժ պատասխաններ տալու պայմաններում ստացել է միավորներ:

Ռեկտոր Ա. Մուրադյանի պաշտոնավարման օրոք՝ 2017թ-ին, երևույթները մեկ այլ բնույթ են ստացել, մասնավորապես, 2017թ. հրամանագրված ուսանողներից թվով 22-ի անձնական գործերում ընդհանրապես բացակայել են գիտելիքների ստուգման արդյունքները, որն առնվազն կարող էր տարօրինակ լինել, քանի որ հրամանագրերում նշվել է, թե այդ ուսանողների հրամանագրումն իրականացվել է հիմք ընդունելով գիտելիքների ստուգման արդյունքները: Հանդիսանալով օտարերկրացիների ուսուցման դեկան՝ ես պահանջել են, որպեսզի արձանագրվի փաստաթղթերի բացակայության փաստը և մշտապես պայքարել եմ համալսարանում տեղի ունեցող բացասական երևույթների դեմ»,– ասաց Աննա Սարգսյանը։

Նրա խոսքով՝  իր և Բժշկական համալսարանի ղեկավարության միջև խնդիրներ են առաջացել նաև 2017թ., երբ համալսարանը կազմակերպել և դիպլոմ է շնորհել Վրաստանի մի քաղաքացու, ով 2001թ-ին դուրս էր մնացել ԲՈՒՀ-ից՝ չհանձնելով պետական ավարտական քննությունները:

«Պետք է փաստել, որ մշտապես, արտասահմանցի բոլոր ուսանողների ավարտական քննությունների և դիպլոմների տրամադրման կազմակերպումն իրականացվել է օտարերկրացիների ուսուցման դեկանատի կողմից, սակայն այդ ուսանողի պարագայում դեկանատը շրջանցվել է։ Հետագայում համալսարանն ինձ ստիպել է, որպեսզի դիպլոմը գրանցվի դեկանատի դիպլոմների գրանցամատյանում, որից ես հրաժարվել եմ, սակայն հետագայում ստիպված եմ եղել գրանցում անել, այնուամենայնիվ, գրանցամատյանում նշելով, որ դիպլոմի տրամադրման կազմակերպումը դեկանատի կողմից չի իրականացվել: Այս երևույթներին զուգընթաց, հասկանալի պատճառներով, համալսարանի ղեկավարությունը որոշել է ձերբազատվել ինձանից և գտել դրա լուծման տարբերակը. իմ հաստիքը գիտ. խորհրդով նշանակովիից դարձրել է ընտրովի և փակ գաղտնի ընտրությամբ հայտարարել, որ չեմ հավաքել բավարար ձայներ»,– ասաց նա:

Նշենք, որ «Ժողովուրդ» թերթը գրել էր, որ Աննա Սարգսյանը, որը 12 տարի շարունակ աշխատել է Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում որպես օտարերկրացիների ուսուցման դեկան, այդ բուհի դեմ դատական հայց է ներկայացրել: Նախկին վարչապետի քույրը պահանջում է անվավեր ճանաչել իր հետ աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին հրամանը եւ վերականգնել նախկին պաշտոնում: Թերթի տեղեկություններով՝ Աննա Սարգսյանը մասնակցել է համալսարանում դեկանի ընտրություններին եւ 56 դեմ, 7 կողմ ձայներով չի ընտրվել դեկանի պաշտոնում:

Տպել
Ամենաշատ