Ամենագլխավորը մարդ մնալն է եւ «դիմացինիցդ հետ այնպես վարվիր, ինչպես կուզենայիր, որ քեզ հետ վարվեն» քրիստոնեական սկզբունքը պահպանելը։ Ես մկրտված ուղղափառ մարդ եմ, կրոնն օգնում է կյանքի իմաստ ձեռք բերել, եւ ես ջանում եմ հետեւել Քրիստոսի պատգամներին։
Կիմ Բակշի
Ռուսաստանցի գրող, կինոդրամատուրգ, հայագետ, Հայաստանի մասին գրքերի հեղինակ Կիմ Բակշին այսօր նշում է 88-ամյակը։
Գրական գործունեությունը Կիմ Բակշին սկսել է 1957-ին, երբ սկսեց հրապարակել ակնարկներ եւ պատմվածքներ խոպանի մասին, որտեղ աշխատում էր որպես տրակտորիստ եւ կոմբայնավար։ 1963-ին հրապուրվեց Հայաստանի հին մշակույթի ուսումնասիրմամբ եւ հավատարիմ մնաց հայկական թեմային ողջ կյանքում։ Նրա առաքելությունը դարձավ հասարակությանը հայկական պատմությանը, մշակույթին, ժողովրդի հոգեւոր արժեքներին, նրա դարավոր ավանդույթներին, վեհասքանչ բնությանը, ուրույն հուշարձաններին ծանոթացնելը։

Հայ-ռուսական բարեկամության եւ մշակութային կապերի ամրապնդման եւ զարգացման իր բազմամյա բեղմնավոր գործունեության համար Կիմ Բակշին արժանացել է Հայաստանի պետական՝ Պատվո շքանշանի։ Նա Հայաստանի Հանրապետության պետական մրցանակակիր է, արժանացել է Հայաստանի Գրողների միության Հովհաննես Թումանյանի մրցանակի, «Հայ ժողովրդի բարեկամ» մրցանակի։ Նա նաեւ պարգեւատրվել է Մովսես Խորենացի մեդալով (2001, Հայաստանի կառավարության շքանշան), պարգեւատրվել է Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանի «Պատվո շքանշանով» (2006, բազմամյա անձնուրաց լուսավորչական գործունեության, հայ հնագույն ձեռագրերի ուսումնասիրման բեղմնավոր աշխատանքի, հայոց պատմության եւ մշակույթի հանրահռչակման գործում ունեցած հսկայական ավանդի համար)։ Բակշին «Կարպիս Փափազյան» հատուկ ֆոնդի (Վիեննա) մրցանակի դափնեկիր է (գրական գործունեության համար՝ նվիրված հայոց պատմությանն ու ժողովրդին)։ Ռուսաստանի հայերի միությունը Կիմ Բակշիին պարգեւատրել է «Արծաթե խաչով»։
Կիմ Բակշին ավարտել է ՄՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետը, 1963-ից զբաղվում է Հայաստանի հնագույն եւ ժամանակակից մշակույթով, ուսումնասիրում է Երեւանի Մատենադարանում, Վենետիկի Սուրբ Ղազար կղզում, Վիեննայում Մխիթարյանների միաբանությունում, Բեյրութում՝ Կիլիկիայի կաթողիկոսարանում, Սպահանում Քրիստոս Փրկչի վանքում եւ էլի շատ տեղերում, աշխարհի խոշոր գրադարաններում պահվող ձեռագրերը։

Նրա սցենարներով նկարահանվել է 50 վավերագրական եւ գիտահանրամատչելի ֆիլմ, որոնցից մի քանիսը ստացել են միջազգային եւ տարածաշրջանային մրցանակներ, այդ թվում քսան մասանոց «Մատենադարան» հեռուստաֆիլմը, որի համար նա գրել է սցենար ռեժիսոր Հ.Հախվերդյանի հետ համահեղինակությամբ (արժանացել է Հայաստանի Հանրապետության մրցանակի, Ֆրիտյոֆ Նանսենի անվան միջազգային մրցանակի)։
Իր «Արծիվ եւ սուր», «Ճակատագիր եւ քար» գրքերում նա ձեւակերպում է միտքն այն մասին, որ ոչ թե սուրը, այլ գիրքն է փրկում ժողովրդին՝ շնորհիվ հավատի, հիշողության եւ գեղեցկության, ինչպես նաեւ մայրենի լեզվի, որն այն պահում է եւ չի թողնում մոռանալ։
«Սուրբ Ղազարի հարությունը» գրքում Կիմ Բակշին խորհրդածում է Քրիստոսի մասին, ավետարանական պատմության մասին, պատմում է Վենետիկում Մխիթար Սեբաստացու հիմնած աբբայության, նրանց ձեռագրերի հարուստ հավաքածուի մասին։
«Վանքից՝ սիրո մասին» էսսեների ժողովածուում Կիմ Բակշին խոսում է Հայաստանի, նրա պատմության եւ այսօրվա մասին, հայերի ավանդույթների ու խառնվածքի եւ հատկապես երկիր եւ ժողովուրդ կայանալու սուր խնդիրների մասին։

«Մեր աշխարհը նման է անվի» գիրքը նվիրված է իրանահայերի հոգեւոր եւ մշակութային արժեքներին, որտեղ հայերն ապրում են բազմաթիվ դարեր։ Այդ գիրքը երկու մեծ մշակույթների փոխգործակցության մասին է։
«Սուրբ Ղազարի հարությունը» գրքին թեմատիկ առումով հարում է նաեւ վերջին՝ վեցերորդ գիրքը՝ «Սառեցված ժամանակը», քանի որ դրանում պատմվում է Վիեննայի Մխիթարյանների, նրանց ձեռագիր գանձերի մասին։ Այժմ երկու ճյուղերը՝ Վիեննայի եւ Վենետիկի, միավորվել են, այդ մասին նույնպես խոսք կա նոր գրքում, որի գործողությունն ընթանում է ե՛ւ Վիեննայում, ե՛ւ Վենետիկում։

Հեղինակի վերջին գիրքը՝ «Արցախի հոգեւոր գանձերը», 2015-ին հանձնվել է հայերեն թարգմանության։ «Իմ գրքերը թանկ են ինձ համար։ Բայց վերջինը՝ հատկապես։ Այն թարգմանվել է հայերեն։ Դրանում ի մի են բերվել Արցախի բնության, եզակի հուշարձանների լուսանկարները։ Ես միշտ ցանկացել եմ, որպեսզի իմ գրքերը կարդա ժողովուրդը, որը խոսում է նույն լեզվով նրանց հետ, ում մասին գրում եմ։ Այս գիրքը ինձ համար թանկ է նաեւ այն պատճառով, որ նրա հայերեն հրատարակումը շատ ավելի լավն է ռուսերեն տարբերակից»,- իր հարցազրույցներից մեկում պատմել է Կիմ Բակշին։





























