Մայորկայի բնակիչները դուրս են եկել Պալմայի փողոցներ՝ բողոքելով զանգվածային զբոսաշրջության և դրա հետևանքների դեմ, որոնք ազդում են իսպանական հանրահայտ առողջարանային կղզու կյանքի վրա, հայտնում է dpa-ն։
Ոստիկանության տվյալներով, շաբաթ երեկոյան շուրջ 1 հազար մարդ նստացույց է անցկացրել Իսպանիայի հրապարակից մինչև առափնյա շրջանում գտնվող տարածաշրջանային կառավարության շենք տանող երթուղու վրա։ Մասնակիցները հանդես էին գալիս բնակարանի արժեքի աճի և չափազանց մեծ զբոսաշրջային ծանրաբեռնվածության դեմ։
Որոշ ցուցարարներ ձեռքներին պահում էին անգլերեն լեզվով պաստառներ՝ «Ձեր դրախտը՝ մեր դժոխքն է», «Պալմայում բնակարան վարձելու հերթ» և «Զբոսաշրջիկներ, վերադարձեք տուն» գրություններով։
Քանի որ մասնակիցների թիվը բավարար չէր ամբողջ երթուղին անընդմեջ փակ պահելու համար, կազմակերպիչները ակցիան բաժանել էին մի քանի հատվածների։
Բողոքի ակցիան անցկացրել են GOB և Terraferida բնապահպանական կազմակերպությունները։ Միևնույն ժամանակ, Menys Turisme, més vida («Ավելի քիչ զբոսաշրջություն, ավելի շատ կյանք») շարժումը, որը նախկինում նմանատիպ ակցիաների ժամանակ հավաքում էր տասնյակ հազարավոր մարդկանց, այս անգամ չի մասնակցել։
Այս ցույցը դարձել է հուլիսի վերջին տեղի ունեցած ավելի լայնածավալ բողոքների շարունակությունը։ Այն ժամանակ, կազմակերպիչների գնահատմամբ, շուրջ 25 հազար մարդ դուրս էր եկել Մայորկայի փողոցներ՝ հանդես գալով զանգվածային զբոսաշրջության հետևանքների դեմ։
Մայորկան հատկապես սիրված է Գերմանիայից և Մեծ Բրիտանիայից ժամանած զբոսաշրջիկների շրջանում։ Վերջին տարիներին կղզում բնակարանի արժեքը կտրուկ աճել է։ Բողոքի մասնակիցները վարձակալության և անշարժ գույքի թանկացմանը նպաստող գործոններից մեկը համարում են զբոսաշրջիկներին ապօրինի վարձակալությամբ բնակարան տրամադրելը։





























