ԱՄՆ Պետդեպարտամենտը վերականգնում է օտարերկրյա քարոզչությանը հակազդելու աշխատանքների մի մասը, որով նախկինում զբաղվում էր Դոնալդ Թրամփի վարչակազմի կողմից փակված Գլոբալ ներգրավվածության կենտրոնը (Global Engagement Center, GEC), հայտնում է The Guardian-ը։
GEC-ը ստեղծվել էր 2017 թվականին՝ օտարերկրյա պետությունների, առաջին հերթին Ռուսաստանի, Չինաստանի և Իրանի, տեղեկատվական գործողությունները բացահայտելու և դրանց հակազդելու համար։ Կոնգրեսը դադարեցրեց կենտրոնի ֆինանսավորումը 2024 թվականի վերջում, իսկ 2025 թվականին Թրամփի Սպիտակ տուն վերադառնալուց հետո դրա գործունեությունը վերջնականապես դադարեցվեց։ Հանրապետականները կառույցին մեղադրում էին այն բանում, որ այն ապատեղեկատվության դեմ պայքարի անվան տակ մասնակցել է ԱՄՆ-ի ներսում պահպանողական հայացքների ճնշմանը։
GEC-ի նախկին ղեկավարներ Դենիել Քիմմեյջը և Քերի Գուն պնդում են, որ կենտրոնի վերջերս հրապարակված փաստաթղթերը չեն հաստատում այդ մեղադրանքները։ Նրանց վկայությամբ, կառույցը զբաղվել է բացառապես օտարերկրյա տեղեկատվական գործողություններով և իր գործիքները չի օգտագործել ամերիկացի քաղաքացիների դեմ։
Միևնույն ժամանակ, ինչպես պարզել է The Guardian-ը, Պետդեպարտամենտը պատրաստում է 11 մլն դոլար արժողությամբ նոր ծրագիր՝ Հարավարևելյան Ասիայի երկրներում չինական քարոզչությանը հակազդելու համար։ Դրա շրջանակում ԱՄՆ-ը նախատեսում է ներգրավել մինչև 30 ինտերնետ ինֆլյուենսեր 11 երկրից և նրանց վճարել 2,5 հազար դոլար՝ արշավին մասնակցելու համար։ Եվս մոտ 180 մասնակցի նախատեսվում է հրավիրել Վաշինգտոն և Հյուսթոն՝ ուսուցման և բովանդակություն ստեղծելու համար։
Ծրագիրը կներառի 5 մլն դոլար արժողությամբ տեղեկատվական արշավ, 3 մլն դոլարի նախագիծ՝ բլոգերներին ու լրագրողներին չինական քարոզչությանը հակազդելու մեթոդների ուսուցման համար, ինչպես նաև մասնակիցների ուղևորություններ ԱՄՆ։
Պլանը ենթադրում է ներգրավել մարդկանց, որոնք ԱՄՆ-ի նկատմամբ ունեն չեզոք կամ չափավոր դրական դիրքորոշում։ Ծրագրի ընթացքում նրանց մտադիր են ծանոթացնել տարածաշրջանում ամերիկյան քաղաքականությանը և սովորեցնել ճանաչել չինական քարոզչությունը՝ ակնկալելով արդյունքում հասնել Վաշինգտոնի հետ համագործակցության ավելի ակտիվ հանրային աջակցության։
Բացի այդ, Պետդեպարտամենտը փնտրում է առևտրային կապալառուներ՝ ծրագրային ապահովում ստեղծելու համար, որը կարող է վերլուծել բաց աղբյուրներից ստացվող տվյալները, բացահայտել թշնամական քարոզչության տարածման ցանցերը և հայտնաբերել դիփֆեյքերը։
Այսպիսով, GEC-ի լուծարումից մեկ տարուց էլ քիչ անց դրա գործառույթների մի մասը փաստացի վերադառնում է Պետդեպարտամենտի կառուցվածք, թեև այժմ դրանք բաշխված են այլ ստորաբաժանումների և կապալառուների միջև։
Կենտրոնի նախկին աշխատակից Քերի Գուն ենթադրել է, որ իշխանությունները փորձում են վերաստեղծել GEC-ը, սակայն արտաքին կապալառուների ներգրավմամբ և զգալիորեն ավելի մեծ ծախսերով։ Ըստ նրա, կենտրոնի փակումը հանգեցրել է նրան, որ ԱՄՆ-ը կորցրել է արտերկրում տեղեկատվական միջավայրի վրա ազդելու հնարավորությունները և միաժամանակ սկսել է կորցնել գործընկերների վստահությունը։



























