ԱՄՆ-ում մի տղամարդու մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա իրեն ներկայացրել է որպես NFL-ի «Սան Ֆրանցիսկո Ֆորթի Նայներս» ակումբի խաղացող (ամերիկյան ֆուտբոլ — խմբ.), որպեսզի ծանոթանա կանանց հետ և շահավետ ներդրումների պատրվակով նրանցից գումար կորզի, հայտնում է NBC News-ը։
Օրեգոն նահանգի դատախազության տվյալներով, ենթադրյալ խարդախը և նրա հանցակիցն իրենց զոհերից ստացել են շուրջ 1,3 մլն դոլար։
35-ամյա Դեյջոն Լաբրայ Լավը և 18-ամյա Թեյլոր Ջեյմի Չանը մեղադրվում են էլեկտրոնային կապի միջոցների օգտագործմամբ խարդախություն իրականացնելու նպատակով դավադրության և խարդախության մեջ։ Քննության տվյալներով, սխեման գործել է առնվազն 2022 թվականի փետրվարից և վնաս տվել կանանց Օրեգոն, Վաշինգտոն, Այդահո և Կալիֆոռնիա նահանգներում։
Լավը կանանց հետ ծանոթանում էր ծանոթությունների հավելվածների միջոցով և սոցիալական ցանցերում ստեղծում էր ապահովված մարդու կերպար։ Նա ներկայանում էր որպես «Սան Ֆրանցիսկո Ֆորթի Նայներս»-ի պրոֆեսիոնալ խաղացող կամ անշարժ գույքի ոլորտում հաջողակ ներդրող։
Իշխանությունների վարկածով, Լավը կանանց համոզում էր, թե իրենց միջև լուրջ ռոմանտիկ հարաբերություններ են ձևավորվել, ինչպես նաև պատմում էր իր, իբր, բազմամիլիոնանոց կարողության մասին։ Չանին նա ներկայացնում էր որպես իր «ներդրումային խորհրդատու», որն օգնում է իրեն բազմապատկել կապիտալը։
Այնուհետև Լավը զոհերին առաջարկում էր գումար ներդնել գոյություն չունեցող ներդրումային նախագծերում՝ խոստանալով բարձր եկամուտ և համատեղ ֆինանսական ապագա։ Որպեսզի սխեմային օրինականության տեսք հաղորդի, նա բջջային հավելվածների օգնությամբ ստեղծում էր կեղծ բանկային և ներդրումային հաշիվներ և կանանց ցույց տալիս կեղծ մնացորդներ ու եկամուտներ։
Քննությունը կարծում է, որ Չանը նույնպես մասնակցել է խաբեությանը․ նա իրեն ներկայացրել է որպես Լավի ներդրումային խորհրդատու և նրան հաղորդագրություններ է ուղարկել տարբեր նախագծերում ներդրումներ անելու վերաբերյալ առաջարկություններով։ Լավը հետո այդ հաղորդագրությունները վերահասցեագրում էր զոհերին՝ համոզելով նրանց գումար փոխանցել իրեն կամ Չանին։
Դատախազության տվյալներով, տղամարդիկ կանանց հետ տեսազանգեր են ունեցել, որոնց ընթացքում ցուցադրել են իբր ստացված շահույթի մասին կեղծված տեղեկատվություն։ Որոշ զոհերի Լավը համոզել է նոր ներդրումների համար վարկեր վերցնել։ Եթե կինը դադարում էր համաձայնել փոխանցումներին կամ սկսում էր չափազանց շատ հարցեր տալ, նա դադարեցնում էր շփումը և գումարը պահում իրեն։
Այս պահին քննությունը հայտնաբերել է 26 ենթադրյալ զոհ։ Միաժամանակ ՀԴԲ-ն կարծում է, որ նրանց թիվը կարող է զգալիորեն ավելի մեծ լինել։
Լավին և Չանին ձերբակալել են այն բանից հետո, երբ Չանը երկուշաբթի օրը Կալիֆոռնիայից Այդահո էր ժամանել՝ Բոյս քաղաքում Լավի հետ հանդիպելու համար։



























