Իսրայելցի վերաբնակիչները հարձակվել են ամերիկյան NBC News հեռուստաալիքի աշխատակիցների և պաղեստինյան ընտանիքի վրա Նաբլուսից հարավ գտնվող Ջալուդ գյուղում՝ օկուպացված Արևմտյան ափին, հայտնում են իսրայելական ԶԼՄ-ները և պաղեստինյան WAFA գործակալությունը։
Հարձակման հետևանքով տուժել են տղամարդ և կին։ NBC News-ի տվյալներով, լրագրողների խումբը ուղեկցում էր պաղեստինյան ընտանիքին դեպի նրանց տունը, որը հարազատները նախկինում ստիպված էին լքել։
Ինչպես հայտնել է WAFA-ն, վերաբնակիչները կոտրել են այն ավտոմեքենայի դիմապակին, որում գտնվում էին ամերիկյան հեռուստաալիքի աշխատակիցները։ NBC News-ի միջազգային թղթակից Մեթ Բրեդլին պատմել է, որ հարձակվողները դուրս են թռել մեքենայից, ծեծել լրագրողներին և ապա փախել։
Բրեդլին երկու հարված է ստացել ձեռքին և ավելի ուշ դիմել է մոտակայքում գտնվող կլինիկա՝ բժշկական օգնություն ստանալու համար։
Իսրայելական բանակը հայտարարել է, որ անվտանգության ուժեր է ուղարկել Ջալուդ՝ «կանխելու հետագա անկարգությունները և վերականգնելու կարգը տարածաշրջանում»։ Զինվորականները նաև «ամենավճռական կերպով դատապարտել են բռնության բոլոր ձևերը»։





























