Իսրայելական ռազմական աղբյուրները մտավախություն ունեն, որ վարչապետ Բենիամին Նեթանյահուն միտումնավոր է սրում իրավիճակը օկուպացված Արևմտյան ափին՝ ընտրություններին ընդառաջ, որպեսզի շեղի ուշադրությունը իշխանությունների ձախողումներից, որոնք կապված են հոկտեմբերի 7-ի հարձակման հետ, հայտնում է իսրայելական Haaretz թերթը։

Պարբերականի տվյալներով, Իսրայելի պաշտպանության բանակի Գլխավոր շտաբի պետ Էյալ Զամիրը կասկածում է Արևմտյան ափի վերաբերյալ կառավարության մտադրություններին՝ իշխող կոալիցիայի ժողովրդականության անկման ֆոնին։ Նա ձգտում է թույլ չտալ բանակի ներքաշումը անվտանգության ոլորտում նոր խնդիրների մեջ, որոնք կարող են պայմանավորված լինել քաղաքական նկատառումներով։

Ինչպես նշում է Haaretz-ը, աջ ճամբարի ներկայացուցիչները, այդ թվում՝ Իսրայելի ֆինանսների նախարար Բեցալել Սմոտրիչը, չեն թաքցնում Արևմտյան ափում հակամարտության սրման իրենց ձգտումը։ Նրանց մտահղացմամբ, դա կարող էր հիմքեր ստեղծել կանխարգելիչ ռազմական գործողության համար՝ նպատակ ունենալով տապալել Պաղեստինյան վարչակազմը, դրան հաջորդող տարածքի օկուպացիան և պաղեստինյան բնակչության լայնածավալ տեղահանումը։

Հրապարակումը հայտնվել է Արևմտյան ափում իսրայելցի վերաբնակների կողմից բռնության ուժեղացման ֆոնին, որը, ինչպես պնդվում է, տեղի է ունենում իսրայելական զինծառայողների պաշտպանության ներքո։