Արևմտյան Գերմանիայում 35-ամյա կալանավորը փախուստ է կատարել բանտից՝ խցի պատուհանից դուրս գալով և շենքի տանիքով անցնելով, հաղորդում է dpa-ն։
Տղամարդը շարունակում է մնալ ազատության մեջ, նրա որոնումները շարունակվում են։
Փախուստը Դյուսբուրգ-Համբորնի բանտից, որը գտնվում է Հյուսիսային Ռեյն — Վեստֆալիա դաշնային երկրում, տեղի է ունեցել կիրակի՝ տեղական ժամանակով մոտ 03:20-ին, հայտնել են տարածաշրջանի արդարադատության նախարարությունից։
Ավելի ուշ քննիչները կալանավորի խցում լինոլեումի տակ հայտնաբերել են թաքստոց, որը, ենթադրաբար, ստուգումների ընթացքում աննկատ էր մնացել։ Դրա մեջ գործիքներ չեն հայտնաբերվել։
Քննության վարկածով, տղամարդը սղոցել է երրորդ հարկում գտնվող և ներքին բակ նայող խցի պատուհանի ճաղավանդակը։ Այնուհետև նա, սեղանն օգտագործելով որպես լծակ, ծռել է երկրորդ՝ ավելի փոքր պաշտպանիչ ճաղավանդակը։
Կալանավորը սողոսկել է առաջացած բացվածքով և, ենթադրաբար, ներքին բակի կողմից շենքի ճակատով բարձրացել տանիք։ Թե նրան ինչպես է այնուհետև հաջողվել իջնել բանտի արտաքին կողմից, առայժմ անհայտ է։
«Այսօրվա փախուստը բացարձակապես անընդունելի է։ Այժմ գլխավոր առաջնահերթությունը փախած մեղադրյալին հնարավորինս շուտ բռնելն է», — հայտարարել է Հյուսիսային Ռեյն — Վեստֆալիայի արդարադատության նախարար Բենյամին Լիմբախը։
Նա նաև խոստացել է պարզել, թե ինչպես է հնարավոր դարձել անվտանգության ռեժիմի նման խախտումը, և ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ։
Տղամարդը կալանքի տակ էր գտնվում փետրվարի 10-ից՝ գողության կասկածանքով։ Մայիսի վերջին նրան դատապարտել են վեց տարվա ազատազրկման՝ բնակելի տների վրա կատարված երկու կողոպուտների համար, որոնք խոշոր վնաս են հասցրել, սակայն դատավճիռը դեռևս օրինական ուժի մեջ չի մտել։
Դատական աղբյուրների տվյալներով, տղամարդուն մեղադրում են արժեքավոր զարդերի և ավելի քան 200 հազար եվրո կանխիկ գումարի գողության մեջ։




























