Ռումինիայի հյուսիս-արևելքում գտնվող Տուլչա գավառում կիրակի՝ օգոստոսի 30-ին, տագնապ է հայտարարվել Ուկրաինայի սահմանի մոտ օդային թիրախ հայտնաբերելուց հետո։ Սահմանամերձ շրջանների բնակիչներին ուղարկվել է RO-Alert արտակարգ հաղորդագրություն, տեղեկացնում է Digi 24-ը։

Ռումինիայի ազգային պաշտպանության նախարարության տվյալներով, օդային թիրախը հայտնաբերվել է ժամը 10:36-ին՝ Ուկրաինայի Վիլկովո քաղաքից մոտ 20 կիլոմետր արևելք, Ռումինիայի սահմանից ոչ հեռու։ Իրավիճակը վերահսկելու համար օդ են բարձրացվել F-16 երկու կործանիչներ Բըրչայի ավիաբազայից։

Ժամը 10:50-ին Ռումինիայի արտակարգ իրավիճակների գլխավոր տեսչությունը RO-Alert նախազգուշացում է ուղարկել Տուլչա գավառի հյուսիս-արևելյան հատվածի բնակիչներին։ Միևնույն ժամանակ, իշխանությունները դեռևս չեն հայտնել Ռումինիայի օդային տարածքի խախտման մասին։

Տագնապը վերջին օրերին հերթականն է դարձել՝ Ուկրաինայի սահմանամերձ շրջաններում օդային հարձակումների ակտիվացման ֆոնին։ Օգոստոսի 27-ին Տուլչայի բնակիչները մի քանի անգամ ստացել էին նմանատիպ նախազգուշացումներ՝ Ռումինիայի սահմանի մոտ Ուկրաինայի տարածքում օդային թիրախներ հայտնաբերելուց հետո։ Դիտարկման համար այդ ժամանակ օդ էին բարձրացվել իսպանական F-18 կործանիչներ և ռումինական ուղղաթիռ։

RO-Alert-ի ևս մեկ հաղորդագրություն գավառի հյուսիսային հատվածի բնակիչներին ուղարկվել էր օգոստոսի 27-ի երեկոյան՝ Օձերի կղզուց մոտ 33 կիլոմետր հյուսիս օդային թիրախ հայտնաբերելուց հետո։ Օգոստոսի 26-ին տագնապ էր հայտարարվել Վիլկովոյից հյուսիս թիրախ հայտնաբերելուց հետո։

Այս բոլոր դեպքերում ռումինական իշխանությունները չեն հայտնել ազգային օդային տարածք օդային թիրախների ներթափանցման մասին։