ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընը երկրի ռազմական ղեկավարության մեջ կատարված վերադասավորումների շրջանակում փոխել է երկրի պաշտպանության նախարարին, կիրակի հայտնել է հյուսիսկորեական պետական ՑՏԱԿ գործակալությունը։
Պաշտպանական գերատեսչության նոր ղեկավար է նշանակվել Կիմ Սոն Գին, որը նախկինում գլխավորում էր Կորեայի ժողովրդական բանակի քաղաքական բյուրոն։
Նրա նախորդը՝ Նո Կվան Չխոլը, պաշտոնանկ է արվել Կորեայի Աշխատավորական կուսակցության Կենտրոնական ռազմական հանձնաժողովի նիստում, որը շաբաթ օրը վարել է Կիմ Չեն Ընը։ Բացի այդ, Նո Կվան Չխոլը զրկվել է կուսակցության ղեկավար մարմիններում զբաղեցրած պաշտոնից։
ՑՏԱԿ-ը չի հայտնել կադրային վերադասավորումների պատճառները։ Գործակալությունը միայն հստակեցրել է, որ Կենտրոնական ռազմական հանձնաժողովը քննարկել է «ապագայի պաշտպանական համակարգի կատարելագործման և զարգացման համար կառուցվածքային վերակազմակերպման մի շարք ծրագրեր»։
Պաշտպանության նախարարի փոփոխությունը տեղի է ունեցել ԿԺԴՀ-ի զինված ուժերի շարունակվող արդիականացման ֆոնին։ Անցյալ շաբաթ Հյուսիսային Կորեան արձակել է առնվազն 10 փոքր հեռահարության բալիստիկ հրթիռ, հայտնել են Հարավային Կորեայից։
Հյուսիսային Կորեայի կողմից բալիստիկ հրթիռների արձակումն արգելված է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մի շարք բանաձևերով։





























