News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Արդեն մի քանի օր է, որ Երեւանի Նորայր Աճեմյանի անվան տարածաշրջանային թիվ 2 պետական քոլեջում  դասադուլ է: Երկու նկատողությունից հետո, ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանի հրամանով հեռացվել է աշխատանքից  քոլեջի տնօրեն Կառլեն Հայրապետյանը. դասախոսական կազմը եւ ուսանողությունը դասադուլ է անում, հիմնական պահանջն է՝ տնօրենը վերադառնա իր աշխատանքին։

NEWS.am–ի հետ զրույցում քոլեջը փոխտնօրեն Մարինե Մադոյանը հաստատեց պահանջը, այն է՝ պաշտոնին վերականգնել Կառլեն Հայրապետյանին եւ ներկայացնելով տնօրենի հեռացման պատճառները, նշեց, որ նա հեռացվել է երկու նկատողությունից հետո։

Նա հավելեց նաեւ, որ առաջին նկատողությունից հետո փոխվել են քոլեջի հաշվապահը եւ ուսումնական գծով փոխտնօրենը, ով ի դեպ, թոշակառու էր, եւ Կառլեն Հայրապետյանը տարիքը հարգելով նրան աշխատանքից չէր ազատում, սպասում էր, որ ինքը հեռանա։

Ըստ փոխտնօրենի, կատարվել են երկու պահանջները, սակայն 2018թ–ին երկրորդ ստուգումն են իրականացրել մեկ ամսում եւ երկու դասախոսի, իբրեւ համապատասխան դիպլոմ չունենալու պատճառով հետեւել է երկրորդ նկատողությունը, իսկ մարտին արդեն հեռացրել են աշխատանքից, իսկ թե ինչո՞ւ հենց դեկտեմբերին չեն հեռացրել, նրա համար անհասկանալի է։

Մարինե Մադոյանը պարզաբանեց երկու դասախոսների խնդիրը. ռուսերենի դասախոսը ռուսական կրթությամբ ժուռնալիստիկայի ֆակուլտետն է ավարտել, ով փոխարինել էր հեռացած դասախոսին եւ իրենց շտապ կադր էր հարկավոր, սակայն, ըստ նրա, դասախոսը լավ մասնագետ է, ուսանողությունը գոհ է, իսկ մյուսը տուրիզմի ֆակուլտետում դասավանդում է տուրիստական ընկերություն ունեցող անձ, ով ուսանողներին տանում է պրակտիկայի, նաեւ տեղավորում աշխատանքի։

«Երկու դասախոսի նշանակելը մեծագույն հանցագործությո՞ւն է»,– հարցնում է փոխտնօրենը, հավելելով, որ  տնօրենին ոչ թե ազատել, այլ հեռացրել են աշխատանքից. «Նա հանցագո՞րծ է, կոռուպցիոնե՞ր է, որ այդ ձեւով հեռացրել են»։

Իսկ ինչ վերաբերում է այն առաջարկին, որ Կառլեն Հայրապետյանը կարող է մասնակցել տնօրենի մրցույթին կամ դատարանում վիճարկել հարցը, Մ. Մադոյանը նշեց, որ այդքանից հետո կարող է մարդը չուզենա որեւէ քայլ անել, կարող է թողնել երկրից գնալ, մարդուն վիրավորել են։

Ի դեպ, առաջարկում է, որպես ժողովրդավար երկիր պատասխանատուները գային քոլեջ, ներկայացնեին խնդիրը, «փրկեին» իրենց, սակայն ոչ ոք քոլեջ չի եկել։

«Մենք գործադուլը չենք դադարեցնելու մինչեւ նախարարը իր հրամանը չչեղարկի, կչեղարկի, մեր տնօրենին մեզ կտան, մենք կաշխատենք։ Պայքարելու ենք մինչեւ վերջ։ Եկան իշխանության, որ քանդե՞ն երկիրը, սրա համա՞ր է ուսանողը հեղափոխություն արել»,– շեշտեց Մարինե Մադոյանը, նաեւ վստահեցրեց, որ ուսանողները գալիս են դասի, սակայն ուսումնական պրոցես տեղի չի ունենում, դասախոսին չեն թողնում մտնի լսարան։

Արդյոք միտում է տեսնում տնօրենին նման կերպ աշխատանքից ազատելու մեջ, ասաց, որ առաջին հայացքից չկա միտում, բայց «ջուրը պղտորողներ կլինեն»։

«Ես էլ ուզում եմ Հռոմի պապ դառնամ, հետո՞»,– հարցնում է նա եւ հավելում, որ պատասխանատուներից մեկն ասել, է, որ դասադուլով կրթության որակը կընկնի, որին պատասխանում է. «Երեք ամիս ամբողջ հանրապետությունը դաս չէր անում, չընկա՞վ կրթության որակը։ Մեր բաց թողած բոլոր դասերի համար պատասխանատու ենք եւ կվերականգնենք»։

Տպել
Ամենաշատ