News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը խոստացել է Հարկային օրենսգրքի փոփոխությունների փաթեթի գազավորված ըմպելիքների հարկման հարցը վերջնական քննարկել գազավորված ըմպելիքներ արտադրող ընկերությունների հետ, ապա նոր ուղարկել Ազգային ժողով։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Հայ կոլա» ընկերության տնօրեն Տիգրան Հովսեփյանը՝ անդրադառնալով փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի աշխատասենյակում տեղի ունեցած երեկվա հանդիպմանը։

«1 ժամ քննարկումից հետո փոխվարչապետը խոստացավ, որ մինչեւ հարցը մեզ հետ եւս մեկ անգամ վերջնական չքննարկեն, Ազգային ժողով չեն ուղարկի։ Ժամկետներ չեն պայմանավորվել, սակայն հաջորդ ուրբաթ զանգահարելու եմ, որպեսզի պարզեմ՝ ինչ քննարկումներ կան»,- ասաց նա։

«Հայ կոլա» ընկերության տնօրենի խոսքով՝ հանդիպմանը ներկա էին ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը, առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը, ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը, ինչպես նաեւ վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը․ «Ծավալվեց իրական քննարկում մեր 4 տեղական արտադրողների՝ «Հայ կոլա», «Մարի կոլա», «Թամադա լիմոնադներ», «Անի-Թամարա» ՍՊԸ ներկայացուցիչների հետ»,- նշեց նա։

Տիգրան Հովսեփյանը պատմեց, որ հանդիպման սկզբում առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը միանգամից ասել է, որ հարցը չպետք է ներկայացնել որպես առողջապահական խնդիր. «Քննարկմանը առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նշեց, որ երբեւիցե չի ապացուցվել ասպարտամի վնասակարությունը։ Նա հստակ նշեց, որ եթե որոշվել է ասպարտամը կապել վնասակարության հետ, ապա ինքը համաձայն չէ դրա հետ, քանի որ եթե այն վնասակար է, ապա ՀՀ ներմուծվող դեղորայքի 90 տոկոսը պետք է արգելել, բացի այդ պետք է հարկել նաեւ մանկական կերերը, յոգուրտները, պաղպաղակները եւ այլն։ Նա քննարկումը վերադարձրեց շաքարի վնասակարության դաշտ, այսինքն՝ նա պնդեց, որ վնասակար են 5 տոկոսից ավելի շաքար պարունակող մթերքները»։

Տնտեսվարողները համաձայնել են շաքարով գազավորված ըմպելիքները հարկել այդ հարկատեսակով եւ դադարեցնել բողոքի ցույցերը. «Սակայն եթե որոշեն ասպարտամի համար հարկել, ապա տնտեսվարողները խոստացել են շարունակել իրենց պայքարը»,- նշեց ընկերության տնօրենը։

Նա նշեց, որ, մասնավորապես, «Հայ կոլան» շաքարով էլ է աշխատում, սակայն դեմ չեն դրանք հարկել. «Ապակյա շշերով ըմպելիքներն 100 տոկոսով հենց շաքարով են։ Ապակյա շշերի մեջ 10-12 տոկոս շաքար կա, ապակյա շշերը միանշանակ պետք է հարկվեն։ Սակայն ապակյա շիշը թանկ սեգմենտ է, եթե այն վաճառում ենք 60-65 դրամով, ռեստորանները վաճառում են 200 դրամով, մենք կարող ենք իրենց 75 դրամով մատակարարել, իրենք էլի 200 դրամով վաճառեն»։

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից NEWS.am-ին հայտնեցին, որ այդ հարցով քննարկումները շարունակվում են։

Հիշեցնենք՝ Հարկային օրենսգրքում փոփոխություններով ու լրացումներով առաջարկվում է կիրառել ակցիզային հարկ ԱՏԳ ԱԱ 2202 ապրանքային դասակարգման ըմպելիքների նկատմամբ, որոնք են շաքարի, համային ու հոտային հավելումներով գազավորված ըմպելիքները։

Նշենք, որ Հարկային օրենսգրքի փոփոխությունների նախագծով առաջարկվում է 5 տոկոս եւ ավելի շաքար պարունակող ըմպելիքների 1 լիտրի համար սահմանել ֆիքսված 30 դրամ ակցիզային հարկ, այսինքն՝ այդ հարկը ներառվելու է ըմպելիքի գնի մեջ: Սա նոր հարկատեսակ է եւ ներմուծվում է շահութահարկի եւ եկամտային հարկի գծով հարկային բեռի նվազեցման հետեւանքով պետական բյուջեի եկամուտների կորուստը փոխհատուցելու նպատակով: Սա հարուցել է գազավորված ըմպելիքներ արտադրող ընկերությունների վրդովմունքը։

Տպել
Ամենաշատ