Սուդանի բանակը քննարկում է քաղաքացիական կառավարությանը իշխանությունը վաղաժամ վերադարձնելու տարբերակը, եթե երկրում իրավիճակը նկատելիորեն լավանա: Ուրբաթ Հարթումում ասուլիսին այս մասին հայտարարել է երկրի ռազմական խորհրդի քաղաքական կոմիտեի ղեկավար գեներալ Օմար Զեյն ալ-Աբիդինը, հաղորդում է Al Jazeera-ն:
«Ի սկզբանե մենք երկամյա անցումային շրջան էինք սահմանել: Միեւնույն ժամանակ, եթե մենք տեսնենք, որ Սուդանում իրավիճակը էականորեն բարելավում է, իսկ ժողովուրդը կարողացել է առկա խնդիրների հստակ լուծումը գտնել, մենք պատրաստ ենք կրճատել այդ ժամկետը», - ասել է գեներալը:
Զինվորականները խոստացել են չմիջամտել քաղաքացիական կառավարության աշխատանքին: Ալ-Աբիդինն ասել է, որ զինվորականները «չեն միջամտի քաղաքացիական կառավարության ձեւավորման եւ գործունեության գործընթացին»:
«Մեր համակարգից կլինեն միայն ներքին գործերի եւ պաշտպանության նախարարները», - հավելել է նա: «Ցուցարարները մեզ աջակցում են, եւ մենք արձագանքում ենք նրանց, բայց քաղաքական որոշումները եւ սահմանները կախված են ժողովրդիից», - ասել է ալ-Աբիդինը:
Գեներալը լրագրողներին ասել է, որ զինված ուժերը չեն ձգտել երկրում իշխանությունը վերցնել իրենց ձեռքը: «Մենք որոշում ենք կայացրել իրավիճակը փոխելու վերաբերյալ, երբ այն փակուղում էր», - ասել է նա, հավելելով, որ ռազմական խորհուրդը «լուծում է փնտրում ժողովրդից եւ քաղաքական ուժերից»:
Ալ-Աբիդինի խոսքով, ռազմական խորհուրդը միջազգային ասպարեզում ձգտելու է երկրի նկատմամբ կիրառված պատժամիջոցների վերացմանը: Նրա խոսքով, «միջազգային ասպարեզում մենք [զինվորականները] կշարունակենք աշխատել Սուդանի շրջափակումը վերացնելու համար»: Նա նաեւ ընդգծել է, որ զինվորականները «կկկալանավորեն եւ դատարանին կփոխանցեն բոլոր նրանց, ովքեր երկրի ներսում ներգրավված են կոռուպցիայի մեջ»:
Անցումային ժամանակահատվածում ռազմական խորհուրդը «Սուդանի քաղաքական ուժերի հետ կապ կպահպանի», նշել է ալ-Աբիդինը:





























