Ղարաբաղա-ադրբեջանական զինված ուժերի շփման գծում ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո իրականացվելիք հետաքննությունը դրական քայլ է ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում:  NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք է հայտնել ԼՂՀ Ազգային ժողովի պատգամավոր Գագիկ Պետրոսյանը:

Նա ընդգծել է, որ այդ հետաքննության ամենաշոշափելի արդյունքը կլինի այն, եթե Ադրբեջանը միջազգային հանրության ճնշման ներքո շփման գծից դուրս բերի իր դիպուկահարներին: «Չեմ կարծում, որ  հետաքննության արդյունքում Մինսկի խումբն Ադրբեջանի նկատմամբ  որեւէ  պատժիչ միջոց կկիրառի,  բայց կընդունվեն ինչ-որ հայտարարություններ,  որոնց ազդեցության տակ Բաքուն, հնարավոր է,  իր դիպուկահարներին դուրս կբերի շփման գծից»,- ասել է պատգամավորը:

Միաժամանակ նա կասկած է հայտնել Ադրբեջանի կողմից օբյեկտիվ հետաքննությանն աջակցելու առնչությամբ:  «Կարծում եմ, Ադրբեջանը, հետեւելով իր գործունեության ապակառուցողական մարտավարությանը, ամեն կերպ կխոչընդոտի դրան»,- նշել է Պետրոսյանը: Նա նաեւ կարծիք է հայտնել, որ հետաքննությունն ավելի օբյեկտիվ կլիներ, եթե դրան մասնակցեր նաեւ Լեռնային Ղարաբաղը: «Սակայն միջազգային հանրությունը ցավագին է վերաբերվում նման նախաձեռնություններին Ստեփանակերտի մասնակցությանը: Բայց դա չի նշանակում, որ առանց Լեռնային Ղարաբաղի մասնակցության համանախագահների նախաձեռնությունը հաջողություն չի ունենա»,- եզրափակել է պատգամավորը:

Նշենք, որ Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների` Սոչիում կայացած հանդիպման արդյունքներով ԵԱՀԿ Մինսկի խումբը շփման գծում հետաքննության անցկացում էր նախաձեռնել:  Այդ նպատակով համանախագահները հաջորդ շաբաթ կայցելեն տարածաշրջան: Պաշտոնական Երեւանն արդեն ողջունել է  միջնորդների նախաձեռնությունը: