ԵԱՀԿ գործող նախագահ Աուդրոնիուս Աժուբալիսի հայտարարությունները` շփման գծից դիպուկահարներին հեռացնելու վերաբերյալ, սխալ հասցեով են: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՅԴ խմբակցության պատգամավոր Հրայր Կարապետյանը: Նա նշեց, որ ԵԱՀԿ գործող նախագահի առաջարկությունը բացարձակապես արդարացված չէ, քանի որ հայկական կողմից բազմիցս հնչած առաջարկը` շփման գծից հեռացնել դիպուկահարներին, Ադրբեջանը կտրականապես չի ընդունել:
«Միայն վերջին` Սոչիում տեղի ունեցած բանակցությունների ժամանակ է, որ այդ խնդիրը արծարծվել է որոշակի դրական երանգով: Հետեւապես, նման կոչով պետք է ԵԱՀԿ-ն դիմի ոչ թե հայկական, այլ ադրբեջանական կողմին, քանի որ Ադրբեջանն է պարբերաբար խախտում հրադադարի ռեժիմը»,-նկատեց Կարապետյանը: Նրա խոսքով` վերջին իրադարձությունները նույնպես վկայում են, որ Ադրբեջանը շարունակում է շփման գծում դիպուկահարների օգտագործումը` իրավիճակն անընդհատ սրելու եւ թեժ պահելու նպատակով: «Մարտի 17-ին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի արեւելյան պաշտպանական ուղղությամբ տեղակայված դիրքերից մեկում տեղի ունեցած միջադեպը դրա վկայությունն է»,-նկատեց ՀՅԴ պատգամավորը:
Նշենք, որ Երեւանում գտնվող ԵԱՀԿ գործող նախագահ, Լիտվայի արտգործնախարար Աուդրոնիուս Աժուբալիսն այսօր` մարտի 18-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ վերահաստատել է իր աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդական գործունեությանը: Աժուբալիսը նաեւ կոչ է արել Հայաստանին որպես բարի կամքի արտահայտություն՝ միակողմանիորեն հեռացնել դիպուկահարներին շփման գծից:




























