Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել է կիրակի խորհրդարանական ընտրություններում իր կողմից ղեկավարվող Սերբական առաջադեմ կուսակցության (ՍԱԿ) հաղթանակի մասին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Նախագահի ելույթից հետո ՍԱԿ-ի անդամները վանկարկել են «Հաղթանակ, հաղթանակ»:

«Սերբիայի հարգելի քաղաքացիներ, ես երկար տարիներ եմ քաղաքականության մեջ, սակայն այսպիսի զգացողություններ ունեմ առաջին անգամ: Մենք ստացել ենք պատմության մեջ ժողովրդի վստահության ամենամեծ քվեն՝ ստանալով ավելի քան 2 միլիոն ձայն ընտրություններին մասնակցած 3.3 միլիոնից: Մենք հաղթել ենք ամենուր, անգամ այնտեղ, որտեղ նախկինում պարտություն ենք կրել: Հաղթել ենք Բեռլինում, Նյու Յորքում, Մոսկվայում հավաքել ենք ձայների 57 տոկոսը, իսկ Սոչիում՝ 95 տոկոսը»,-հայտարարել է Վուչիչը կուսակիցների ծափահարությունների ներքո: