News
Լրահոս
News
Ուրբաթ
Նոյեմբեր 27
USD
508.12
EUR
604.82
RUB
6.72
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Շենգավիթի թաղապետարանում հունիսի 15–ին տեղի ունեցած միջադեպի փաստով քրեական գործի հարուցումից հետո վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը և նրա տեղակալ Համլետ Գրիգորյանը դարձյալ սկսել են ճնշումներ գործադրել իրենց դեմ հաղորդում ներկայացրած Գևորգ Պողոսյանի նկատմամբ։ Այս մասին NEWS.am–ին հայտնեց միջադեպի գործով տուժող, թաղապետի, նրա տեղակալի և օգնականի կողմից ենթադրյալ բռնության ենթարկված Գևորգ Պողոսյանը։ Միջադեպից հետո թաղապետարանում տիրող մթնոլորտի, իր նկատմամբ կիրառվող ճնշումների վերաբերյալ NEWS.am–ը մի քանի հարց է ուղղել Պողոսյանին։

Դեպքի կապակցությամբ արդեն հարցաքննվե՞լ եք, ի՞նչ եք հայտնել իրավապահներին։

Այո, հարցաքննվել եմ և պնդել եմ իմ տված ցուցմունքը, նկարագրել եմ դեպքը այնպես, ինչպես եղել է։ Թաղապետի, նրա տեղակալի և օգնականի հետ առերեսում չի եղել. իրենք «չոր ատկազ են կանգնում», ասում են՝ չենք էլ կպել, երևի փչել են, ես էլ ընկել եմ թևս վնասել եմ։ Դե մուրճն ու փայտն իրենց ձեռքն է, բնականաբար այդպես պետք է ներկայացնեն։

Դեպքից հետո փորձե՞լ են ձեզ հորդորել, որպեսզի հրաժարվեք ձեր բողոքից կամ մեղմացնեք ձեր ցուցմունքը։

Ի՞նչ հորդորել, տեղակալն ինձ սպառնաց, ասաց՝ նայի, որ էս ամեն ինչը քո վրա շուռ չտանք, այդ մակարդակն է, ես հետ չեմ կանգնելու, եթե մարդիկ լկտիաբար կանգնում՝ հերքում են իմ հանդեպ կատարվածը, ասում են հերյուրանք եմ տարածում, ինչու՞ պետք է հետ կանգնեմ։ Եղել է նաև դեպք, որ միջնորդի միջոցով փորձել են, իբր հաշտեցնել, սակայն ես հրաժարվել եմ։

Միջադեպից հետո շարունակու՞մ եք ներկայանալ աշխատանքի, դժվար չէ՞ ձեզ համար, մեղմ ասած, կաշկանդող միջավայրում աշխատելը։

Իհարկե դժվար է, դրա համար արձակուրդ եմ վերցրել, և վաղվանից որոշ ժամանակով կբացակայեմ աշխատանքից, մինչև կրքերը փոքր–ինչ հանդարտվեն։ Ես համակարգչային տեխնիկայի օպերատոր եմ, տեխնիկական մասի գործավար և մշտապես սպասարկել եմ համակարգչային ցանցը։ Դեպքից հետո ինձ տարել՝ նստացրել են քարտուղարուհու դիմաց և առանց ամաչելու փորձում են ինձ քարտուղարուհու կարգավիճակ տալ։ Ասում են թղթավարություն արա, համակարգչով տեքստեր հավաքիր, Excel-ով հաշվարկներ արա և այլն, մինչդեռ իմ աշխատանքում նման գործառույթներ չեն մտնում, նույն հաջողությամբ կարո՞ղ են քարտուղարուհուն հանձնարարել համակարգչային ցանց սպասարկել, իհարկե, ոչ։ Ես իրենցից տեղեկանք պահանջեցի իմ աշխատանքային գործառույթների (պարտականությունների) վերաբերյալ, որը իրենք այդպես էլ չտվեցին։

Այսինք դուք որպես աշխատող ձեզ պաշտպանված չե՞ք զգում։

Ոչ, իրավապահներին դիմելուց հետո իմ նկատմամբ ճնշումներն ավելի են մեծացել, անգամ թաղապետարանի համակարգիչներից մեկն են միտումնավոր փչացրել, որպեսզի պատճառաբանեն, թե իբր ես այն լավ չեմ նորոգել, որպեսզի դրա համար ինձ նկատողություն տան, սակայն ես թերությունը վերացրեցի։

Ձեզ հետ կատարված միջադեպը հանրային լուրջ արձագանք ստացավ, դեպքից հետո քաղաքապետարանից կամ որևէ այլ կառույցից կապվե՞լ են ձեզ հետ՝ իրողությունը ճշտելու, ինչու չէ նաև ձեր իրավունքները պաշտպանելու համար։

Քաղաքապետարանն ունի վերահսկողական ծառայություն, որը օրինակ, եթե կոռուպցիայի հոտ առներ, արագ կգար հետքերով, բայց որ նման լուրջ միջադեպ է եղել, անգամ չեն էլ զանգել, որ իմանան եղելությունը։ Ավելին, ես Քաղաքացիական պայմանագիր կուսակցության համակիր եմ համարվում, ես դիմել եմ Շենգավիթ վարչական շրջանից պատգամավոր ընտրված Գևորգ Պապոյանին, բայց նա ինձ ասաց, որ իրավական գործընթաց է ընթանում, չեն կարող միջամտել։ Համաձայն եմ, պետք չէ միջամտել, բայց մի՞թե չէին կարող քաղաքացու բողոքը լսել, տեսնել ինչ եմ ասում, գոնե կանչեին, լսեին, վերջում ասեին, դու ստում ես, բայց ոչ մի բան, ես շատ վիրավորված և հիասթափցած եմ։ Ես մասնակցել եմ «Այո»–ի քարոզարշավին, բուկլետներ եմ բաժանել ու հիմա երևի ինձ այդ ամեն ինչի համար «շնորհակալություն» են հայտնում։ Լավ մի՞թե ՔՊ–ականների մեջ խելացի մեկը չկար, ասեր՝ էս տղուն լսենք, կարող է և ճիշտ է ասում։ Ներկա պահին միայն Աշխատանքային իրավունքների պաշտպանությամբ զբաղվող մի կառույց է աջակցություն տրամադրել։

Ի՞նչ ակնկալիքներ ունեք իրավապահ համակարգից։

Ակնկալում եմ, որ արդարադատություն իրականացվի, և մեղավորները ենթարկվեն քրեական պատասխանտվության։

Ավելի վաղ NEWS.am–ը գրել էր, որ Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի համակարգչային տեխնիկայի օպերատոր–գործավար Գևորգ Պողոսյանը հունիսի 18–ին ոստիկանությունում հաղորդում էր ներկայացրել և հայտնել, որ հունիսի 15–ին Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի քարտուղարի աշխատասենյակում վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը, նրա տեղակալ Համլետ Գրիգորյանը և օգնական Անդրանիկ Մինասյանը ստիպել են իրեն աշխատանքից ազատման դիմում գրի, սակայն իր կողմից մերժում ստանալուց հետո Ռազմիկ Մկրտչյանը քաշքշել է իր հագուստից և սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցրել, ապա երեքով ծեծի են ենթարկել իրեն, քաշել ու վայր են գցել հատակին՝ պատճառելով մարմնական վնասվածք։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ 309–րդ հոդվածի 2–րդ մասի հատկանիշներով՝ պաշտոնեական լիազորություններն անցնելը, որը զուգորդվել է բռնություն գործադրելով։

Տպել