News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ԳԴՀ ԱԳՆ մշակութային քաղաքականության վարչության Կրոնների միջեւ համակեցության հարցերով բաժնի խորհրդական է նշանակվել Գերմանիայում Մահմեդականների կենտրոնական խորհրդի (ՄԿԽ) նախագահի տեղակալ Նուրհան Սոյկանը: Վերջինս 2016թ. Հայոց ցեղասպանության վերաբերյալ Բունդեսթագի բանաձեւի ընդունմանը նվիրված քննարկումների ընթացքում ընդգծված կերպով դեմ է արտահայտվել:

ԳԴՀ Բունդեսթագի Գերմանիա-Հարավային Կովկաս խորհրդարանական բարեկամության խմբի փոխնախագահներ Ալբերտ Վայլերը (ՔԴՄ) եւ Թիլ Մանսմանը (ԱԴԿ) հանդես են եկել հայտարարություններով՝ հայտնելով իրենց խորին մտահոգությունը նշանակման կապակցությամբ:

Ստորեւ ներկայացնում ենք հայտարարությունների բովանդակությունը։

Ալբերտ Վայլերի կողմից տարածված մամուլի հաղորդագրությունում նշվում է, որ պատգամավորն անհանգստացած է Գերմանիայում ՄԿԽ նախագահի տեղակալի՝ Գերմանիայի դաշնային արտգործնախարարությունում խորհրդականի պաշտոնում նշանակման կապակցությամբ:

Որպես գերմանահարավկովկասյան խորհրդարանական բարեկամական խմբի փոխնախագահ՝ Վայլերը բնութագրում է այս նշանակումը որպես գերմանահայկական հարաբերությունների զարգացման հարցում վտանգավոր. «Հայոց ցեղասպանության բանաձեւի նպատակն էր նաեւ խրախուսել Թուրքիային՝ անցյալի եւ սեփական պատմությանն առերեսվելու, ճանաչելու եւ այն մշակելու: Տիկին Սոյկանը բացահայտորեն քննադատել է այս բանաձեւը, եւ նա՝ որպես կառավարության համակարգում խորհրդական, կարող է խոչընդոտել ակնկալվող հաշտեցմանն ու ճանաչմանը, ինչը չի համապատասխանում դաշնային կառավարության նպատակներին»:

Վայլերը նաեւ հղում է կատարել ՄԿԽ գործունեության մեջ առկա բոլորին հայտնի ԳԴՀ Սահմանադրությանը հակասող կապերին: Դաշնային արտաքին գործերի նախարարությունը կարեւոր պետական կառույց է եւ չպետք է իր շարքերում հանդուրժի մահմեդական-ազգայնական կամ հակասահմանադրական շեշտադրումներ:

«Այսօր, մենք ցավոք ականատես ենք լինում նրան, թե ինչպես է Թուրքիան, Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելով ջնջում Թուրքիայում քրիստոնեական մշակույթը՝ մահմեդական ազգայնականության շահերին ծառայեցնելու նպատակով: Այսօրինակ մտահոգիչ զարգացումները՝ Դաշնային արտգործնախարարության այս որոշումը, սադրանք է մեր ազատ ժողովրդավարական հիմնարար արժեքների եւ իրավական պետության նկատմամբ եւ պետք է չեղարկվի: Այս առնչությամբ ես կդիմեմ մեր արտաքին գործերի նախարարին»,- հավելել է Ա. Վայլերը:

Իր հերթին, Թիլ Մանսմանը նշում է, որ այս նշանակումը մտահոգիչ է հայ-գերմանական հարաբերությունների համար: Պաշտոնական հաղորդագրության մեջ նշվում է, որ 2016թ. Բունդեսթագի կողմից միայն մեկ դեմ եւ մեկ ձեռնպահ ձայներով ընդունված բանաձեւում 1915թ. Օսմանյան Կայսրությունում հայերի նկատմամբ բնաջնջումը որակվում է որպես ցեղասպանություն: Բանաձեւը նաեւ Գերմանիայի պատասխանատվության հարցն է բարձրացնում: «Նրանց ճակատագիրը 20-րդ դարում տեղի ունեցած զանգվածային ոչնչացումների, էթնիկ զտումների, տեղահանությունների եւ ցեղասպանությունների շարքում ուրույն տեղ է զբաղեցնում»:

Սա անհանգստացնում է թուրքական իշխանություններին, քանի որ Թուրքիան, ի հեճուկս առկա փաստերի, վիճելի է համարում հայ ժողովրդի տեղահանություններն ու հետապնդումները որպես ցեղասպանություն որակելը:

Թ. Մանսմաննի պաշտոնական հաղորդագրությունում նշվում է նաեւ, որ Նուրհան Սոյկանը «Մահմեդականները Միությունում» աշխատանքային խմբի հիմնադրման կապակցությամբ իր ելույթում քննադատել է բանաձեւը եւ վարկաբեկել թուրքական ծագում ունեցող պատգամավորներին, որոնք կողմ էին քվեարկել այդ բանաձեւին: Նրա տեսանկյունից՝ բանաձեւը թուլացրել է գերմանական քաղաքականության նկատմամբ թուրքական ծագում ունեցող բազմաթիվ մարդկանց վստահությունը: Դաշնային Արտաքին գործերի նախարարությունը չի արձագանքել բանաձեւի վերաբերյալ Սոյկանի այս քննադատությանը:

Սոյկանը՝ որպես Գերմանիայում մահմեդական համայնքի ներկայացուցիչ, գիտակցված է ընտրվել ԱԳՆ-ի կողմից այդ պաշտոնում: Մահմեդականների կենտրոնական խորհրդի խոշորագույն միությունը, որի փոխնախագահն է Սոյկանը, ընդհանուր առմամբ, «Եվրոպայում թուրք-իսլամական մշակութային միության» (Atib) անդամ կազմակերպություն է, որը ԳԴՀ Սահմանադրության պաշտպանության դաշնային ծառայության (հակահետախուզության) կողմից որակվել է որպես թուրք ազգայնական Գորշ գայլերի աջակողմյան ծայրահեղական շարժում: Բացի այն, որ շուրջ 20.000 անդամ ունեցող Մահմեդականների կենտրոնական խորհուրդը Գերմանիայում բնակվող շուրջ 4,5 մլն մահմեդականների միայն մի փոքր հատվածն է ներկայացնում, նրա անդամների բազմաթիվ միություններ կապված են «Մահմեդական եղբայրների» հետ:

Թիլ Մանսմաննը շարունակում է, որ ԳԴՀ ԱԳՆ-ն պետք է ուշադրություն դարձնի նրան, որ խորհրդականների ընտրության հարցում պաշտպանվի ժողովրդավարության եւ իրավական պետության սկզբունքը եւ որեւէ սատարում չլինի ազգայնական կամ հակասահմանադրական նարատիվներին: Քանի դեռ իր կապն «Atib»-ի հետ Մահմեդականների կենտրոնական խորհուրդը չի հստակեցրել, վերջինիս որեւէ ներկայացուցիչ չպետք է դառնա կառավարության խորհրդական»,- պահանջել է Թ. Մանսմաննը:

Պատգամավորի վստահեցմամբ. «Հայոց ցեղասպանության ճանաչումը Գերմանիայի պատմական մեղսակցության ընդունումը կարեւոր քայլ էր պատմությունից դասեր քաղելու ուղղությամբ: Գերմանահայկական հարաբերությունների ամրապնդումը շարունակում է մնալ Գերմանիայի արտաքին քաղաքականության կարեւոր ուղղություններից մեկը, իսկ Սոյկանի նման անձնավորությունը վտանգում է այն»:

Հավելենք, որ Սոյկանի նշանակումը քննադատաբար եւ անհանգստացնող է մեկնաբանվել նաեւ գերմանական մամուլում, օրինակ, «Welt» օրաթերթում  եւ իշխող ՔԴՄ կուսակցության առանձին պատգամավորների կողմից: Հայ Առաքելական եկեղեցու Գերմանահայոց թեմի առաջնորդարանն այս կապակցությամբ նույնպես պաշտոնական նամակ է հասցեագրել ԳԴՀ ԱԳ նախարարին:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրախորհրդարանում համաժողով է անցկացվել՝ նվիրված Հայոց Ցեղասպանությանը եւ ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտմանը
Եվրոպական խորհրդարանում տեղի է ունեցել «Ոգեկոչել Հայոց Ցեղասպանությունը....
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Խոստանալով պայքարել հանուն մի աշխարհի, որտեղ տիրում են խաղաղություն…
Մենք չպետք է սպասենք ևս մեկ դար՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար. Աննա Էշու
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին...
ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը պետք է հետևեն իրական հետևանքներ․ Ադամ Շիֆ
Մինչ մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը՝ երբեք…
Հայ ժողովուրդը կրկին ոտքի կկանգնի, ինչպես դա արեց Ցեղասպանությունից հետո․ ԱՄՆ կոնգրեսական Սեթ Մոուլթոն
«Ես հպարտ եմ, որ Կոնգրեսն ասել է ճշմարտությունը և ճանաչել է Հայոց…
«Մենք երբեք չենք հանձնվի». Կոնգրեսական Գուս Բիլիրակիսը տարածաշրջանում Թուրքիայի գործողություններն աններելի է համարում
Նա անդրադարձել է նաև ԱՄՆ-ի հայկական ու հունական համայնքների ջանքերին…
Ամենաշատ