News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Այսօր գրեթե ամբողջ կյանքն անցնում է սոցիալական ցանցերում: Գնումներ, ուսուցում, շփումներ եւ նույնիսկ ժամադրություն: Հետեւաբար, սոցիալական ցանցերի կամ ծանոթությունների հավելվածի համար լավ լուսանկարվելու ցանկությունը շատ բնական է: Բայց, ինչպես պարզվել է, շատերը սխալվում են՝ կատվի հետ լուսանկար տեղադրելով առցանց պրոֆիլում:

Վերջերս կատարված ուսումնասիրությունը ցույց է տվել, որ մարդկանց 43%-ը կարծում է, թե անմիջապես կարող է մարդուն «ճանաչել» սոցիալական ցանցերում նրա լուսանկարից: Հաշվի առնելով այսպիսի բարձր տոկոսը, պրոֆիլում պետք է շատ «շահավետ» նկարներ լինեն: Եվ քանի որ ինտերնետում ամենատարածված եւ հաճելի թեման դեռ կատուներն են, Կոլորադոյի եւ Այդահոյի համալսարանների գիտնականները որոշել են պարզել, թե արդյոք ընտանի կենդանիների հետ լուսանկարները կարող են տղամարդկանց ավելի գրավիչ դարձնել սոցիալական ցանցերում, գրում է «Հանրամատչելի մեխանիկա»-ն:

Նախորդ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ կանայք հաճախ պոտենցիալ զուգընկերոջ մասին դատում են՝ ելնելով այն հանգամանքից, թե ունեն արդյոք նրանք ընտանի կենդանիներ: Միեւնույն ժամանակ, գիտնականները պարզել են, որ կանայք նախընտրում են շների հետ տղամարդկանց, սակայն կատու ունեցողները դեռեւս ավելի մեծ համարում ունեն, քան նրանք, ովքեր ընդհանրապես կենդանի չունեն: Այդ պատճառով հետազոտության նոր թիմը սկզբում ենթադրել է, որ կատուների հետ տղամարդկանց լուսանկարները ավելի գրավիչ եւ ցանկալի են:

Ուսումնասիրությանը մասնակցել են 18-24 տարեկան 1388 հետերոսեքսուալ կանայք: Գիտնականները նախօրոք աղջիկներին հարցրել են՝ արդյոք նրանք «կատուների սիրահար» են, «շների սիրահար» թե «ոչ մեկը, ոչ մյուսը»: Նրանք բոլորն անցել են կարճ անանուն առցանց հարցում, որում նրանց ցույց են տրվել լուսանկարներ, որոնցում 20-ից բարձր տարիքի տղամարդիկ են եղել՝ մենակ կամ կատվի հետ: Յուրաքանչյուր մասնակից գնահատել է միայն մեկ մարդու՝ կատվի հետ եւ առանց նրա։

Ամեն անգամ, երբ կամավորները լուսանկար են տեսել, գիտնականները խնդրել են նրանց գնահատել լուսանկարում պատկերված տղամարդուն մի քանի հիմքերով: Կանանց մեծամասնությունը կատուներով տղամարդկանց ավելի քիչ գրավիչ է համարել ժամադրության համար: Նրանք նաեւ ասել են, որ կատուներ ունեցող տղամարդիկ ավելի ինքնամփոփ եւ նեւրոտիկ են: Կարեւորն այն է, որ նրանք այս մարդկանց ավելի քիչ առնական են համարել։

Այս փուլում գիտնականները ենթադրում են, որ դա պայմանավորված է «առնականության» չափանիշով: Նախորդ ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ կանայք հաճախ փնտրում են ավելի առնական տղամարդկանց՝ ինչպես արտաքին, այնպես էլ վարքային տեսակետից: Աշխատանքի հեղինակները նշում են, թե սա ցույց է տալիս, որ մեր մշակույթում կանացիության եւ առանականության մասին կարծրատիպերն ավելի խորն են «նստած», քան թվում է:

Գիտնականներն ասում են, որ, ամենայն հավանականությամբ, հասարակությունը դեռ կատուներին համարում է «իգական» կենդանիներ, ուստի կատուն ձեռքին տղամարդը համարվում է ավելի «կանացի»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ