News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը նախօրեին տեղեկացրեց, որ հայրենիքի համար այս  ծայրահեղ ծանր շրջանում քաղաքական խորհրդակցություններ է սկսել քաղաքական ու հասարակական լայն շրջանակների հետ՝ քննարկելու առկա մարտահրավերներն ու ապագայի անելիքները: Նախագահը հնարավորություն էր տեսել, որ այդ հանդիպումների միջանկյալ արդյունքներով  կկարողանան  ձեւավորել ազգային համաձայնության իշխանություն, որը կհամատեղի բոլորի ջանքերը՝ հանուն Հայրենիքի անվտանգության ու զարգացման եւ ժողովրդի բարօրության:

Արայիկ Հարությունյանի՝ մինչ համերաշխության եւ համագործակցության ձեռք մեկնելու վերաբերյալ գրառումը, ակտիվորեն լուրեր էին շրջանառվում, որ միասնականություն հաստատելու ճանապարհին նա պատասխանատու պաշտոնների կնշանակի հանրության կողմից ընկալելի դեմքերի։  Օրինակ՝ Արցախի հերոս Վիտալի Բալասանյանին նշանակելու է իր նախորդ պաշտոնին՝ Անվտանգության խորհրդի քարտուղար, իսկ ՀՅԴ խմբակցության, Պաշտպանության, անվտանգության եւ օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Դավիթ Իշխանյանին էլ ԱԺ նախագահի պաշտոնում։ Քիչ առաջ հայտնի դարձավ, որ Արցախի նախագահի հրամանագրով Վիտալի Բալասանյանը նշանակվել է ԱԽ քարտուղար։

NEWS.am-ը Դավիթ Իշխանյանից հետաքրքրվեց, թե Արցախի ԱԺ նախագահի պաշտոնում առաջադրվելու առաջարկ ստացե՞լ է, ինչին ի պատասխան դաշնակցական պատգամավորն ասաց.

«Ինքս էլ երեկ մամուլում տեսա եւ կարծում եմ, որ այն տարաբնույթ ձեւաչափը, որ  կնշանակվեմ Ազգային ժողովի նախագահ, շատ զարմանալի է։ Ընդհանուր քաղաքական խորհրդակցություններ է սկսել նախագահ Արայիկ Հարությունյանը, այդ թվում հանդիպում է ունեցել դաշնակցության մեր  կառույցի ներկայացուցիչների հետ։ Քննարկումներ են եղել երկիրն այս ճգնաժամային իրավիճակից դուրս բերելու համար, այդ խորհրդակցությունները կավարտվի, մնացածը պարզ կդառնա։ Ինչ վերաբերում է ինձ խորհրդարանի նախագահի պաշտոնում տեսնելուն, ապա պետք է նաեւ պատկերացնել այդ բարդ գործընթացը, հաշվի առնելով, որ մենք մեծամասնություն չենք եւ դրանից հետո հետեւություններ անել։ Առայժմ այսքանը կարող եմ ասել»։

Հստակեցնող հարցին, թե այդ խորհրդակցությունների ժամանակ իրեն նման առաջարկ արե՞լ են, Դավիթ Իշխանյանը զերծ մնաց հարցին ուղիղ պատասխանելուց, առաջարկելով դիմել հենց այդ լուրերը տարածողներին։

«Այս պահին նման հարց քննարկել անտրամաբանական եմ համարում»,- շեշտեց նա։

 Եթե նման առաջարկ ստանար, կընդունե՞ր՝ հետաքրքրվեցինք դաշնակցական պատգամավորից։

«Ասացի՝ շատ բարդ ընթացակարգ է, ինձ ավելի շատ մտահոգում եւ հետաքրքրում է երկիրն այս ծանր կացությունից դուրս բերելու ուղիները, մնացածը երկրորդական է, թե ով որտեղ կլինի, ինչ պաշտոնում եւ ինչ առաջարկ կլինի»,- ընդգծեց նա։

Բացառո՞ւմ է, որ ԱԺ նախագահ կլինի, Դավիթ Իշխանյանից ուղիղ պատասխան կրկին չլսեցինք, առաջարկեց հարցն ուղել խորհրդարանի  քաղաքական մեծամասնությանը։

Արցախի խորհրդարանական չորս կուսակցությունները, այդ թվում ՀՅԴ-ն որոշ ժամանակ առաջ պահանջում էին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հրաժարականը։ Դավիթ Իշխանյանի դիտարկմամբ՝ իրենք չեն հրաժարվել այդ գաղափարից, բայց մի շարք հանգամանքներից ելնելով իրենք քննարկումների դաշտ են վերադարձել։

«Կարող է հարց առաջանալ՝ ինչո՞ւ հետեւողականություն չցուցաբերեցինք եւ դա չտարանք քաղաքական թեժ պայքարի եւ այդ պահանջը  իրականացնելուն։ Այստեղ ի հայտ են գալիս լուրջ խնդիրներ, իրավական եւ ապագա քաղաքական գործընթացների առումով ճգնաժամը ավելի  չխորացնելու միտումները, որովհետեւ մեզ համար հարց է՝ արդյոք հրաժարականի դեպքում նոր ընտրություններ կարող են լինել, թե ոչ»,- ասաց դաշնակցական պատգամավորը։

Անդրադառնալով Արցախի նախագահի ֆեյսբուքյան գրառմանը, Դավիթ Իշխանյանն  ասաց, որ Արայիկ Հարությունյանը փակագծերը ամբողջությամբ չի բացել։ Իրենք նկատել են, որ Արցախի իշխանությունները՝ նախագահի գլխավորությամբ դժգոհություններ ունեն Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ, բայց դրա մասին հրապարակավ չի խոսվում։

«Նախագահը ֆեյսբուքյան գրառում արեց,  որի մեջ չներկայացրեց այն իրական իրավիճակը, ինչը քննարկումների դաշտում էր, եւ ինչը ներքաղաքական իրավիճակն էր։ Կարծում եմ նախագահ Արայիկ Հարությունյանը պետք է փակագծերը բացի, որ այդ քննարկումների արդյունքում որոշ փոփոխություններ տեղի են ունենալու՝ կառուցվածքային, կադրային, նաեւ քաղաքական վերադասավորումներ, այդ ամենով հանդերձ նախագահը պետք  է հրապարակավ  խոսի այն մասին, որ ՀՀ-ում տեղի ունեցող գործընթացները՝ մասնավորապես վարչապետի հրաժարականի պահանջը  նաեւ կիսում է Արցախի ոչ միայն քաղաքական դաշտի ներկայացուցիչները, ոչ միայն  Արցախի  հանրությունը, այլեւ երկրի հենց  քաղաքական ղեկավարությունը, այդ մասին պետք է բարձրաձայնել։ Արցախում տեղի ունեցող գործընթացները, որն ֆեյսբուքյան գրառմամբ ինքը ներկայացրեց, ավելի խորն են»,- ասաց նա։

Հարցին, թե ՀՅԴ-ն համաձայն կլինի՞ մաս կազմել նախագահ Արայիկ Հարությունյանի՝ ազգային համաձայնության իշխանությանը, պատգամավորն արձագանքեց․

«Կարծում եմ բոլորը պետք  է համաձայն լինեն եւ բոլորը պետք է ազնվորեն այդ հարցի քննարկմանը մասնակցեն նաեւ իրենց քաղաքական պատասխանատվության առումով, որովհետեւ մենք պետք է հաշվի առնենք, որ նոր փուլ ենք մտել եւ ապագայի պատկերացումները պետք է ի մի բերել, թե որ քաղաքական ուժն ինչ պատկերացումներ ունի, խնդիրն այստեղ է։ Կարծում եմ այնպիսի կացության մեջ ենք, որ չպետք  է քաղաքական դիվիդենտ ստանալու նպատակ հետապնդի որեւէ կուսակցություն՝ խորհրդարանական, թե արտախորհրդարանական։ Հաշվի առնելով կադրային բազայի սահմանափակ լինելը, քաղաքական դաշտի ոչ այդքան կայացած լինելը, պետք է մեր ռեսուրսները համատեղենք, օգտվելով նաեւ ՀՀ-ի կադրային բազայից։ Տեսեք, արդեն շրջանառվեց Մանե Թանդիլյանի անունը, իհարկե, կարող էր նաեւ այլ անուններ լինել, բայց շատ տեղին կլինի, որ մենք կարողանանք այդ բազան նաեւ Արցախում օգտագործել։  Եթե ինքը տեղափոխվում է Արցախ ապրելու, ես չեմ բացառում, որ իր՝ Սոցապ նախարար նշանակվելու մասին լուրը  կարող է իրականություն դառնալ»,- նկատեց պատգամավորը։

Դավիթ Իշխանյանը հավելեց, որ այս պահին Արցախում հիմնական խնդիրը ապագայի նկատմամբ երաշխիք ունենալն է, այդ իսկ պատճառով պետք է հանրության հետ աշխատել։

«Պետք է ունենալ հստակ քաղաքական գիծ, գաղափարախոսություն, մարդկանց ոչ միայն պետք է տնտեսական, սոցիալական, նյութական պայմանները բավարարել, այլ ուղղակի նրանց հետ աշխատել՝ պետական բոլոր օղակներից սկսած։ Կառավարման համակարգը պետք է շատ արդյունավետ գործող մեխանիզմ լինի, մենք պիտի վերջ տանք անձնավորված գործելաոճի կառավարման մեթոդներին, այստեղ կարծում եմ հաջողություն կարող ենք ունենալ։ Վստահության պակասը պետք է լրացվի նոր վստահության դաշտում, իսկ դրա համար անհրաժեշտ են արմատական փոփոխություններ»,- եզրափակեց նա։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից. Եղիշե Կիրակոսյան
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից…
Ամենաշատ