News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 04
Տեսնել լրահոսը

Ռուսաստանյան Tez Tour տուրիստական գործակալության հայկական մասնաճյուղը փակվել է, իսկ  Tez Tour գործակալությունը լքել է տեղական շուկան: Ինչպես NEWS.am-ին տեղեկացրեց Tez Tour-ի հայկական մասնաճյուղի մեր աղբյուրը, աշխատանքից ազատված են բոլոր աշխատակիցները, թեեւ գործակալությունը լուրջ մտադրություններ ուներ ընդլայնելու զբոսաշրջային բիզնեսը Հայաստանում: Tez Tour-ը խնդիրներ ուներ երեւանյան Magic Time տուրիստական գործակալության հետ, որը պարտք էր Tez Tour-ին 400 հազար դոլար, սակայն չէր շտապում իր պարտքերը վերադարձնել եւ նախընտրել էր դիմել իր «տանիքին»` ի դեմս ուժային կառույցների աշխատակիցների: Այն փաստը, որ Tez Tour ռուսաստանյան տուրիստական գործակալությունը լքել է երկիրը, հայաստանցի զբոսաշրջիկի համար նշանակում է, որ կթանկանան տուրիստական տուրերը Անթալիա եւ Եգիպտոս, որոնց ուղղությամբ այս տուրիստական գործակալությունն իրականացնում էր ուղիղ չվերթներ:

Հատկանշական է, որ «ՏՈՒՐՊՐՈՄ»-ի թղթակցին Tez Tour-ի գլխամասային գրասենյակում հայտնել են, որ հայաստանյան շուկան լքելու որոշումը կայացվել է տեղի ուժային կառույցների ճնշումների ներքո, որոնք «տիրություն» են անում հայաստանյան զբոսաշրջային բիզնեսը` շորթելով ռուսաստանյան ընկերություններից գումարներ հօգուտ տեղական բիզնեսի ներկայացուցիչների:

«Հայաստանի շուկան լքելու որոշումը դա տեղական Magic Time տուրիստական գործակալության հետ կապված պատմության շարունակությունն է: Այդ ընկերությունը պարտք էր մեզ խոշոր գումար եւ փորձում էր ուժային կառույցների միջոցով ճնշում գործադրել մեզ վրա, որպեսզի մենք շարունակեինք սպասարկել նրա զբոսաշրջիկներին անվճար: Երբ բոլոր հարցերը լուծվում են ոչ իրավական դաշտում, այլ` «հասկացողությունների» հիման վրա, ապա մենք իմաստ չենք տեսնում աշխատել այդ տարածաշրջանում»,- ասել է Tez Tour ընկերության կոմերցիոն տնօրեն Ալեքսանդր Բատուրինը:

Հիշեցնենք, որ  Tez Tour ռուսաստանյան տուրիստական գործակալության ներկայացուցչության աշխատանքը դեռեւս անցած տարվա դեկտեմբերի կեսերին փաստացի կաթվածահար էր եղել տեղի ուժային կառույցների շնորհիվ, որոնք կատարել են երեւանյան Magic Time տուրիստական գործակալության պատվերը:

Tez Tour-ի տվյալներով` Magic Time-ի տիրոջ ազգականներից մեկը գլխավորում է Ոստիկանության 6-րդ վարչությունը: Ոստիկանությունում բացահայտ հայտարարել են, որ եթե Tez Tour-ը չեղյալ չհայտարարի Magic Time-ի պարտքը, ապա Tez Tour-ի երեւանյան մասնաճյուղի աշխատակիցներն օրենքի հետ խնդիրներ կունենան: Մինչդեռ Tez Tour-ը չի համաձայնվում եւ հրաժարվում է սպասարկել չվճարված զբոսաշրջիկներին: Magic Time, լինելով միջնորդ հայկական զբոսաշրջային գործակալությունների եւ Tez Tour-ի միջեւ, 2010 թվականի ընթացքում կուտակել էր ավելի քան 400 հազար դոլարի պարտք: Արդյունքում Tez Tour-ի համբերությունը հատեց, եւ գործակալությունը ամանորյա տոներից առաջ հրաժարվեց սպասարկել  Magic Time-ի զբոսաշրջիկներին, մինչեւ վերջինս չմարի պարտքերը: Սակայն կառուցողական երկխոսության փոխարեն, Magic Time-ը դիմեց ռուսաստանյան կազմակերպության վրա ուժային միջոցներ կիրառելուն` Հայաստանի ուժային կառույցներում աշխատող ազգականների միջոցով:

Նշենք,որ ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել է, Tez Tour տուրիստական գործակալության երեւանյան գրասենյակի աշխատակիցներին բերման են ենթարկել: Ըստ այդմ՝ տուրօպերատորի ողջ անձնակազմը միայն դեկտեմբերի 12-ի գիշերը ժամը 1-ին է հնարավորություն ստացել լքել ոստիկանությունը: Ըստ տարբեր աղբյուրների՝ այս պատմության հետեւում կանգնած է Magic Time տուրգործակալության ղեկավարությունը, որի եւ Tez Tour-ի ղեկավարության միջեւ կոնֆլիկտ է տեղի ունեցել: Կոնֆլիկտն առաջացել է դեռ ամռանը, երբ Magic Time-ը հրաժարվել էր Tez Tour-ին վճարել մոտ 400 հազար ԱՄՆ դոլար պարտքը, չնայած շարունակել է վաճառել Tez Tour-ի մոսկովյան օպերատորի ուղեգրերը:

Tez Tour -Magic Time-բանակցությունները՝ պարտքը վճարելու հետ կապված, արդյունք չեն տվել, եւ Magic Time-ն, ի վերջո, հայտարարել է, թե մտադիր չէ պարտքը մոտ  ժամանակներս վերադարձնել: Ի պատասխան Tez Tour-ը զգուշացրել է, որ ընդհատելու է համագործակցությունը տուրիստական գործակալության հետ: Սա նշանակում է, որ Magic Time-ի հաճախորդների սպասարկումը դադարեցվելու է եւ չվճարված ուղեգրերը չեղյալ են հայտարարվելու:

Tez Tour-ի այս հայտարարությունն ափից հանում է Magic Time-ի ղեկավարներին՝ Դավիթ եւ Մհեր Մանուկյաններին, ովքեր սկսել են սպառնալ, թե ուժ են կիրառելու եւ բացի այդ՝ իրավական բնույթի խնդիրներ են հարուցելու: Magic Time-ի ղեկավարները նշել են, որ իրենց մեջքին կանգնած է Ոստիկանության 6-րդ գլխավոր վարչության պետ Գագիկ Ավետիսյանը, ով կարող է «դաս տալ» տուրօպերատորին: Այս սպառնալիքից օրեր անց Tez Tour-ի անձնակազմը հայտնվում է ոստիկանությունում:

Ըստ NEWS.am-ի աղբյուրների՝ Magic Time-ի մյուս հովանավորը Երեւանի այլեւս նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանն է:

Հատկանշական է , որ Magic Time-ը հայտնի է հայատանյան տուրօպերատորների մեջ գրաված իր մենաշնորհային դիրքով: Այս հանգամանքը խիստ անհագստացրել է մյուս տուրգործակալություններին, որոնք երկար ժամանակ է, ինչ դժգոհում են Tez Tour-ի կողմից Magic Time-ին տրամադրվող արտոնյալ պայմաններից:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ