«Մեկ ազգ, մեկ մշակույթ» հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը չի ստացել գործադիր տնօրեն Թամար Պողոսյանի հեռանալու մասին դիմումը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Սփյուռքի նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Թեւոս Ներսիսյանը: «Այդ դիմումը ոչ ոք այդպես էլ չտեսավ: Հետեւաբար` Թամարա Պողոսյանը համարվում է նոմինալ աշխատող»,- ասաց նա:

«Մեկ ազգ, մեկ մշակույթ» հիմնադրամի գործադիր տնօրեն Թամար Պողոսյանը  NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ իր հրաժարականի դիմումը դեռ չի ընդունվել` հավելելով, որ իր աշխատանքից ազատելու մասին դիմումը ներկայացրել է վարչապետ Տիգրան Սարգսյանին:

Ի դեպ, Թեւոս Ներսիսյանը NEWS.am-ի հետ զրույցում նշեց, որ Սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանը դատի է տվել Թամար Պողոսյանին` իր պատիվը, արժանապատվությունը վիրավորելու եւ զրպարտելու համար: Ֆիրդուս Զաքարյանը տեքստ է պատրաստել եւ նախեւառաջ պահանջում է, որ Թամար Պողոսյանը այդ տեքստը տարածի, օրինակ` ասուլիս հրավիրի եւ կարդա:

Ինչ վերաբերում է նրան, թե ինչքան գումար է պահանջել աշխատակազմի ղեկավարը` իր պատիվը եւ արժանապատվությունը վիրավորելու համար, Թեւոս Ներսիսյանը չնշեց` ասելով, որ իրենց համար կարեւորը գումարային հատուցումը չէ, այլ տեքստի հրապարակումը: NEWS.am-ը Թամար Պողոսյանից հետաքրքրվեց նաեւ դատական գործընթացի մասին, բայց նա բորբոքվեց եւ ասաց, որ հրաժարվում է հարցազրույց տալուց եւ չգիտի, թե երբ հարմար կլինի հարցազրույց տալ:

Հիշեցնենք, որ Թամար Պողոսյանը Հայաստանի սփյուռքի նախարար, «Մեկ ազգ, մեկ մշակույթ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Հրանուշ Հակոբյանին մեղադրել էր փողերի լվացման եւ կոռուպցիոն ռիսկեր պարունակող գործողություններ իրականացնելու մեջ։ Թամար Պողոսյանի հասցեին փոխադարձ մեղադրանքեր են հնչել նաեւ Սփյուռքի նախարարությունից.«Թամար Պողոսյանի՝ անմեղ գառնուկի կերպարանքով արված մեղադրանքները կեղծ եւ շինծու են, այդ մեղադրանքները փչած փուչիկներ են, որոնք դատարկ են ու մտացածին եւ դրանց նպատակը շանտաժն է ու զրպարտությունը»,- մասնավորապես հայտարարել էր Սփյուռքի փոխնախարարը: