News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Կապան-Գորիս միջպետական ճանապարհին ադրբեջանական ոստիկանության կողմից անցակետ տեղադրելու, իրանական պետհամարանիշներով բեռնատարները ստուգելու, ինչպես նաեւ գումար գանձելու գործընթացը լրջագույն ահազանգ է, որի խնդրով պետք է զբաղվի հատկապես Հայաստանի Հանրապետությունը։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց իրանագետ Վարդան Ոսկանյանը։

Նշենք, որ Գորիս-Կապան միջպետական ճանապարհի Որոտան բնակավայրի մոտ Ադրբեջանի ոստիկանության կողմից իրականացվում է իրանական պետհամարանիշներով բեռնատարների վարորդների ու բեռի փաստաթղթերի ստուգում։ Հայտնի է, որ արդյունքում վարորդներից նաեւ գումար են գանձում։ ԱԱԾ մամուլի կենտրոնի հաղորդմամբ` ծառայության սահմանապահ զորքերը եւ Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ ծառայության զինծառայողները համատեղ աշխատանքներ են իրականացնում առաջացած իրավիճակը կարգավորելու ուղղությամբ։

Ըստ իրանագետի՝ Հայաստանի Հանրապետությունը բավականին կոշտ վերաբերմունք պետք է դրսեւորվի թշնամական կողմի նկատմամբ. «Եթե կա հնարավորություն ուժի կիրառման, ապա կարծում եմ՝ ուժ էլ պետք է կիրառվի։ Եթե կա հնարավորություն, բայց սրա համար նաեւ պետք է զուգահեռաբար տարվի նաեւ շատ լայնածավալ դիվանագիտական աշխատանք, Ռուսաստանի Դաշնության եւ Իրանի Իսլամական Հանրապետության հետ, նաեւ միջազգային այլ խաղացողների հետ։ Այսինքն՝ մենք պետք է ստանանք միջազգային դրական ֆոն, դրանից հետո գնանք կոշտ գործողությունների»։

Ոսկանյանը նշեց, որ իրանական կողմից էլ արդեն արաձագանքներ կան. Իրանի Արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակն է անդրադարձել խնդրին. «Իրանական կողմը որոշակի անհանգստություն ունի այս խնդրի վերաբերյալ։ Չնայած դիվանագիտական ձեւակերպումներին՝ կարելի պնդել, որ իրանցիներն էլ անտարբեր չեն այս խնդրի վերաբերյալ»։

Իրանագետի կարծիքով՝ լավ հնարավորություն է ստեղծվել նաեւ համատեղելու Հայաստանի, Իրանի եւ Ռուսաստանի ջանքերը՝ այդ խնդիրը լուծելու համար.

«Խնդրի լուծումը պետք է լինի կտրական ձեւով. ադրբեջանական բաշիբոզուկները պետք է հասկանան, որ Գորիս-Կապան ճանապարհին իրենց ամբողջ «գործունեությունը» ուղղակի լկտիություն է եւ պետք է դադարեցվի նման մոտեցումը Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության հանդեպ»։

Հարցին՝ իր կարծիքով՝ ինչո՞ւ է Ադրբեջանն այսպիսի քայլերի գնում, Վարդան Ոսկանյանն ասաց, որ այստեղ մի քանի գործոն կա.

«Այս ամբողջ գործընթացն ընթանում է Բաքվի բռնապետի ուղղակի հրահանգով։ Անհրաժեշտ է, որպեսզի պարբերաբար ճնշման տակ գտնվի Հայաստանի Հանրապետությունը. գործոններից մեկը ՀՀ-ի վրա ճնշում գործադրելն է։ Այդ ճնշումն էլ ակնհայտորեն միտված է իրենց եզրաբանությամբ այսպես կոչված՝ «Զանգեզուրի միջանցքի» հիմնախնդրի լուծմանը, որը կենսական նշանակություն ու նի ոչ միայն Ադրբեջանի, այլ նաեւ մի գուցե ավելի լայն իմաստով ավելի մեծ չափով Թուրքիայի համար։ Երկրորդ գործոնը իրանական կողմի վրա ճնշումներ գործադրելն է։ Իրանական բեռնատարները որոշ ժամանակ առաջ նաեւ խնդիր ունեին Ադրբեջանի տարածքը հատելու առումով, ստեղծվել էին արհեստական բնույթի խոչընդոտներ։ Հիմա փորձ է արվում իրանական կողմին ցույց տալ, թե իբր Ադրբեջանը տեր ու տնօրեն է Հայաստանի Հանրապետության տարածքում, մասնավորապես, Գորիս-Կապան ավտոճանապարհին։ Հաշվի առնելով այն կենսական նշանակությունը, որն ունի հայկական ուղղությունը իրանական տրանսպորտային ելքերն ապահովելու առումով, նաեւ Իրանի աշխարհաքաղաքական շահերի առումով փորձ է կատարվում այս ուղղությունն Բաքվի տրամաբանությամբ դարձնել վտանգավոր իրանցիների համար, որպեսզի այս պետությունը զերծ մնա Հայաստանի տարածքը լրջորեն ընկալելուց»։

Ոսկանյանն ասաց, որ Ադրբեջանի գործունեությունը տնտեսական որոշակի ռիսկեր է պարունակում, բայց առաջնահերթ կարեւորություն ունի անվտանգային խնդիրը. «Մենք պետք է հստակորեն հասկանանք, որ քանի դեռ չի լուծվել անվտանգային խնդիրը, ապա մենք ունենալու ենք կորուստներ թե տնտեսության ոլորտում, թե մեր հասարակությանը հասցնելու են հոգեբանական հարվածներ։ Դա նաեւ հոգեբանական հարված է եւ այժմ արդեն այդ ճանապարհով երթեւեկելու ժամանակ որեւէ մեկը չի կարող երաշխիք տալ, որ նույն այդ բաշիբոզուկները չեն կանգնեցնի հայկական մեքենա եւ չեն պահանջի Ադրբեջանի տարածքը հատելու համար ինչ-որ թույլատվություն»։

Ըստ իրանագետի՝ որեւէ երաշխիք չկա, որ Հայաստանն այս դեպքում նույնպես զիջման չի գնա. «Եթե հաշվի առնենք մի հանգամանք, որ օրինակ՝ մենք դուրս ենք գալիս հայկական տարածքներից, այո, այդ տարածքները հայկական են անկախ նրանից, թե ինչ-որ ժամանակ գտնվել են ադրբեջանական վերահսկողության տակ։ Մենք պետք է ակնկալենք շատ հստակ եւ թափանցիկ բացատրությունների իշխանության կողմից նաեւ մեր հասարակության, որպեսզի նաեւ ավելորդ անհանգստությունների տեղիք չտանք եւ տանք կոշտ արձագանք թշնամական կողմին»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ