News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Պետական գործիչ, գրող Վանո Սիրադեղյանի աճյունը չի ամփոփվի Կոմիտասի անվան պանթեոնում, քանի որ կան մի շարք հանգամանքներ, մենք այդ հանգամանքները քննարկել ենք, հաշվի առել դրանք եւ որոշում կայացրել։ Այս մասին կառավարության նիստից հետո ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատրյանը։

Նա պարզաբանեց, որ ինքը Վանո Սիրադեղյանի հուղարկավորության կազմակերպման հարցով հանձնաժողովի անդամ է, Սիրադեղյանի որդին եւս մասնակցում է հանձնաժողովի աշխատանքներին։

Խաչատրյանը հավելեց, որ հայտնի չէ՝ որտեղ է հիմա գտնվում Սիրադեղյանի աճյունը։ «Նրա արժեքն այն չէ, թե որտեղ կթաղվի մարմինը։ Կարող եմ ասել, որ նա մնաց թերագնահատված, բայց վստահ եմ, որ այս իշխանության կողմից փորձեր են եղել գնահատել։ Մենք պետք է բոլոր միջոցառումները կազմակերպենք բարձր մակարդակով, այն մակարդակով, որին արժանի է Սիրադեղյանը»,-ասաց նախարարը։  

Նա հայտնեց, որ վերջին անգամ խոսել է Սիրադեղյանի հետ 20 տարի առաջ, երբ նա լքել է Հայաստանը։ «Դրանից հետո, ցավոք, առիթ չի եղել խոսել նրա հետ։ Վանոն իմ ընկերն էր, Նիկոլ Փաշինյանի եւ շատ այլ մարդկանց ընկերն էր»,-հավելեց Խաչատրյանը։

«Չեմ կարող ասել, թե ինչու այդ ընթացքում նա չվերադարձավ Հայաստան։ Բարդ հարց է։ Յուրաքանչյուրն ինքն է որոշում»,-եզրափակեց նախարարը։  

Հիշեցնենք, որ հանձնաժողովի որոշմամբ Վանո Սիրադեղյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա դեկտեմբերի 3-ին՝ 17:00-ից 21:00-ն՝ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Պետական գործչի հուղարկավորությունը նախատեսվում է նրա հայրենի Կոթի գյուղում՝ դեկտեմբերի 4-ին ժամը 12:00-ին: Ներքին գործերի նախկին նախարար Սիրադեղյանը մինչեւ մահը գտնվել է միջազգային հետախուզման մեջ՝ սպանություն կազմակերպելու մեղադրանքով։

Ավելի վաղ ՀԱԿ կուսակցությունը, որը ղեկավարում է ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, կոչ է արել Վանո Սիրադեղյանին հուղարկավորել Կոմիտասի անվան պանթեոնում։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ