News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Կարծում եմ, որ մինչեւ տարեվերջ ինֆլյացիայի հետ կապված իրադարձությունների զարգացման լավ սցենարներ պետք չէ սպասել։ Կանխատեսում եմ, որ գնաճը կարող է կազմել 11-12 տոկոս։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց տնտեսագետ Վարդան Բոստանջյանը։ Նա նշեց, որ ինֆլյացիայի աճը վկայում է այն մասին, որ տնտեսությունը վատ վիճակում է, իսկ մնացած բոլոր տնտեսական ցուցանիշները, որոնք դրական են ներկայացվում, ակտուալ չեն։ «Իշխանությունների հայտարարած թվերը իրականության հետ որեւէ կապ չունեն։ Նրանք պարզապես ցանկանում են հնարավորինս գունեղ նկարագրել տխուր իրականությունը։

Եթե ​​երկրում կա անկառավարելի կամ աճող ինֆլյացիա, դա նշանակում է, որ տնտեսական հարցերը կա՛մ չեն լուծվում, կա՛մ վատ են լուծվում»,- հավելեց փորձագետը։ Ինֆլյացիան, ըստ Բոստանջյանի, կարելի է զսպել նոր, ժամանակակից աշխատատեղերի ստեղծման, տնտեսական ծրագրերի իրականացման, ներդրումների խթանման եւ այլնի միջոցով։ Եթե ​​գործողությունները տրամաբանական են եւ արդյունավետ, ապա դրանք դրական են ազդում ինֆլյացիայի վրա։ «Կենտրոնական բանկը ցանկանում է անել ամեն բան, որպեսզի ինֆլյացիան չխեղդի տնտեսությունը, սակայն միայն դրա գործիքազակամը բավարար չէ այս խնդիրը լուծելու համար»,- ընդգծեց նա։ Փորձագետը պարզաբանեց, որ ընդհանուր առմամբ ինֆլյացիայի վրա ազդում են ինչպես արտաքին, այնպես էլ ներքին գործոնները։ «Գունավոր մետաղների թանկացումը, որոնք կախված են միջազգային շուկաներից, ներկայացվում է որպես ձեռքբերում։

Սակայն դա իրական տնտեսական ակտիվության արդյունք չէ, եւ այս դեպքում չի կարելի խոսել իրական տնտեսական աճի մասին։ Չգիտես ինչու, ծառայությունների ոլորտում շրջանառության աճը նույնպես ներկայացվում է որպես զարգացում», - եզրափակեց Բոստանջյանը։ Ինչ վերաբերում է տնտեսական աճի ցուցանիշին, ապա նախորդ տարվա համեմատ տարբերությունը, նրա խոսքով, աննշան է լինելու։ Հիշեցնենք, որ ՀՀ Կենտրոնական բանկի կանխատեսումների համաձայն՝ 2021 թվականին տնտեսական աճը կկազմի 4.2 տոկոս, իսկ ինֆլյացիան կլինի 8.4 տոկոսի մակարդակում։ Նույն Կենտրոնական բանկի կանխատեսումների համաձայն՝ 2022 թվականին տնտեսական աճը կկազմի 5.3 տոկոս։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ