News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 28
USD
448.18
EUR
479.46
RUB
6.83
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է, որ ընդհանուր առմամբ Ղարաբաղում ռուս խաղաղապահները կատարում են իրենց առաջադրանքը, թեեւ նրանց ներկայացնելու որոշ հիմնավորված պահանջներ կան, հաղորդում է «Ինտերֆաքսը»։

«Ինձ թվում է, որ պետք է ավելի լայն պրիզմայով նայել խաղաղապահների գործունեությանը, եւ, իհարկե, այստեղ շատ նյարդայնացնող պահեր կան։ Բայց միեւնույն ժամանակ անարդար կլիներ չհիշատակել նրանց դրական գործառույթների մասին։ Այժմ նրանք կարեւոր առաջադրանք են կատարում։ Նրանք ուղեկցում են ինչպես մեր զինվորականների, այնպես էլ Քելբաջարի եւ Լաչինի շրջաններ բեռների ուղարկումն ու փոխադրումը, եւ սկզբունքորեն կարող եմ ասել, որ ընդհանուր առմամբ դրական եմ գնահատում խաղաղապահների գործունեությունը»,- ադրբեջանական հեռուստաալիքներին տված հարցազրույցում ասել է Ալիեւը։

Նա նշել է, որ անցյալ տարի ադրբեջանա-ռուսական հարաբերություններն ավելի ինտենսիվ են դարձել։ «Անցնող տարին շատ բան պարզեց, միեւնույն ժամանակ Ռուսաստանի հետ մեր հարաբերություններում ի հայտ եկավ նոր տարր, որը նախկինում չկար։ Ադրբեջանա-ռուսական հարաբերությունները միշտ էլ շատ դրական են եղել։ Բայց անցյալ տարի մեր հարաբերություններն ավելի դինամիկ դարձան, ավելի շատ շփումներ եղան տարբեր մակարդակներում, այդ թվում՝ նախագահների մակարդակով»,- ընդգծել է Ալիեւը։

Ալիեւի խոսքով, միաժամանակ «Բաքուն ռուսական կողմին բազմիցս պահանջներ է հայտնել ապօրինի այցերի մասին ադրբեջանական տարածքներ, որոնք գտնվում են խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում»։

«Մենք մեկ անգամ չէ, որ պաշտոնապես մեր դժգոհությունն ենք հայտնել անօրինական այցերի կապակցությամբ։ Մեր պաշտպանության նախարարը մեկ անգամ չէ, որ նամակներ է հղել իր ռուս գործընկերոջը, ինչպես նաեւ դժգոհություն է հայտնել խաղաղապահ առաքելության ղեկավարից։ Նման քայլեր են ձեռնարկվել նաեւ Վալերի Պեկրեսի (Ֆրանսիայի նախագահի թեկնածու Ադրբեջանի Խանքենդի քաղաք) անօրինական այցի ժամանակ։ Մեզ պատասխանեցին, որ իրենք (խաղաղապահները), իբր, աչքաթող են արել, չեն իմացել, ասացին, որ Պեկրեսը սովորական մեքենայով է եկել եւ այլն։ Ես կասեմ այնպես, ինչպես կա՝ դժվար է դրան հավատալ: Այս այցը կազմակերպված էր, քանի որ Պեկրեսը չի կարողացել իր հետ տանել նրանց, ում ուզում էր, նրան ուղեկցել են սահմանափակ թվով մարդիկ։ Նրա հետ միասին եղել են Ֆրանսիայի նախկին արտգործնախարարը, եվրահանձնակատար Բարնյեն եւ եւս մեկ պատգամավոր։ Նրանք թաքուն գնացել են այնտեղ ու վերադարձել են, իսկ նրանց այցի մասին լուրը հայտնի է դարձել միայն վերադարձից հետո։ Նրանք հավանաբար վախեցել են, որ մենք իրենց կկալանավորենք Լաչինի միջանցքում»,- ընդգծել է Ալիեւը։

Նա նշել է, որ եթե Բաքուն իմանար այս անօրինական այցի մասին, ապա Պեկրեսին ու նրա ուղեկիցներին բաց չէին թողնի Ադրբեջանի տարածքից։ «Եթե իմանայինք, որ նրանք այնտեղ են, միանշանակ չէինք թողնի, որ վերադառնան։ Լաչինի միջանցքը մեր վերահսկողության տակ է։ Դուք եղել եք Շուշիում ու տեսել եք դա։ Մենք կարող ենք այնտեղ կանգնեցնել ցանկացած մեքենա, եւ ոչ ոք մեզ ոչինչ չի կարող ասել։ Ուստի նման դեպքերը բացարձակապես անընդունելի են եւ պետք է դադարեցվեն»,- դժգոհել է Ալիեւը։

Ալիեւը նշել է, որ իր ունեցած տեղեկությունների համաձայն՝ Ղարաբաղ ժամանող Հայաստանի ներկայացուցիչները խաղաղապահներին են դիմում օտարերկրացիների այցի համար։ Նրանց կամ թույլատրում են, կամ՝ ոչ։ Մոռանալով Պեկրեսի այցի անսպասելիության մասին հենց նոր ասվածը, Ալիեւը վստահեցրել է, որ ադրբեջանական կողմը գիտի, թե ինչ է կատարվում մուտքի եւ ելքի մոտ, Ստեփանակերտում, ինչպես նաեւ նրա մերձակայքում։ «Հետեւաբար, մեզանից ինչ-որ բան թաքցնելը, անտեղյակ ձեւանալը լուրջ չէ»,- հայտարարել է նա։

Նրա խոսքով՝ ադրբեջանական կողմը լիարժեք տեղեկատվություն ունի խաղաղապահների պատասխանատվության գոտի մտնող մարդկանց ու մեքենաների թվի մասին։ «Մենք գիտենք եւ՛ մեքենաների, եւ՛ մարդկանց թիվը, գիտենք, թե քանի մարդ է մտել կամ դուրս եկել։ Մեր տվյալներով՝ պատերազմի ժամանակ այս տարածքները լքած 38 000 մարդ հետ է վերադարձել, իսկ նրանցից 11 000-ն ընդմիշտ հեռացել է այս վայրերից։ Նշված տվյալներով՝ ներկայումս ռուս խաղաղապահների վերահսկողության գոտում բնակվում է 27 000 մարդ»,- ասել է նա։

Ալիեւը նաեւ նշել է, որ չնայած վերոհիշյալ պահանջներին, ինքը դրական է գնահատում խաղաղապահների աշխատանքը։ «Ոչ մի լուրջ միջադեպ չի եղել։ Միջադեպեր եղել են միայն հայ-ադրբեջանական սահմանին»,- եզրափակել է նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ